Քըրք Քրքորյանի նախաձեռնած Հայոց ցեղասպանությանը մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակմամբ մամուլի ցուցադրությունը

24-04-2017 14:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Ապրիլի 24 Ժամը՝ 14.00, Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա «Խոստումը» ֆիլմի  ցուցադրությունը: Ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:
 
                 Լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլոք: Երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգ «Սարի սիրուն յար»-ի ժամանակակից ներկայացմանը: «Մեծ պատիվ է դառնալ ֆիլմի անմասն ակնդիրն ու ունկնդիրը», - ասել է Թանկյանը: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient): 
           «Խոստումը» օսկարակիր ռեժիսորի կողմից նկարահանված առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով ու նշանավոր դեմքերով:
              Հայաստանում «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունների իրավունքը պատկանում է «Շարմ Հոլդինգ» ընկերությանը, որը նաև իրականացրել է ֆիլմի հայերեն կրկնօրինակման պրոդյուսերական աշխատանքները: «Շարմ Հոլդինգի» նախաձեռնությամբ Հայաստանի հանրային հեռուստաընկերության դերասանական և թարգմանչական բազայի հիման վրա կատարվել է ֆիլմի հայերեն կրկնօրինակումը, որին մասնակցել են Խորեն Լեւոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը,  Դավիթ Հակոբյանը և  այլոք: «Խոստումը» ֆիլմի կրկնօրինակման աշխատանքներին մասնակցել են ոլորտի լավագույն մասնագետները, մի ամբողջ պրոֆեսիոնալ խումբ, որն ապահովել է ֆիլմի կրկնօրինակման աշխատանքների համար անհրաժեշտ ամենաբարձր պահանջները՝ տեխնիկական սպասարկումից մինչև  լիարժեք կրկնօրինակում` մեկ կերպար-մեկ ձայն սկզբունքով: 
                     ֆիլմի տարածման նպատակով Հայաստանում և սփյուռքում գործող համահայկական կառույցները, հասարակական խմբերն ու կազմակերպությունները, ինչպես նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր ջանքեր են գործադրում ֆիլմի համաշխարհային հաջողության ապահովման ուղղությամբ: 
                   Ֆիլմի համաշխարհային առաջնախաղերի ժամանակացույցն ընդգրկում է  ԱՄՆ-ն և Կանադան (ապրիլի 21-ին), Միջին Արևելքի երկրները՝ Բահրեյն, Եգիպտոս, Իրան, Իրաք, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Լիբիա, Օման, Պաղեստին, Քաթար, Սաուդյան Արաբիա, Սուդան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն (ապրիլի 20-ին), Ռուսաստանը (ապրիլի 27-ին), Միացյալ Թագավորությունը (ապրիլի 28-ին), Լեհաստանը (մայիսի 5-ին), Ավստրալիան (մայիսի 25-ին), Թաիլանդը (հունիսի 1-ին), Իսպանիան (հունիսի 2-ին), Բելգիան (հունիսի 14-ին), Նիդեռլանդները (հունիսի 15-ին), Սինգապուրը (հունիսի 22-ին), Հարավային Աֆրիկան (հունիսի 23-ին) և Իտալիան (օգոստոսի 24-ին): 
«Խոստումը» ֆիլմի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք http://www.survivalpictures.org/the-promise/ կայքը: Նպաստե՛ք ֆիլմի վարկանիշի բարձրացմանը՝ թողնելով ձեր կարծիքը՝ www.imdb.com և www.rottentomatoes.com      կայքերում: Սոցիալական ցանցերում #KeepThePromise, #ThePromiseFilm և #NeverStaySilent հեշթեգերով նպաստե՛ք ֆիլմի տարածմանն ու հրավիրե՛ք ձեր ընկերներին և բարեկամներին միանալու քարոզարշավին:
«Շարմ Հոլդինգի» նախաձեռնությամբ ֆիլմը ցուցադրվում է ապրիլի 24-ին, այդ կերպ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այդ օրը մեզ՝ հայերիս համար առավել քան խորհրդանշական ու կարևոր է: 
Հարկե նշել, որ ապրիլի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում,տեղի կունենա նաև  «Խոստումը» ֆիլմի հայաստանյան փակ ցուցադրությունը, որին ներկա կլինեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր: Փակ ցուցադրության կազմակերպիչներն են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և «Շարմ Հոլդինգ» ընկերությունը: 
Հայաստանյան կինովարձույթում ֆիլմը կհայտնվի ապրիլի 27-ից:
Ռեժիսոր-Թերրի Ջորջ
Սցենարի հեղինակ-Ռոբին Սվայկորդ
Դերերում-Քրիստիան Բեյլ,Օսկար Այզեկ,Դանիել Խիմենես Կաչո,Շառլոտ լը Բոն,Շոհրե Աղդաշլու,Ջեյմս Քրոմվել,Ժան Ռենո,Անժելա Սարաֆյան,Մայքլ Ստալ Դավիդ,Ռեյդ Սեբեձիջա,Մարվան Քենզարի,Գևորգ Մալիքյան,Թամեր Հասան,Նուման Աքար,Ստյուարտ Սքուդամոր,Իսմեթ Օգան,Իգալ Նաոր,Ալան Էրնանդես և ուրիշներ:
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից