Երեւանում վախճանվել է Գարեգին Լեւոնյանը


28-09-1947   | Հայաստան  |  Մահվան տարելիցներ

1947թ.սեպտեմբերի 28 -ին  Երեւանում վախճանվել է աշուղ Ջիվանու որդի, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, «Գեղարվեստ» հանդեսի հիմնադիր ու հրատարակիչ, պրոֆեսոր Գարեգին Լեւոնյանը: 

 

Գարեգին Լևոնյան (ծածկանունները` Գ.Լ., Գոշ, Գրասեր, Լ., Ճռինչ, Մեֆիստոֆել, Շավարշ, Վաղինակ, 1872, նոյեմբերի 6 - 1947, սեպտեմբերի 28), հայ գրականագետ, արվեստաբան, պրոֆեսոր, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1932), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից: Գուսան Ջիվանու որդին է:
 
Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի) քաղաքում: Սովորել է տեղի Ս. Փրկչի չորեքդասյան դպրոցում: 1897-ին ավարտել է Պետերբուրգի արվեստների ակադեմիան: 1902-06-ին գեղարվեստի պատմություն և նկարչություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1906-ին սովորել է Լայպցիգում: Թիֆլիսում հիմնադրել և խմբագրել է «Գեղարվեստ» հանդեսը (1908-22): Այստեղ նա բացել է նկարչական դասընթացներ և դպրոցների համար պատրաստել նկարչության ուսուցիչներ, կազմել և հրատարակել դասագրքեր («Հայկական վայելչագրություն և գեղագրություն», Թիֆլիս, 1908, «Գծագրություն և նկարչություն», Թիֆլիս, 1909): 1910-11-ին դասավանդել է Ներսիսյան դպրոցում, խորհրդային իշխանության տարիներին` Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հայաստանում նրան առաջինն է շնորհվել արվեստի վաստակավոր գործչի կոչումը (1932):
Մահացել է Երևանում:


Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից