1879թ. հունիսի 17 - Ծնվել է բանասեր, հայագետ, մանկավարժ, սփյուռքահայ հասարակական գործիչ Արշակ Ալպոյաճյանը


17-06-1879   | Թուրքիա  |  Ծննդյան տարեդարձեր

1879թ. հունիսի 17 - Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում ծնվել է բանասեր, հայագետ, մանկավարժ, սփյուռքահայ հասարակական գործիչ Արշակ Ալպոյաճյանը: (Վախճ. 1962 թ.):

Նախնական կրթությունը ստացել է Պերպերյան վարժարանում, ապա ուսումը շարունակել է Կենտրոնական վարժարանում, ավարտել 1899-ին։ 1901-ին «Բազմավեպում» տպագրել է վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի մասին մի հետազոտություն, որը լույս է ընծայել նաև առանձին գրքույկով։ Այդ տարիներից աշխատակցել է «Մասիս», «Ծաղիկ», «Բյուզանդիոն» պարբերականներին, գերազանցապես պատմա-բանասիրական հոդվածներով։

 
Նրա գրիչը առավել բեղմնավոր է դարձել օսմանյան սահմանադրությունից հետո։ 1910-ին լույս է ընծայել ընդարձակ ուսումնասիրություն, նվիրված Ազգային սահմանադրության 50-ամյակին։ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում և նրան հաջորդող տարիներին, մինչև 1922-ը պաշտոնավարել է Եսայան վարժարանում ` որպես պատմության ուսուցիչ։ 1922-ին մեկնել է Հունաստան, աշխատել Քորֆուի ամերիկյան որբանոցում, միաժամանակ աշխատակցել է Կ. Պոլսի «Վերջին լուր» թերթին, որպես նրա շրջիկ թղթակիցը։ 1923-ին մեկնել է Եգիպտոս, պաշտոնավարել Կահիրեի Գալուստյան վարժարանում որպես ուսուցիչ։
 
Հրատարակել է ծավալուն մենագրություններ, որոնցից հիշատակության արժանի են մասնավորապես հետևյալները «Սրբուհի Տյուսաբ» (Վենետիկ, 1901), «Գրիգոր Զոհրապ - իր կյանքը և իր գործը», (Կ. Պոլիս, 1919), «Մինաս Չերազ» (Կահիրե, 1927), «Պատմություն հայ Կեսարիո» (Ա-Բ հատորներ, Կահիրե, 1937), «Գրիգոր Կեսարացի պատրիարք և իր ժամանակը» (Երուսաղեմ, 1936), «Թորգոմ պատրիարք Գուշակյան» (Կահիրե, 1940), «Պատմություն հայ գաղթականության» (Ա. հատ., Կահիրե, 1941, Բ հատ., 1955, Գ հատ., 1961), «Պատմություն Եվդոկիո հայոց» (Կահիրե, 1952), «Պատմություն հայ դպրոցին» (Ա հատ., Կահիրե, 1947), «Պատմական Հայաստանի արտաքին և ներքին սահմանները» (Կահիրե, 1950), «Արաբական միացյալ հանրապետության Եգիպտոսի նահանգը և հայերը» (Կահիրե, 1960), «Հուշամատյան Կուտինահայերու» (Բեյրութ, 1960) և այլն։
1936-37-ին Կահիրեում հրատարակել է «Ազատ միտք» շաբաթաթերթը։[
 


Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից