Ծնվել է գրականագետ, գիտնական Պողոս Մակինցյանը


20-04-1884   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1884 թ. - Երեւանի նահանգի Ներքին Ագուլիս գյուղում ծնվել է գրականագետ, գիտնական Պողոս Մակինցյանը: Եղել է ՀԽՍՀ ներքին գործերի, ապա լուսավորության ժողկոմ, դիվանագիտական աշխատանքներ է կատարել Թուրքիայում եւ Իտալիայում: 1937 թ. անհիմն բռնադատվել է, իսկ 1938 թ. գնդակահարվել բանտում:

1906-ին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1912-ին` Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: 1910-1912-ին Մոսկվայում Վահան Տերյանի և այլոց հետ հրատարակել է «Գարուն» ալմանախը: Համալսարանն ավարտելուց հետո 1915-ին հրավիրվել է Էջմիածին և գրականության դասեր տվել Գևորգյան ճեմարանում: Ապա փոխադրվել է Երևան և ռուսաց լեզու դասավանդել թեմական և Գայանյան դպրոցում: 1918-ին մեկնել է Մոսկվա: Այստեղ աշխատել է ՌՍՖՍՀ ազգությունների ժողկոմատում որպես ժողկոմի տեղակալ` հայկական գործերի գծով, 1919 - 1920-ին` ՌՍՖՍՀ լուսավորության ժողկոմատի ազգային փոքրամասնությունների բաժնի վարիչ, 1920 - 1921-ին Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի` ազգային փոքրամասնությունների մամուլի բյուրոյի վարիչ: 1921-ին, Ալեքսանդր Մյասնիկյանի առաջարկությամբ տեղափոխվել է Հայաստան, նշանակվել ներքին գործերի ժողկոմ, միաժամանակ աշխատել որպես ժողկոմխորհի նախագահի տեղակալ: 1919-ին հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, որը ավարտին չի կարողանում հասցնել՝ փորձում էր հայերենի ուղղագրությունը դարձնել լատինատառ: 1921 - 1922-ին եղել է Հայաստանի լուսավորության ժողկոմ: 1922 - 1925-ին դիվանագիտական աշխատանք է կատարել Կ. Պոլսում, 1925 - 1927-ին` Միլանում և Փարիզում: Կյանքի վերջին տարիներին եղել է ՍՍՀՄ ԳԱ Անդրկովկասյան մասնաճյուղի գիտական քարտուղարը: 

Պողոս Մակինցյանի գրականագիտական հոդվածները ցրված են պարբերական մամուլում և առանձին հրատարակությունների առաջաբաններում: Դրանցից է «Գարուն» ալմանախի (Մոսկվա) 1912-ի համարում տպագրված «Դիմագծեր» հոդվածը, որը նվիրված է Հովհաննես Թումանյանին և Ավետիք Իսահակյանին: 1916-ին «Մշակ» թերթում տպագրվել է նրա «Գրական մանրուքներ» հոդվածաշարը: Մակինցյանը օգնել է Մաքսիմ Գորկուն` «Հայ գրականության ժողովածու»-ի (լույս է տեսել ռուսերեն, 1916-ին) կազմման ժամանակ: Նա օգնել է նաև Վալերի Բրյուսովին «Հայաստանի պոեզիա» անթոլոգիան կազմելու համար: Կազմել, հրատարակության է պատրաստել Վահան Տերյանի երկերի ժողովածուի չորս հատորյակը (1923-1925): Հայերենից ռուսերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի «Գիքորը», Շիրվանզադեի «Քաոս»-ը, Գուրգեն Մահարու «Մանկություը», Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուրը»:



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից