Զոհվել է Ալեքսանդր Մյասնիկյանը


22-03-1925   |   |  Մահվան տարելիցներ

1925 թվականի մարտի 22 -ին Թիֆլիսի մոտ, ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել են Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալեքսանդր Մյասնիկյանը, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլեւսկին եւ ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթարբեկյանը:


Ալեքսանդր Մյասնիկյանը ծնվել է Նոր Նախիջեւանում: Եղել է ոչ միայն ռազմակուսակցական գործիչ, այլեւ՝ գրականագետ: Հեղափոխական եւ գրական ծածկանունն է եղել Մարտունի: Սովորել է Լազարյան ճեմարանում, ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1905թ. մասնակցել է հոկտեմբերյան համառուսաստանյան գործադուլին եւ դեկտեմբերյան զինված ապստամբությանը: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ռազմաճակատի զինվորական կոմիտեի անդամ, ստեղծել բոլշեւիկյան ինքնուրույն կազմակերպություն:

Կուսակցական-վարչական գործունեություն է ծավալել Բելառուսում /կոմկուսի առաջին քարտուղար/: Եղել է Մոսկվայի քաղաքային եւ նահանգային կոմիտեների առաջին քարտուղար:

Այն ժամանակ, երբ Կարմիր բանակը գրավել էր Երեւանը եւ Կասյանի ղեկավարած հեղկոմը կորցրել էր իր հեղինակությունը, Մոսկվայից Կովկաս ուղարկվեց Ալ. Մյասնիկյանը: Նա իր հետ բերել էր Վ.Ի.Լենինի նամակը:

Դիմելով Կովկասի կոմունիստներին՝ Առաջնորդը պահանջում էր. «...Ավելի դանդաղ, ավելի զգուշավոր, ավելի սիստեմատիկ փոխանցում դեպի ընկերվարություն. ահա թե ինչ է հնարավոր ու անհրաժեշտ: Աշխատել միանգամայն բարելավել գյուղացու վիճակը եւ ձեռնարկել էլեկտրականացման, ոռոգման խոշոր աշխատանքը...»:

Ստանձնելով Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկը, վարելով ավելի մեղմ եւ շինարար քաղաքականություն, իրեն գործակից ունենալով լուսամիտ եւ հայրենասեր մարդկանց, Մյասնիկյանը հնարավորություն տվեց հայ ժողովրդին՝ շունչ քաշել եւ զբաղվել ստեղծագործ աշխատանքով: Նրա պաշտոնավարության ընթացքում Պարսկաստանից վերադարձավ Հայաստանից տարագրված մտավորականության ստվար մասը՝ Ալ. Թամանյանի գլխավորությամբ:

Մյասնիկյանը պաշտոնավարեց մինչեւ 1922թ., երբ ստեղծվեց Անդրֆեդերացիան, այստեղ եւս նա ղեկավար-բարձր պաշտոններ զբաղեցրեց:
Մյասնիկյանը մեր այն վարչապետների թվում է, ովքեր սերտորեն կապված էին ժողովրդին եւ նրա ստեղծած գիր ու գրականությանը: Նա խմբագրել է շուրջ տաս անուն թերթ, մտերիմ է եղել Չարենցի եւ այլ անվանի մտավորականների հետ, գրել է գրականագիտական մի շարք հոդվածներ:

Ողբերգական էր Մյասնիկյանի կյանքի ավարտը. 1925թ. Աթարբեկյանի եւ Մոգիլեւսկու հետ նա ինքնաթիռով Սուխումի էր մեկնում ներկա լինելու Աբխազիայի խորհուրդների համագումարին: Ինքնաթիռը Սուխումի չհասավ. օդում այրվեց: Երեքն էլ զոհվեցին:

Կան տեսակետներ, թե դա կազմակերպված էր, եւ ավիավթարի կազմակերպիչներից մեկն ինքը՝ Լավրենտի Բերիան էր, որն այդ ժամանակահատվածում կարողացավ շատ հայտնի գործիչների եւ մտավորականների մեղադրել «տրոցկիզմի, ժողովրդի թշնամու եւ հակահեղափոխական» լինելու մեջ՝ շատ հաճախ անձամբ ստորագրելով նրանց դատավճիռը: Խորհրդային Միության կայացման առաջին օրերին իսկ «Կոմունիստական ողջույններով» իր «զինակիցներին» գրած նամակներում ՈՒլյանով Լենինը իր սիրելի Կոբային /Ստալինին/ եւ Զինովեւին գրում էր. «Պետք է խրախուսել տեռորի եռանդը եւ զանգվածային բնույթը»: Նրա «զինակիցներն» այդպես էլ վարվում էին՝ խորհուրդներում ստեղծելով համայնական մահվան ու վախի մթնոլորտ, որի առաջին զոհերից էր լուսավոր այդ գործիչը՝ Մյասնիկյանը:
 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից