ՀՅԴ-ն հրավիրում է հանրահավաքի

23-05-2019 19:00:00   | Հայաստան  |  Ակցիա
 
Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները և, հատկապես, դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Ն. Փաշինյանի մոտեցումները կրկին մեր հանրային-պետական կյանքի ալեկոծման պատճառ են դարձել։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում կատարել հետևյալ արձանագրումները.
 - Տարբեր հարցերի վերաբերյալ իշխանությունների չկշռադատված, խնդրահարույց և տարակուսանքի տեղիք տվող որոշումները, այլակարծության ագրեսիվ մերժումը թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ստեղծում, ինչը ջլատում է մեր ժողովրդի հավաքական ներուժը։ 
-Քաղաքական, հանրային դաշտում դավադիրներ և դավաճաններ փնտրելու   մտասևեռումը հարվածի տակ է դնում մեր ազգային անվտանգությունը, համերաշխությունը,  Հայաստան-Արցախ  միասնությունն ու մեր պաշտպանական
համակարգը։
- Վերջին մեկ տարում երկրի քաղաքական իշխանությունն ուներ բավարար լեգիտիմություն, իսկ 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններից հետո լիակատար հնարավորություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում` դատաիրավական համակարգում (դատարաններ, դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն) սկսելու բոլորիս կողմից այդքան սպասվող բովանդակային և խորքային փոփոխությունները։ 
-Ըստ էության չիրացնելով գործող Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ վարչապետին վերապահված լայն լիազորություններն ու պարտականությունները՝ Փաշինյանը  որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն։
 
-Դեռևս մեխանիզմներով և բովանդակությամբ անորոշ անցումային արդարադատության նպատակների համար դատական իշխանության կազմաքանդումը վտանգում է մեր երկրի արդարադատության համակարգը։
Սիրելի՛ հայրենակիցներ, Հ.Յ. Դաշնակցությունը իրավիճակը գնահատում է տագնապեցնող. սխալ ճանապարհով ճիշտ հանգրվանի չենք հասնի։ 
Ստեղծված իրավիճակի և հետևանքների ամբողջ պատասխանատվության հասցեատերը առաջին հերթին իշխանություններն են։ Այնուամենայնիվ, 
ոչ ոք իրավունք չունի դիտորդի կարգավիճակով փաստելու, թե ինչպես է մաշվում ու հյուծվում  պետությունը, թե ինչպես է ոչ խոհեմ  գործելաոճն ու քաղաքական վարքագիծը սասանում մեր պետականության հիմքերը։ 
Համախմբվելու և այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է։ 
Դաշնակցությունը նախաձեռնում է բոլոր կողմերի հետ քննարկել իրավիճակը լիցքաթափելու, պետականաշինության գործընթացը բնականոն հուն տեղափոխելու, ժողովրդի ակնկալած բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիները։
 
Մայիսի 23-ին, ժամը 19:00-ին ՀՅԴ-ն հրավիրում է հանրահավաքի՝ ներկայացնելու առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները։ 
 
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
21.05. 2019
 
 
 
Նոյյան տապան   -   Ակցիա
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 242 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար