1878թ. հունիսի 1-Տեղի է ունեցել Բեռլինի կոնգրեսը


01-06-1878   |   |  

1878թ. հունիսի 1-Սկսվել է Բեռլինի կոնգրեսը, որի աշխատանքները շարունակվել են մինչեւ հուլիսի 1-ը: Բեռլինի պայմանագրում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված` 61-րդը: «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ եւ ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից: Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»,-ասվում էր 61-րդ հոդվածում: Այսպես Հայկական հարցը վճռվել է առանց հայերի մասնակցության: 61-րդ հոդվածը եւս թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայկական մարզերում բարեփոխումներ անցկացնել, ապահովել հայերի անվտանգությունը, բայց այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա: Դա վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին: Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից եւ ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար: Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» եւ «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով: Այսինքն` օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու նախորդ կոնֆերանսի ձեւակերպումից:

Ռուսաստանին էր մնում միայն Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում էին Թուրքիային: Արեւմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»:

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից