Վախճանվել է անվանի հայդուկապետ Աղբյուր Սերոբի կինը և զինակիցը` Սոսե Մայրիկը


09-02-1952   |   |  Մահվան տարելիցներ

1952 թ. փետրվարի 9-ին վախճանվել է անվանի հայդուկապետ Աղբյուր Սերոբի կինը և զինակիցը` Սոսե Մայրիկը (Վարդանյան Սոսե): Աճյունը Եգիպտոսից տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում: (Ծնվ. 1865 թ.):

 

 

 
Ծնվել է 1865թ. Արևմտյան Հայաստանի Տուրուբերան նահանգի Խլաթ գավառի Սոխորդ գյուղում: 13 տարեկանում ամուսնացել է Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Սերոբ Աղբյուրի հետ։
1890-ականերին ամուսինը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն իր Հակոբ զավակի հետ մնում է Սոխորդում։ 1895 թվականին, երբ Սերոբը վերադառնում է Խլաթ և սկսում քարոզել «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք», Սոսեն նրա կողքին էր: Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ իրենց ընտանիքներից։ Սակայն Սոսեն մնացել է իր ամուսնու հետ և բաժանել վտանգներով լեցուն նրա աստանդական կյանքը։
 
1899 թվականին Սերոբի թաքստոցն էր Գեալիգուզան գյուղը։ Մի հայ դավաճան ոչ միայն մատնում է Սերոբին, այլև նրա ծխախոտի մեջ թույն դնելով՝ թունավորում նրան: Երբ թշնամին պաշարում է գյուղը, Սերոբն այնքան տկար էր, որ ոտքի վրա չէր կարող մնալ։ Սոսեն ամուսնուն թևանցուկ գյուղից հանում է դուրս՝ դեպի մոտակա լեռը։ Կնոջ օգնությամբ Սերոբն ութ ժամ անընդմեջ մարտնչում է թշնամու դեմ։ Երբ թուրքական գնդակը վերջ է տալիս ամուսնու կյանքին, Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը և շարունակում կռվել։ Այս մարտի ժամանակ սպանվում է նաև Սոսեի և Սերոբի անդրանիկ որդին՝ Հակոբը։ Թեև վիշտն արճճի պես ճնշում էր նրա կուրծքը, սակայն արցունքները կուլ տալով՝ Սոսեն կրակում էր, հա՜ կրակում։
Սոսե Մայրիկի քանդակը Ջերմուկքաղաքում (հեղինակ` Հովհաննես Մուրադյան)

 

Անհավասար մարտում թուրքերին հաջողվում է գրավել լեռնալանջը, կտրել անկենդան Սերոբի գլուխը և որպես ավար՝ տանել իրենց հետ։ Թուրքերը գերի են վերցնում գրեթե անկենդան Սոսեին և նրան նետում են Բաղեշի բանտ։ Այստեղից ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1952թ. վախճանվում է։ 1990–ականերին նրա աճյունը տեղափոխվել և հողին է հանձնվել Եռաբլուրում։
Սոսե մայրիկի մասին ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել։


Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից