Ծնվել է ճանաչված ֆիզիկոս, ակադեմիկոս Ռուդոլֆ Մուրադի Մուրադյանը


19-06-1936   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1936 թ. հունիսի 19-ին ծնվել է  ճանաչված ֆիզիկոս, ակադեմիկոս Ռուդոլֆ Մուրադի Մուրադյանը:

Նա ժամանակակից հայ խոշորագույն ֆիզիկոսներից է: Լինելով ֆիզիկոս-տեսաբան, զգալի ներդրում ունի նաեւ աստղաֆիզիկական խնդիրների լուծման մեջ: Ծնվել է  Երեւանում: Ավարտել է Մոսկվայի պետ. համալսարանը (1959): 1962-ին հաջողությամբ պաշտպանել է ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածուական թեզը: 1962-79-ին աշխատել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) տեսական ֆիզիկայի լաբորատորիայում (1966-ից` որպես ավագ գիտաշխատող), 1970-ին պաշտպանել է ֆիզ.-մաթ. գիտ. դոկտորական թեզ, արժանացել է պրոֆեսորի կոչման, 1979-86-ին եղել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ճառագայթային հետազոտությունների բաժնի վարիչ: 1984-1995-ին աշխատել է Բյուրականի աստղադիտարանում որպես առաջատար գիտաշխատող: Այնուհետեւ մեկնել է Բրազիլիա եւ աշխատում է Բայայի դաշնային համալսարանի ֆիզիկայի ինստիտուտում:

Մուրադյանի աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկների տեսությանը, Տիեզերքի մեծածավալ կառուցվածքին, տիեզերաբանությանը, գերխիտ նյութի տեսությանը, տիեզերածնության եւ մաթեմատիկական ֆիզիկայի խնդիրներին: Զբաղվել է տարրական մասնիկների բարձրագույն սիմետրիաների հարցերով: Ելնելով տարրական մասնիկների փոխազդեցությունների հատկություններից` առաջարկել է մասշտաբային ինվարիանտության վարկածը բարձր էներգիաների ֆիզիկայում, որից մասնավորապես բխում է, այսպես կոչված, քվարկային հաշվի բանաձեւը: Քննարկել է աստղերի, գալակտիկաների եւ Տիեզերքի առաջացումը նախնական հադրոնից, ինչպես նաեւ Տիեզերքում պտույտի առաջացման եւ մագնիսական դաշտերի կապը: ՈՒսումնասիրել է մագնիսական դաշտերի առաջացման եւ գերխիտ Տիեզերքի, ինչպես նաեւ տիեզերաբանական հաստատունի եւ Տիեզերքի պտույտի միջեւ կապը: Մուրադյանի առաջարկած տիեզերածնության վարկածը, կապված Վ.Հ. Համբարձումյանի տիեզերածնության տեսության հետ, թույլ է տալիս բացատրել տիեզերական օբյեկտների (աստղեր, գալակտիկաներ եւ այլն) պտույտի առաջացումը քանակական առումով` հիմնվելով տարրական մասնիկների ֆիզիկայում հայտնի` պտտման մոմենտի եւ զանգվածի միջեւ գոյություն ունեցող կապի վրա: Նշված աշխատանքների արդյունքում Մուրադյանը հրապարակել է ավելի քան 100 գիտական հոդված, այդ թվում` ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի միջազգային հեղինակավոր ամսագրերում: Մուրադյանը Լենինյան մրցանակի դափնեկիր է (1988): 1994-ին ընտրվել է Վատիկանի ակադեմիայի (Pontificia Academia) անդամ, իսկ 1996-ին` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից