Հետազոտական ցուցահանդես՝ «Թարգմանության արվեստագետը. Վիգեն Թադևոսյան» խորագրով

29-05-2015 19:00   | Հայաստան  |  Մշակույթ
Մայիսի 29-ին՝ ժամը 19:00-ին The Club ակումում բացվելու է  «Թարգմանության արվեստագետը. Վիգեն Թադևոսյան» հետազոտական ցուցահանդեսը։
 
Ցուցահանդեսը հիմնված է արվեստագետ Վիգեն Թադևոսյանի թարգմանական գործունեության շուրջ արված հետազոտական աշխատանքի վրա:
 
Վիգեն Թադևոսյանը ծնվել է 1943թ. Երևանում։ 1970թ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի էսթետիկայի ֆակուլտետը։ 1981-1984թթ. եղել է Գարուն ամսագրի գեղարվեստական խմբագիրը։ 1990-2000-ական թվականներին հանդես է եկել նաև որպես համադրող, այդ թվում՝ 1995թ․ Գերմանիայի Բոխում քաղաքում Հայաստան. հինավուրց մշակույթի երկրի վերաբացահայտումը ցուցահանդեսում: 1996-2001թթ. «Աննա Հովնանյան» արվեստի դպրոցում վարել է արդի արվեստի պատմության մասին դասընթացաշար և ունեցել մեծ ազդեցություն Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման վրա։
«Թարգմանության արվեստագետը. Վիգեն Թադևոսյան» ցուցահանդեսի նախաձեռնությունն ու համաֆինանսավորումը իրականացրել է Ակումբը (The Club): Գործընկերներն են Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը և Ժամանակակից արվեստի ինստիտուտը: Ծրագիրն իրականացվում է «Հարավային Կովկասում արվեստի և մշակույթի տարածաշրջանայաին ծրագրի» շրջանակներում հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
 
Ցուցահանդեսի համադրողներ՝ Աննա Ժամակոչյան, Նարէ Սահակյան Հետազոտական խորհրդատու՝ Վարդան Ազատյան
 
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 29-ը.ամեն օր, ժամը 10:30-23:30, Թումանյան 40
 
 
Ստորև ներկայացնում ենք ցուցահանդեսի կոնցեպտը
 
Թարգմանության արվեստագետը. Վիգեն Թադևոսյան
 
Թարգմանությունը հաճախ կապված է կարիքի հետ, որն ի հայտ է եկել «ես»ի և «ուրիշ»ի միջև խզումից: Հարաբերվելու հարցը թարգմանության հարց է: Ե՞րբ է արվեստագետը թարգմանություն անում՝ որպես արվեստային արարք. երբ կա խզման հետ աշխատելու իրադրություն։
 
Վիգեն Թադևոսյանը թարգմանիչ արվեստագետ է: Նրա արվեստային հիմնական խնդիրը «ինքնա-ճանաչումն» է, իսկ թարգմանությունը՝ ինքնաճանաչման հասնելու հիմնական աշխատելաեղանակ: Թարգմանությունը ենթադրում է մտնել տարբեր լեզուների (արվեստ, փիլիսոփայություն, գրականություն և այլն) հյուսվածքների խորքն ու դրանց միջև անցկացնել նոր կապեր։ Կատարել փոխադրումներ և մեկնաբանություններ, որն իր հերթին ենթադրում է «ընդարձակել կյանքը»։ Այս մտավոր հոսքերը արվեստին տալիս են կենսունակություն «ես»ի և «ուրիշ»ի միջև խզման իրավիճակում:
 
Մեկնաբանելը նոր իմաստի կառուցումն է, ինչը հնարավոր է դառնում լեզվի հյուսվածքների բնույթն ու միմյանց հետ աշխատանքը հիմնավորապես ճանաչելով: Արվեստի՝ որպես լեզվի հետ նման հարաբերության արդյունքում Թադևոսյանը ինտուիտիվ, զգայական ընկալումից արվեստը փոխադրում է մտածումի հարթություն: Փիլիսոփայական մտքի կենտրոնականացումը և թարգմանությունը որպես ինքնաճանաչման ռազմավարություն դիտարկելը Վիգեն Թադևոսյանի ստեղծագործության հանգուցակետերն են:
 
Այդուհանդերձ, որքան էլ այս մոտեցումը կապվում է Թադևոսյանի հետ, լայն իմաստով, այն բնութագրական էր նաև այն համատեքստին, որտեղ աշխատում էր Թադևոսյանը: Եվրոպական մտքի հետ հարաբերությունը, դրա հետ տեղում աշխատանքը, որքան կարևոր էր Թադևոսյանի, այնքան էլ ուշխորհրդային այլընտրանքային ավանդույթի համար: Այս իրավիճակում թարգմանության ռազմավարությունը արվեստագետին կարող է բերել մեկնաբան–հաղորդողի հարթություն և օժտել նրան ուսուցչի կարգավիճակով։ Վիգեն Թադևոսյանը, այս իմաստով, ուսուցիչ էր, ինչպես իր մտերիմներն են ասում, «հասկանալու ուսուցիչ»։
 
Թարգմանության կարիքն այժմ էլ կենսական է: Այս ցուցահանդեսը միտված է դիտարկել արվեստագետի արարքը մեկ խնդրի՝ թարգմանության անկյան տակ և շեշտ դնել այն պահի վրա, երբ արվեստագետը դառնում է թարգմանիչ, իսկ թարգմանությունը՝ արվեստագետի արարք։
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից