Ուղիղ հեռարձակում. ««Լույս մանուկների աչքերին» - 2012 թ. Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում նվիրված է մանկական կուրության կանխարգելմանը» թեմայով ասուլիսի



12-10-2012 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ
Հոկտեմբերի 12-ին, ժամը՝ 11:00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում տեղի է ունենում ասուլիս՝ նվիրված Տեսողության համաշխարհային օրվան եւ մանկական կուրության կանխարգելմանը: Խոսնակներն են` Նունե Եղիազարյան - Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Մալայան - ՀՀ գլխավոր ակնաբույժ, Հայկական ակնաբուժության նախագծի բժշկական տնօրեն Ռուզաննա Հարությունյան - Մանկական ակնաբույժ, Հայկական ակնաբուժության նախագծի անհասության ռետիոնպաթիայի ծրագրի համակարգող: Թեմայի վերաբերյալ. Տեսողության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի, աշխարհի շուրջ 100 երկրներում, հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը` նպատակ ունենալով բարձրաձայնել տեսողության խանգարումներով եւ կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները: Այս տարի Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) որպես Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումների թեմա ընտրել է մանկական կուրության կանխարգելումը` «Լույս մանուկների աչքերին» խորագրով: Այն առանձնապես կարեւորվում է Հայաստանում «ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի մեկնարկով: Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում նշվելու է միջոցառումների շարքով, որի մասին հետաքրքրված լրատվամիջոցներին առավել մանրամասն տեղեկատվություն կտրվի հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ին, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում կայանալիք ասուլիսին: 2012 թ. Տեսողության համաշհարհային օրը Հայաստանում նվիրված է մանկական կուրության կանխարգելմանը Երեւան, ՀՀ – Հայաստանում Տեսողության համաշխարհային օրը նշելու նպատակով Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) այս ամիս հանդես կգա միջոցառումների շարքով` ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի ու Երեւանի Արաբկիր վ/շ հայորդաց տան համագործակցությամբ: Տեսողության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի, աշխարհի շուրջ 100 երկրներում, հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը` նպատակ ունենալով բարձրաձայնել տեսողության խանգարումներով եւ կուրությամբ տառապող մարդկանց խնդիրներն աշխարհում: «Այս տարի Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում որոշեցինք նշել «Լույս մանուկների աչքերին» խորագրով եւ անդրադառնալ մանկական կուրության կանխարգելման խնդիրներին` վերջերս մեկնարկած ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանակում»,- ասաց ՀԱՆ-ի հայստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանն այսօր կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ: Միջոցառումներն սկսվել են երեկ` հոկտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում, որտեղ ՀԱՆ-ն անց է կացրել մեծահասակների ակնային զննումներ, ինչպես նաեւ տեղի երեխաների ու բնակիչների համար կազմակերպել անակնկալ: ՀԱՆ-ի հրավերով Հացիկ գյուղ էին ժամանել Երեւանի Արաբկիր վ/շ հայորդաց տան սաները, ովքեր գյուղի միջնակարգ դպրոցի բակում անց են կացրել անսպասելի պարային ֆլեշ-մոբ` հրավիրելով բոլորին պարի: Ֆլեշ-մոբը կարող եք դիտել եւ ներբեռնել հետեւյալ հղմամբ http://youtu.be/UK5wmO-JkzM Ընթացքում տեղի բնակիչներին բաժանվել են Տեսողության համաշխարհային օրվան համահունչ ուղերձներով եւ օգտակար տեղեկատվությամբ թերթիկներ, ինչպես նաեւ Անհասության ռետիոնպաթիա ակնային հիվանդությունը նկարագրող հանրակրթական բրոշյուրներ: Հոկտեմբերի 13-ին, ՀԱՆ-ի աջակցությամբ ԱՄՆ-ում վերապատրաստված բժիշկ Լիլիթ Մկրտչյանը հատուկ ակնային զննումներ կիրականացնի Երեւանի թիվ 14 մասնագիտացված դպրոցում սովորող թույլ տեսողությամբ երեխաների համար: Նույն օրը, ՀԱՆ-ը կմիանա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության բարեգործական նախաձեռնությանը Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում, որտեղ դեսպանատան աշխատակիցները կներկեն վերանորոգման կարիք ունեցող տեղի դպրոցի պատուհանները, իսկ ՀԱՆ-ը կիրականացնի ակնային զննումներ եւ հանրակրթական դասընթացներ տեղի բուժանձնակազմի եւ երեխաների համար: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք բարեգործական համերգները կեզրափակեն Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները: Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ միասին երաժշտական հարուստ ծրագրով հանդես կգա աշխարահռչակ ջութակահար Լեւոն Չիլինկիրիանը, ով Երեւան է ժամանելու Մեծ Բրիտանիայից` ՀԱՆ-ի հատուկ հրավերով: Հոկտեմբերի 25-ին Լեւոն Չիլինինկիրիանի եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատարների հետ միասին հանդես կգա նաեւ Քաենի սիմֆոնիկ նվագախմբի (Ֆրանսիա) եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Վահան Մարտիրոսյանը (պիանո): Տոմսերը շուտով կլինեն վաճառքում: Հետաքրքված անձինք պետք է դիմեն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն (հեռ` 010 52 67 18): Համերգից ստացված ողջ հասույթը կուղորդվի Հայաստանում եւ տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելման ծրագրերին: ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն Լույս մանուկների աչքերին Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի (այսուհետ` ԳԿ) առաքելությունն է կանխարգել մանկական կուրությունը` ձեւավորելով ակնաբուժական մասնագիտացված կարողություն Հայաստանում եւ տարածաշրջանում: Կենտրոնը ծառայելու է տարածաշրջանում բժիշկների միջեւ գիտելիքների փոխանակմանը եւ հմտությունների կատարելագործամը: Կենտրոնի տեսլականն է կանխարգելել մանկական կուրությունը Հայաստանում եւ տարածաշրջանում` մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելով երեխաներին: Ներկայումս Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) բժիշկները անց են կացնում նորածին երեխաների ակնային զննումներ եւ անհրաժեշտության դեպքում իրականացնում են լազերային միջամտություն: Այս բուժման միջոցով հիմնականում հնարավոր է լինում կանխել անհասության ռետինոպաթիա (ԱՌ) հիվանդության պատճառով առաջացող կուրությունը: ԳԿ-ի միջոցով կհզորացվի ԱՌ հհիվանդության կանխարգելման եւ բուժման կարողությունները: Բացի այդ կկատարեագործվեն եւ ավելի բազմազան կդառնան ԱՌ եւ նմանատիպ հիվանդությունների բուժման մեթոդները, ինչը հնարավոր կդարձնի ավելի շատ կուրության դեպքեր կանխարգելել: Ծրագրի շրջանակում հայ վիրաբույժները արդեն իսկ վերապատրաստում են անցել ԱՄՆ-ում, ինչպես նաեւ ապահովվել են անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումները եւ մասնագիտական համագործակցության զանազան գործիքները: ԱՄՆ-ից անվանի ակնաբույժների շարունակական ներգրավումը ծրագրի աշխատանքներին կապահովի ամենաբարձր մակարդակի հետազոտություններ եւ բուժում: ԳԿ-ի նպատակն է հասնել ԱՌ բուժման եւ կանխարգելման այնպիսի մակարդակի, որպեսզի այն սահուն անցի արդեն տարածաշրջանային մակարդակի եւ օգնի կանխարգել մանկական կուրությունը հարեւան եւ տարածաշրջանի երկրներում: ՀԱՆ-ը կաշխատի զարգացնել եւ ձեւավորել մասնագիտական կապեր տարածաշրջանում երկողմամնի այցելությունների, կատարելագործամ դասընթացների, օնլայն տարբեր պլատֆորմների միջոցով:
 


Նոյյան տապան   -   Մամուլի սրահ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից