Սեւանի սիգը ոչնչանում է, իշխանը փորձում են պահպանել

05-09-2013 13:56:10   | Հայաստան  |  Հասարակություն
Սևանա  լճում   սիգ  ձկնատեսակը  ոչնչանում  է.  եթե 1980-ական թթ սկզբին Սեւանում    կար  10-12  հազար տոննա սիգ,  1990- ական թթ՝  28-30  հազար տոննա, ապա 2012 թ.  դրությամբ առկա է  ընդամենը  6-8  տոննա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ  կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի  կենտրոնի  տնօրեն  Բարդուխ  Գաբրիելյանը:  
Ըստ նրա,  սիգը սկսեց նվազել դեռևս  2000  ականներին՝ որսագողության պատճառով:  Մոտ  5-6  տարի առաջ  առաջարկվել  էր  արգելել սիգի  որսը, սակայն  որսը շարունակվում է, քանի որ չկա այն արգելող որեւե օրենք:  Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ, “սիգի արհեստական արտադրություն դեռ գոյություն չունի, քանի որ դա բարդ պրոցես է, որովհետև սիգը պահանջում է կենդանի սնունդ”: Սակայն, ըստ նրա, սիգը հնարավոր է փրկել` ապահովելով պատշաճ պահպանություն:
Բ. Գաբրիելյանի բնորոշմամբ,  սիգը ստրատեգիկ նշանակություն ունի ոչ միայն որպես սնունդ, այլև որպես էկոլոգիական կարևոր օղակ, քանի որ նրա կերը հանդիսացող օրգանիզմները՝ մնալով լճում, առաջացնում են ճահճացում: “Կորցնելով սիգը, դանդաղեցնում ենք Սեւանա լճի մաքրման պրեցեսը”,- ասաց նա:
Բ. Գաբրիելյանը նշեց նաև, որ իշխանի 4  ենթատեսակներից  2-ը ոչնչացել է, իսկ 2-ը վերականգնվում է, սակայն, համարել, որ դրանք արդեն վերականգնված են, չի կարելի, քանի որ չկա բնական վերարտադրություն, ինչին էլ նպաստում է որսագողությունը և ձվադրավայր հանդիսացող գետերի անբավարար վիճակը: Այդ իսկ պատճառով, մասնագետի խոսքերով, իշխանը վերականգնում են՝ աճեցնելով ցանցավանդակներում, սակայն դեռեւս  պարզ չէ, թե դա ինչ հետք կթողնի Սևանի ջրի էկոհամակարգի վրա:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից