Շարունակվում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լիբանան

26-11-2011 16:06:15   | Լիբանան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Ազդակ» օրաթերթի հրապարակման համաձայն, Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Լիբանանի հանրակրթության եւ բարձրագույն կրթության նախարար Հասսան Տիապի հետ: Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթական համակարգերի զարգացման, մշակված կրթական նոր ծրագրերի եւ երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Պաշտոնական հանդիպումից հետո նախարար Արմեն Աշոտյանն իր գործընկերոջն է փոխանցել Հայաստանի Հանրապետության կողմից հատկացված 120 լաբորատոր սարքավորումները եւ նմուշները, որոնք պետք է տրամադրվեն լիբանանյան 120 պետական դպրոցներին: Հանձնման արարողությունից հետո նախարարներ Ա. Աշոտյանը եւ Հ. Տիապը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում երկկողմ հանդիպումը գնահատել են արդյունավետ ու հեռանկարային: Լիբանանի Հանրապետության հանրակրթության եւ բարձրագույն կրթության նախարար Հ. Տիապը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ տրամադրած նվիրատվության համար եւ ընդգծել, որ սարքավորումների կիրառումը կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը: «Այս սարքավորումների շնորհիվ գործնական հիմքերի վրա է դրվում ուսուցման գործընթացը, որը լիբանանցի աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ ընկալել բնագիտության, քիմիայի, կենսաբանության եւ աշխարհագրության վերաբերյալ նյութերը»,- նշել է նախարար Տիապը եւ հույս հայտնել, որ երկու երկրների միջեւ կրթական համագործակցության նոր որակ կձեւավորվի: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի կողմից հատկացված այս նվիրատվությունը խորհրդանշում է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամությունն ու պատմական հարաբերությունները: Նա վսատահություն է արտահայտել Հայաստանի եւ Լիբանանի միջեւ համագործակցության կապերի հետագա զարգացման վերաբերյալ: «Մենք կարեւորում ենք արաբական երկրների հետ համագործակցության ընդլայնումը, ուսանողական կրթաթոշակների տրամադրումը, որը հնարավորություն է տալիս ինչպես միջմշակութային հաղորդակցության, այնպես էլ հայ ուսանողներին արաբերենի իմացությունների զարգացման համար»,- մասնավորապես նշել է նախարարը եւ հավելել, որ Հայաստանի համար կրթության ոլորտը առաջնահերթություն է եւ ՀՀ կառավարությունը գործադրում է ջանքեր դպրոցներն ու համալսարանները երկրի զարգացմանը ծառայեցնելու նպատակով: Նախարար Ա. Աշոտյանը ընդգծել է նաեւ Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքների կարեւորությունը` շեշտելով, որ պաշտոնական այցելության ծրագրերում հատուկ տեղ է հատկացվելու կրթության ոլորտին: ՀՀ ԿԳ նախարարը պաշտոնական այցի շրջանակում այցելել է նաեւ Հայկազյան համալսարան եւ հանդիպում ունեցել տեղի ուսանողության հետ: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստան-Լիբանան կրթական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարային ծրագրերը, ինչպես նաեւ անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող կրթական բարեփոխումների գործընթացին: Նախարարը նշել է, որ բարեփոխումների նպատակը Հայաստանի կրթական համակարգը որակական նոր մակարդակի բարձրացնելն է: «Կրթական նոր կարգեր ներմուծելով’ մենք փորձում ենք փոխել նաեւ ուսանողության մտածելակերպը, մենք համոզված ենք, որ, որակյալ կրթություն ստանալու հարցում ամենաշահագրգիռ անձն ուսանողը պետք է լինի»,- հանդիպման ընթացքում նշել է Ա. Աշոտյանը: Այնուհետեւ Լիբանանում ՀՀ դեսպանատանը ՀՀ ԿԳ նախարարը հանդիպում է ունեցել Լիբանանի հայկական վարժարանների տնօրենների եւ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ : Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր ողջույնի խոսքում կարեւորել է Հայաստանի կրթական գերատեսչության ղեկավարի պաշտոնական այցը Լիբանան, նշելով, որ երկկողմ միջպետական հարաբերություններում կարեւոր նշանակություն է տրվում կրթամշակության ոլորտին: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը ներկաներին տեղեկացրել է երկու նախարարությունների միջեւ կնքված պաշտոնական համաձայնությունների եւ քննարկված բազմաթիվ հարցերի մասին: Հանդիպման ընթացքում Լիբանանի հայկական վարժարանների տնօրենները եւ ուսումնական խորհուրդների անդամները նախարարին ներկայացրել են լիբանանահայ կրթօջախներում առկա խնդիրներն ու դժվարությունները: Ավելի ուշ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է նաեւ Լիբանանի հայկական գաղթօջախի ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում զրույց է ծավալվել է հայկական գաղթօջախի խնդիրների շուրջ: Սփյուռքահայ լրագրողները ՀՀ ԿԳ նախարարաի հետ հանդիպման ընթացքում մտահոգություն են հայտնել Լիբանանի կրթության բնագավառում թուրքական պետության միջամտությունների առնչությամբ, որոնք մասնավորապես դրսեւորվում են քարոզչական բնույթի ագրեսիվ նախաձեռնություններով: ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարեւորել են երկկողմ փոխայցելությունների կազմակերպումը, որը կնպաստի նաեւ միջպետական կապերի զարգացմանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության, որի կազմում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, պաշտոնական այցը կավարտվի նոյեմբերի 27-ին:
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 673 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար