ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀԵՏ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀԱՄԱՐ

05-09-2013 16:08:04   | Հայաստան  |  Հոդվածներ
ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀԵՏ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀԱՄԱՐ
 


Ծնունդը
«Հայկական միրգը» ստեղծվել է  2011թ-ի նոյեմբերին կառավարության որոշմամբ, վերջինիս կողմից: Կազմակերպությունն ունի բաց բաժնետիրական ընկերության (ԲԲԸ) կարգավիճակ:  Բաժնետոմսերի 100%-ի  տերը  Հայաստանի Հանրապետության կառավարությունն է: Կազմակերպությունը գործում է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի (վավերացվել է Ազգային ժողովի 2011թ. ապրիլի 15-ի ԱԺՈ-269-Ն որոշմամբ) շրջանակներում, որը  «Աջակցություն պտղի և ընկուզենու հատվածի զարգացմանը» բաղադրիչի ենթաբաղադրիչներից մեկը:  «Հայկական մրգին» Էջմիածնի տարածաշրջանում տրամադրվել է 15 հա հողատարածք եւ գրասենյակային տարածք: Սա շահույթ հետապնդող կառույց է և կարող է իրականացնել նաև այլ ծրագրեր և մատուցել խորհրդատվական ծառայություններ: 
 
Նպատակը
Բայց մինչ այլ ծրագրերին անցնելը  առաջիկա 5 տարիներին «Հայկական միրգը» մեր հանրապետությունում տարածելու է աշխարհում ընդունված չափանիշներով այգեգործության մշակություն ու այգեգործական մշակույթ: Իհարկե, այգեգործությունը Հայաստանում ունի հազարամյակների պատմություն, Հայաստանն աշխարհին հայտնի է իր այգեգործությամբ, հայկական համեղ մրգով, բայց համեմատելով մեր այգեգործության մակարդակը աշխարհում այս ոլորտում ընթացող զարգացումներին, ցուցաբերվող մոտեցումներին, գործածվող  սկզբունքներին, տեխնոլոգիաներին, գալիս ենք այն համոզման, որ մեզանում այգու մշակության տեխնոլոգիաները շատ հնացել են, անասելի ետ ենք մնացել: Արդյունքում՝ այսօր մեր գյուղացին չի  կարողանում այգեգործությունից ստանալ այն եկամուտը, որն իրականում հնարավոր է ստանալ, որը ստանում են այլ երկրներում: Թերևս դրա համար էլ կառավարությունը սկսեց կյանքի կոչել այս ծրագիրը, որի նպատակն է աջացել գյուղացուն և այդ ճանապարհին ներդնել հանրապետությունում նոր այգեգործական համակարգեր, նոր տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն կտա գյուղացուն իր այգու մշակությունից շահույթ ստանալ: 
«Հայկական միրգը» ոչ միայն կնպաստի տեխնոլոգիաների ներդրմանը, այլև այգեգործության ոլորտում ամբողջ արժեշղթայի կայացմանը: Որովհետեւ միայն բարձր բերք ստանալով եղած խնդիրները չեն լուծվում: Ստացված բերքն, ի վերջո, պետք է իրացվի եւ իրացման հարցը, թերեւս, ամենակարեւորներից մեկն է մեր ագրոարդյունաբերության  համար: Արտադրություն-իրացում շղթայի բոլոր օղակները պետք է համաչափ աշխատեն: Պետք է հստակ կապ լինի արտադրողի, պահպանողի, վերամշակողի եւ իրացնողի միջեւ: Ծրագիրը նախատեսում  է ստեղծել վերոնշյալ կապերը այնպես, որ նորատունկ այգիների բերք տալն ու արտահանման օղակների աշխատելը համապատասխանեն, համընկնեն:  
 
Տեսություն եւ իրականություն
Ծրագիրը հընթացս մշակվում, հղկվում է, քանի որ սրա նախնական  տարբերակն ավելի «թղթային» էր, բայց իրականությունն իրենն էր  թելադրում և մենք պարտավոր ենք իրավիճակի հետ հաշվի նստել:  Նախնական տարբերակը նախատեսում էր պայմանագիր կնքել մեկից-երկու հեկտարանոց հողակտորների տերերի հետ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ տարբերակով առաջնորդվելով փակուղի ենք մտնելու, որովհետեւ թե´ Տավուշի, թե´ Արագածոտնի և թե´ Վայոց Ձորի մարզերում, որտեղ իրականացվում է այս ծրագիրը, շատ քիչ են մեկ հեկտարանոց  և ավելի մեծ  հողակտորները: Ստիպված էինք շեմը իջեցնել մինչեւ երեք հազար քմ-ի: Հիմա փոքր հողատարածք ունեցող հարեւանները միավորվում են սարքելով կլաստեր, որը մեզ համար մի այգի է: Կլաստերի համար  մենք նախատեսում ենք 5-20 հեկտարանոց հողակտորներ: Ունենք նաև եզակի դեպք, 4 հա տարածք: Իսկ ընդհանրապես աշխատում ենք, որ տարածքը 5 հա-ից փոքր չլինի, որովհետեւ փոքր տարածքների վրա ներդրումներ կատարելն արդյունավետ չէ: 
Ծրագրի իրականացման համար մեր մասնագետների կողմից մշակվել է պայմանագրի ձև, որի  նպատակն է փոխադարձորեն շահավետ պայմանների ստեղծում թե´ «Հայկական մրգի» եւ թե´ գյուղացու համար: Պայմանագիրը, որը  գյուղացու հետ կնքվում է 12 տարի ժամկետով, կոչվում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի ժամանակավոր օգտագործման պայմանագիր: Սրանում հստակ սահմանված են համագործակցության պայմանները, բերքի բաշխման սկզբունքները, և այլն: 
 
Առաջին քայլը
Ընտրվել են հանրապետության երեք մարզեր. Տավուշ, Արագածոտն եւ Վայոց Ձոր: Նշյալ մարզերից յուրաքանչյուրի ցանկացած գյուղում, որտեղ կա ծրագրի չափորոշիչներին համապատասխանող տարածք, կարող է ծրագիր իրականացվել: Դրա համար մենք նախապես «աշխատում ենք» գյուղապետերի, մարզպետարանների համապատասխան մասնագետների հետ՝ բացահայտելու պոտենցիալ տարածքները, համայնքները, և տարբեր ոլորտի մասնագետներից կազմված փորձագիտական խումբը ուսումնասիրում է այդ տարածքներն ու ընտրում չափորոշիչներին համապատասխանող հողակտորները: 
 
Պայմանները
Պայմանագիրը, ինչպես նշեցի, գյուղացիների հետ կնքվում է 12 տարի ժամկետով: Այդ ընթացքում գյուղացին կարող է իր հողը վաճառել, կարող է տալ  վարձակալության:  Բայց հողատիրոջ պարտավորությունները դրանով մեր նկատմամբ չեն փոխվում, նոր տերը մեխանիկորեն հանդիսանում է հնի իրավահաջորդը: Պայմանագրում  այս բոլոր կետերը ներառված են: Պայմանագիրը կնքվելու պահից գործում է ուղիղ 12 տարի, որից հետո այգին վերադարձվում է տիրոջը: 
Համաձայն պայմանագրի  առաջին 4 տարիներին գյուղացին մեկ հա-ի հաշվով ստանալու է տարեկան 100 հազար դրամ: Դա կարելի է համարել հասույթի կանխավճար:  5-րդ տարուց սկսած հողատեր գյուղացուն կտրվի բերքի 25%-ը: Գյուղացու նախընտրությամբ դա կարող է լինել դրամային տարբերակով կարող է լինել բնամթերային: Հաշվարկը կատարվելու է տվյալ մարզի տվյալ տարվա իրացման շուկայական գներով: 
12 տարվա ընթացքում գյուղացին միայն պետք է հողի հարկ վճարի (իսկ համաձայն օրենքի փոփոխության բազմամյա տնկարկ հիմնող հողատերը 5 տարով ազատվում է հողի հարկից): Մնացած բոլոր ծախսերը կատարում է «Հայկական միրգը»: Գյուղացուն հնարավորություն տրվում է իր հողի վրա աշխատել որպես բանվոր և դրա դիմաց նրան վճարվում է: Ընդ որում առաջնությունը տրվում է  տվյալ գյուղացուն, եթե վերջինս չի ցանկանում, ապա` տվյալ համայնքի գյուղացիներին, դա էլ չլինելու դեպքում նոր միայն աշխատուժ ենք ներգրավում հարևան գյուղերից: Այս պրակտիկան արդեն կա, գործում է: 
Որքան շատ այգետեր ընդգրկվի այդ աշխատանքներում, այնքան շատ կսովորեն եւ «Հայկական մրգի» հեռանալուց հետո, երբ այգիները մնան գյուղացիներին, նրանց համար ավելի հեշտ կլինի  «ճիշտ» այգեգործությամբ զբաղվելը: 
 
Սոցիալական գործոնը
Ընդհանրապես՝ գյուղատնտեսության  զարգացման ծրագրերը իրենց հիմքում ունեն սոցիալական գործոն: Այս ծրագրերը իրականացնելիս միշտ առաջնահերթ հաշվի է առնվում սոցիալական գործոնը: Այդ առումով Արարատյան դաշտի գյուղացին համեմատաբար ավելի ապահով վիճակում  է: Այդտեղ ոռոգման ջրի խնդիրը այնքան սուր չի արտահայտված, որքան մյուս տարածաշրջաններում: Մնացյալ խնդիրները նույնպես համեմատաբար  ավելի լավ են լուծված: Հավելած, որ բնակլիմայական պայմանները ավելի նպաստավոր են: Մինչդեռ ծրագրի կողմից ընտրված մարզերում խնդիրներն ավելի շատ են և բնակիչներն էլ, իրոք, օգնության կարիք ունեն: Մյուս կողմից էլ այն, ինչ որ արվում է ծրագրով, նաև  ցուցադրական բնույթի է, որպեսզի մարդիկ տեսնեն թե ինչպես կարելի է նոր տեխնոլոգիաներով գյուղատնտեսական արտադրություն կազմակերպել: Այդ իսկ պատճառով ցուցադրական այգիները, որոնք հիմնվելու են երեք մարզերում, կնպաստեն ժամանակակից այգեգործական տեխնոլոգիաների տարածմանը ամբողջ աշխարհում:
 
Մյուս մարզերը
 Ամբողջ ծրագիրը (ոչ «Հայկական մրգի» բաղադրիչը) մյուս մարզերի գյուղացիներին ևս հնարավորություն կընձեռի նույն տեխնոլոգիները ներդնել՝ պարզապես այլ, այս  ծրագրին բոլորովին չզիջող մեխանիզմներով:  Մեզ շատ են դիմում այլ մարզերի մեծ տարածք ունեցող հողատերերը, առաջարկելով ընդգրկվել: Նմանների համար նախատեսվում է այլ տարբերակ՝ «այգիների վարկեր» ենթաբաղադրիչը, որը ի հայտ կգա Դանիայի թագավորության միջազգային զարգացման գործակալության (ԴԱՆԻԴԱ) դրամաշնորհային համաձայնագիր կնքելուց հետո:  Վերջինի շուրջ բանակցություններն արդեն ընթացքի մեջ է:  Նույնատիպ այգիներ կստեղծվեն դրամաշնորհային միջոցներով՝ ցածր տոկոսադրույքով վարկային միջոցներով: «Հայկական միրգն» այդ դեպքում կիրականացնի խորհրդատվություն: 
 
Ի վերջո
«Հայկական մրգով» աճեցվելու են բերքատվության շատ արագ փուլ անցնող ընկուզենու ժամանակակից,  կիսագաճաճ սորտերի ծառեր: Մշակվելու են  նաև դեղձենի ու նեկտարենի: Վերջինիս պահանջարկը մեծանում է աշխարհում և մեզանում: Դրա համար էլ առաջիկայում դրա  մշակության ծավալները կմեծանան: Առաջին դեղձենու և նեկտարենու այգին արդեն արդեն հիմնվել է 4.5 հեկտար հողատարածքի վրա՝ Տավուշի մարզի Արճիս համայնքում:  Ընկուզենու առաջին այգիները արդեն պատրաստվում են 39.1 հեկտար հողատարածքի վրա Արագածավան (Արագածոտն մարզ), Արին (Վայող Ձորի մարզ) և Պտղավան (Տավուշի մարզ) համայնքներում և տնկվելու են 2013թ. աշնանը կամ 2014թ. գարնանը՝ կախված եղանակային պայմաններից: Գնվելիք ծառերը արդեն որոշված են՝ հաջողված մրցույթների արդյունքում: Ի սկզբանե ծրագիրը նախատեսում էր ծիրանենու նոր ներմուծվող սորտերի շրջանացում: Բայց ուսումնասիրություններից հետո հանգեցինք եզրակացության, որ այդ առումով շտապել պետք չէ:  Ուստի՝ որոշեցինք ծիրանենու դեպքում ավելի շատ կենտրոնանալ պատվաստման աշխատանքների վրա: Դրսից ներմուծվելու են կլոնային պատվաստակալներ և մեր տեղական սորտերը պատվաստվելու են այդ գաճաճ պատվասակալների վրա: Եթե արդյունքները բավարարեն, այդ աշխատանքները հետագայում ևս կշարունակվեն: Այդուհանդերձ չի բացառվում, որ  նոր սորտերի  ծիրանենու փոքր այգի կհիմնվի: Մենք նպատակ չունենք մեր տեղական սորտը փոխարինել այլով: Մեր նպատակն է ներդնել նոր տեխնոլոգիաներ և արտադրանքը դարձնել ավելի բազմազան: Նաև դուրս գալ արտաքին շուկա: 
Այս ծրագիրը նաև որոշակի չափով գյուղական զբաղվածություն է ապահովելու: Կատարվել են տնտեսագիտական մանրամսն հաշվարկներ՝ կատարվելիք ծաղսերի, ստացվելիք եկամուտների և մնացյալի առումով: Նույնիսկ հաշվարկվել է, թե որ դեպքում քանի տարի հետո են փակվելու կատարված ծախսերը: 7-րդ տարուց սկսած ծրագիրը պետք է աշխատի եկամուտով, որովհետև արդեն ծառերը մտնում են լիովին բերքի տակ: Ծրագիրը թանկ է նախ ծառերի հաշվին, տնկանյութը թանկ է, այսինքն` այն պահից, երբ տնկարանը սկսի աշխատել և արտադրել սեփական տնկանյութ, արժեքը կտրուկ կիջնի: Տնկարանը հիմա հիմնադրման փուլում է: Արդեն մայրուտի համար հողային նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում և ծառերն են բերվել: Դեղձենու և նեկտարենու մայրուտները կստեղծվեն այս տարի, աշնանը՝ հավանաբար ընկուզենու համար, մյուս տարի կշարունակվի մայրուտային այգու հարստացումը: Տնկարանի հետ կապված բոլոր աշխատանքները ընթացքի մեջ են: 
 
Ալվինա Ավագյան 
«Հայկական միրգ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից