Հարցազրույց Արևմտյան Հայաստանի «Վտարանդի Կառավարության» Արտաքին գործերի հանձնաժողովի պատասխանատու Արամ Մկրտչյանի հետ

24-02-2014 21:26:58   | Գերմանիա  |  Հարցազրույցներ
-Վերջերս տարբեր գործիչներ, պետությունների ղեկավարներ սկսել են առավել հաճախ խոսել Հայոց Ցեղասպանության ճանաչման անխուսափելիության մասին և Թուրքիային հորդորել ճանաչել այն: Առանձնապես ուշագրավ էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունները, որոնցում Թուրքիային կոչ արվեց առերեսվել սեփական պատմության հետ և ընդունել այն: Ի՞նչ իրողությունների հետ գործ ունենք:
 


-Եվրոպական քաղաքակրթության առանցքային գերխնդիրը հայ ժողովրդի ցեղասպանությանն իրավական լուծումներ տալն է: Հայոց Ցեղասպանությունը եվրոպական քաղաքակրթության գորդյան հանգույցն է, այն ուղղակիորեն առնչվում է այլ չլուծված խնդիրների հետ: Հետևաբար, առանց Հայոց Ցեղասպանության խնդրի լուծման հնարավոր չէ առաջիկա մի քանի տարիներին լուծումներ տալ մի շարք իրավա-քաղաքական խնդիրների, որոնք հիմնադրույթային են եվրոպական հանրության համար: Գաղտնիք չէ, որ եվրոպական քաղաքակրթության տնտեսական և քաղաքական ծանրաքաշ երկրները այլընտրանք չունեն, ստիպված են այսօր և ապագայում պատասխան տալ Հայոց հիմնախնդրին: Այս ուղղության նախաձեռնողներ են հանդիսանում Ֆրանսիան ու Գերմանիան:
Հիշենք, Ֆրանսիայի դեպքում Կիլիկիայի Հայոց պետության ճանաչումն էր, իսկ Գերմանիայի դեպքում Սողոմոն Թեհլերյանի արդարացումը: Գերմանական մտածողության մեջ պատմության հետ առերեսվելն ուղղակիորեն նշանակում է, որ թուրքերը պարտավոր են պատասխանատվություն կրել հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության համար:
 
-Միջազգային հանրությունը կարո՞ղ է աջակցել ցեղասպանության արդյունքում պատմական հայրենիք, մշակութային, նյութական հարստություն կորցրած արևմտահայությանը վերագտնելու այն:
 
-«Միջազգային հանրություն» ասվածն ինքնին տարողունակ է և ընդհանրական, ուստի ես վստահ եմ, որ մեր մտածողության մեջ ու մամուլում այս բառակապակցությունը պետք է իր տեղը զիջի «Սևրի հաշտության պայմանագիրն ստորագրած և Հայաստանը պետություն ճանաչած 18 երկրներ» իրավական ձևակերպմանը: Այս 18 երկրները ճանաչելով իրենց իսկ ստորագրությունը, հետևաբար, Հայաստան պետության գոյությունը, հնարավորություն են ստեղծում Արեւմտյան Հայաստանի հայությանը վերականգնելու ստիպողաբար դադարեցված մեր բոլոր իրավունքները:
 
-Վերջին տարիներին տարբեր երկրներում ստեղծվել ու գործում են Արեւմտյան Հայաստանի խնդիրներով զբաղվող կազմակերպություններ: Ի՞նչ կասեք այս կազմակերպությունների մասին, և արդյո՞ք նրանք, իրենց իրավական կարգավիճակով կարող են իբրև պահանջատեր հանդես գալ: Չէ՞ որ պահանջատիրոջ իրությունը բխում է ոչ թե անունից, այլ կարգավիճակից:
 
-Հարկավոր է նշել, որ Արևմտյան Հայաստանի խնդիրներով միշտ զբաղվել են մեր հասարակական, քաղաքական, հայրենակցական միությունները, եկեղեցին, Առաջին Հանրապետությունը, Խորհրդային Հայաստանը, 1944 Հայ Դատի Հանձնախումբը, Հայաստանի Հանրապետությունը, ինչպես տեսնում ենք Արևմտյան Հայաստանի խնդիրն անընդհատ է: Արևմտյան Հայաստանի խնդիրն իր հաջորդ զարգացումն ունեցավ ԽՍՀՄ-ի անկումից հետո, երբ Ռուսաստանում ու Հայաստանում սկսվեցին ձևավորվել նոր մոտեցումներ: Տարբեր խմորումների արդյունքում Մոսկվայում ձևավորվեց Համաշխարհային Հայկական Կոնգրեսը, Շուշիում Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, ԱՄՆ-ում Մ. Սոսիկյանի խումբը և այլն: Այստեղ հարկավոր է հստակ նշել, որ ցանկացած կազմակերպություն կարող է իրեն հայտարարել պահաջատեր, սակայն հարկավոր է հստակեցնել ինչի նկատմամբ պահանջատեր: Եթե մենք պահանջատիրություն ասելով, հասկանում ենք՝ ստիպողաբար դադարեցված մեր իրավունքի վերականգնումը՝ բռնազավթված հայրենիքի նկատմամբ, ապա այդպիսի պահանջատիրություն կարող է ներկայացնել միայն պետությունը, այսինքն կամ Հայաստանի Հանրապետությունը կամ Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարությունը:
 
-Ի դեպ, հավելեմ, որ Հայաստանում որոշակի վերապահում և մտահոգություն կա նման կառույցների հանդեպ: Մտահոգություններից մեկն էլ այն է, թե նրանցում կարող են սողոսկել անձինք, ովքեր իրենց անձնական շահերին կծառայեցնեն մեր ազգային կարևորագույն նպատակը` պահանջատիրությունը: Մանավանդ, Թուրքիան հազարավոր դոլարներ է ծախսում հայկական համայնքներում «բարեկամներ» հայտնաբերելու համար:
 
-Իհարկե այդ մտահոգությունները տեղին են, քանի որ, այսպես կոչված կառույցները կամ հասարակական կազմակերպություններն ընդհամենը տեղական բնույթի խնդիրներ են լուծում և այդ պատճառով է, որ շատ հաճախ հանրությունը չի կարողանում հասկանալ, թե այդ կառույցներն ինչով են զբաղված: Այս ձևաչափի մեջ առավել ուշադրության պետք է արժանանան Թուրքիայում գործող 72 ֆոնդերը, որոնք զբաղվում են հայկական մշակութային խնդիրներով, այս մասում մենք կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ հասկանալի է, որ այդ ֆոնդերի մեջ ակնհայտ մեծամասնություն են կազմում «բարեկամները»: Ինչ վերաբերվում է Թուրքական հազարավոր դոլարներին, ապա վստահաբար կարելի է ասել, որ հայ մարդը չի վաճառվում, իսկ թափթփուկներ եղել են և կլինեն :
 
-Մասնավորաբար, անվստահություն ներշնչող կառույց է համարվում Արևմտահայերի ազգային համագումարը. թուրքական Զաման-ի տեղեկացմամբ, սույն կազմակերպությունն Անգարայում թուրքական այլ կազմակերպությունների հետ մեկտեղ անցկացրել է մի հավաք, ուր քննարկվել են առաջարկներ, որոնք պետք է ներկայացվեն Թուրքիայի իշխանություններին: Մտավախություն չկա՞, որ նման կազմակերպությունների կողմից արվող առաջարկներով փորձ է արվում Հայկական հարցը, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի ազատագրության, իսկ Մեծ եղեռնից հետո՝ Արևմտահայաստանի պահանջատիրության խնդիրը, քաղաքականից վերածել զուտ հումանիտար ու տնտեսական հիմնախնդրի:
 
-Բավականին մտահոգիչ է Ռուսաստանի տարածքից գործող Կ. Միքաելյանի անմիջական ղեկավարությամբ գործող կազմակերպության գործունեությունը, զարմանալին այն է, որ թուրքի ձեռքից պապ և տատ, հող ու ջուր, երկիր ու կյանք կորցրած հայի ժառանգները գիտաժողովներ են անցկացնում Թուրքիայում և հանդես են գալիս բարոյազրկված առաջարկություններով: Իսկ այդ առաջարկություների մեջ ամենացնցողը՝ հայ մարդուն թուրքական անձնագիր տալու առաջարկն է: Հիշեցնեմ, Թուրքական անձնագրի կրողը թուրք է, միայն թուրք, այդ է պահանջում օրենքը Թուրքիայում: Իհարկե, բոլոր հասարակական կազմակերպություններն էլ իրավունք ունեն և կարող են դիրքորոշում ունենալ և ներկայացնել այն, սակայն պատվից ցածր եմ համարում՝ հային առաջարկել կրել Թուրքիայի Հանրապետության անձնագիր և խայտառակություն եմ համարում՝ հային կամովին թուրք դարձնելը, որևէ հասարակական կազմակերպության առաջարկությամբ առավել ևս եթե այն իրականացվում է Մոսկովյան հայության և ՀՀ որոշակի հեղինակություն ունեցող անձանց կողմից:
 
-Հայաստանում հաճախ է շրջանառվում պետության անվան փոփոխության հարցը` «Հայաստանի Հանրապետություն» անվան փոխարեն օգտագործել Արեւելյան Հայաստան անվանումը: Այս միտքը վերջերս դարձյալ շրջանառվեց: Ինչպե՞ս եք վերաբերվում այս խնդրին: Ճի՞շտ է սույն մոտեցումը:
 
Նորից պետք է պատմական անդրադարձ կատարենք, այո կա Արևելյան Հայաստան և Արևմտյան Հայաստան, այս տերմիններն աշխարհագրական են: Մասնավորապես, Արևմտյան Հայաստան աշխարհագրական եզրույթն այդպիսին էր մինչև 2011թվականի փետրվարի 4-ը, 2011 թ փետրվարի 4-ից Արևմտյան Հայաստանն այլևս քաղաքական ձևակերպում է: Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը՝ 2011 թվականի փետրվարի 4-ը հռչակեց Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կազմության մասին, ճանաչեց իրեն որպես, Սևրի Դաշնագրի, Հայաստան պետության նկատմամբ՝ իրավատեր այն մասով, որ մասով իրավատեր հանդես չի գալիս ՀՀ: Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը հանդես է գալիս որպես Արևմտյան Հայաստանի նկատմամբ իրավատեր և իրավահաջորդ, հաշվի առնելով այն փաստը, որ Վ. Վիլսոնի իրավարար վճռից բխող իրավունքների և պարտավորությունների նկատմամաբ Հայաստանի Հանրապետությունը հանգամանքների բերումով չի կարողանում հանդես գալ որպես Պատշաճ Կողմ:
 
Վստահ եմ Հայաստանի Հանրապետության անվանափոխության խնդիրը որևէ ձևով չի կարող ազդել իրավատիրության և հատուցման խնդրի վրա, միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ ՀՀ անվանափոխությունը չի ենթադրում ոչ մի իրավական հետևանք,քան նոր անունի օգտագործում: Հարկավոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Արևմտյան Հայաստան աշխարհագրական տերմինի քաղաքականացումը մեր կողմից հստակ իրավական ենթատեքստ ունի, Հայաստան պետությունն արդեն 100 տարի չի կարողանում և ապագայում նույնպես չի կարողանա ներկայացնել հայոց հայրենատիրության հիմնահարցը:
 
Մենք հստակ նկատի ենք ունեցել այն հիմնախնդիրը, որ առաջիկա հինգ տարում ՀՀ կողմից պահանջատիրության չներկայացնելու դեպքում մեծ է վտանգը, որ միջազգային իրավական հարթության վրա կարող է կիրառվել Estoppel իրավական սկզբունքը: Estoppel իրավական սկզբունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրարկելու դեպքում ՀՀ կարող է կորցնել իր իրավունքը, ապավինել որեւէ ապացույցի՝ իր պնդումը հիմնավորելու համար, այս սկզբունքը կիրառվում է միջազգային դատական և արբիտրաժային պրակտիկայում:
 
 armar.am
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 772 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար