Իմ մուսան կյանքն է. Տիգրան Ասատրյան

24-12-2012 13:40:08   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 

 


 
Օրերս  «Դալան» ցուցասրահում տեղի է ունեցել Տիգրան Ասատրյանի  թվով երրորդ անհատական ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ  2013 թ. հունվարի 10-ը: Այս անգամ նկարիչը  հանրության դատին է հանձնել 23 աշխատանք, որոնք նկարել է վերջին 2 տարում: Իսկ նրա  առաջին եւ երկրորդ  անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1999 թվականին: Նա նկարել սկսել  է դեռ վաղ հասակից եւ ուսանողական տարիներից մինչ այսօր հանրության դատին է հանձնել  մոտ 150 աշխատանք, որոնք պարբերաբար ցուցադրվել են, մասնավորապես, Լիբանանում, Մոսկվայում, Կանադայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Գերմանիայում: Իր համար որպես թալիսման է համարում «Գիշերային հյուրը» նկարը: 
 
Նկարիչը ծնվել է 1968 թվականին Երևանում: Սովորել է Հ. Կոջոյանի անվան Արվեստի դպրոցում, ապա՝ Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայում: 2009 թվականից Հայաստանի Նկարիչների Միության անդամ է: 1995-2003 թվականներին մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, ինչպես նաև ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներԵղել է «Իրատես նկարիչների միության անդամ: 
 
ՆՏ. Նկարչության որ ոճերով եք նկարում:
 
Տիգրան Ասատրյան- Նկարում եմ նկարչության գրեթե բոլոր ոճերով: Բայց ավելի շատ  ինձ գրավում է մարդ անհատն իր հոգեբանությամբ: Շատ ունեմ  դիմանկարներ նկարած, մեծ ուշադրություն եմ դարձնում կոմպոզիցիոն աշխատանքներին:Թեման շատ բազմազան է եւ գրական պերսոնաժներ կան, օրինակ «Սանչո Պանսը», «Դոն Կիշոտը»,  «Տաթեւացի տատիկը»: 
 
ՆՏ.Որքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ, որ հանրության դատին նոր նկար հանձնեք, եւ ինչպես եք ընդունում քննադատությունը: 
 
Տիգրան Ասատրյան. Քննադատությանը վերաբերում եմ շատ նորմալ, եթե այն առողջ քննադատություն է: Քննադատությունից ես քաղում եմ ինձ համար կարեւորը եւ փորձում  այն  օգտագործել: Իսկ նոր նկարներ հանձնում եմ հանրության դատին այն ժամանակ, երբ զգում եմ, որ պատրաստ եմ, քանի որ դա ինքնաբերաբար է ծնվում ինձ մոտ:
 
 ՆՏ- Այս 23 նկարներից, որ այս անգամ ցուցադրել եք, որ նկարն է ձեզ համար ավելի թանկ ու հոգեհարազատ:
 
Տիգրան Ասատրյան. Երեւի թե « Տաթեվացի տատիկ»-ը: Արվեստագետը յուրաքանչյուր իր  աշխատանքում  փորձում է  իր փոքրիկ «ես»-ը դնել,  եւ դա ասես թոքրիկ ծնունդ լինի: Յուրաքանչյուր  նկար քեզ համար շատ թանկ է ու շատ հարազատ, չես կարող ասել որ այս նկարն ավելի լավն է քան նախորդը:
 
ՆՏ. Հեշտ եք բաժանվում ձեր նկարներից:
Տիգրան Ասատրյան. Եվ այո,  եւ`  ոչ: Ոչ՝ որովհետեւ քեզ հարազատ է, այո՝  որովհետեւ, եթե գնահատող կա  քո աշխատանքը, դա էլ իր չափով է արվեստագետին  ուրախացնում:
 
ՆՏ. Որտեղից արվեստի սիրահարները կարող են ձեռք բերել  ձեր նկարները:
 
Տիգրան Ասատրյան. Իմ նկարները վաճառվում են  հիմնականում այն վայրերում, որտեղ ցուցադրվում են: Իմ նկարները պարբերաբար ցուցադրվում են «Դալան» ցուցասրահում  ոչ միայն անհատական ցուցահանդեսով,  այլեւ արվեստանոցում: Ցուցադրվում են նաեւ Նյու Յորքում,   Լիբանանում, Inter ART ցուցասրահում: 
 
 ՆՏ.  Ինչպիսին են ձեր հետագա ծրագրերը:
Տիգրան Ասատրյան. Այսպես չեմ կարող ասել, քանզի ամեն օր էլ ծնվում են նոր մտահղացումներ, նոր կերպարներ, բայց թե երբ կլինի հաջորդ ցուցահանդեսը՝ դժվարանում եմ ասել: Նշեմ, որ իմ մուսան կյանքն է  եւ ես օրվա ցանկացած պահին կարող է վրձին վերցնել եւ սկսել նկարել:
 
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1586 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար