«Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» և «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» ֆիլմերը համացանցում են



06-06-2014 09:20:19   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
 
Մայիսի 28-ին համացանցում տեղադրվեցին պատմաբան Արտակ Մովսիսյանի վերջին երկու վավերագրական ֆիլմերը` «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» և «Պատմության կեղծարարները. Ադրբեջան»: Ֆիլմերը ստեղծվել են ի պատասխան ադրբեջանական կեղծարարության, որ պետական մակարդակով քարոզվում է աշխարհով մեկ: Համացանցում միաժամանակ հայտնվեցին ֆիլմերի և՛ հայերեն, և՛ ռուսերեն տարբերակները, արդեն պատրաստ է և կարճ ժամանակ անց հասանելի կլինի նաև անգլերեն տարբերակը: Մեզ հետ զրույցի ընթացքում ֆիլմի հեղինակ Արտակ Մովսիսյանն ասաց, որ այս պահին թարգմանվում են նաև ֆրանսերեն և թուրքերեն տարբերակները: «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» ֆիլմում Երևանի հնագույն քաղաք լինելը հաստատում են օտար գիտնականները, ովքեր տարիներ շարունակ զբաղվում են սեպագրերի վերծանմամբ և պեղումներ կատարելով: Շնորհավորելով ֆիլմի հեղինակին` արժեքավոր, փաստերով լեցուն վավերագրական ֆիլմեր նկարահանելու համար, խնդրեցինք պատմել դրանց ստեղծման մասին: «Մեկ տարի պահանջվեց ֆիլմերը ստեղծելու համար: Մենք որդեգրեցինք ֆիլմերում օտար գիտնականներ նկարելու քաղաքականությունը, որովհետև, ճիշտ է, Երևանի պատմության մասին իմացող շատ լավ մասնագետներ մենք ունենք Հայաստանում, ովքեր կխոսեին, կփաստեին նրա հնագույն մայրաքաղաք լինելու մասին, բայց այդ դեպքում կասեին` հայերը գովազդում են իրենց մայրաքաղաքը: Ֆիլմերի ստեղծման նախաձեռնությունը սփյուռքահայ մի բարերարի է պատկանում, ով այդպես էլ չցանկացավ, որ իր անունը նշվի: Իսկ պատճառը վերջին տարիներին մեր հարևանների չափերն անցնելն էր: Տեսեք` 2011 թ.-ին Բաքվում, Ալիևի ֆինասավորմամբ տեղի ունեցավ, ինչպես իրենք են ասում, Էրիվանի բերդի 500-ամյակի միջոցառում, որը ըստ նրանց, իբր հիմնադրվել է 16-րդ դարի սկզբին՝ Ռևան Գուլիխանի կողմից ու նրա անունով էլ կոչվել է Էրիվան: Համացանցում տեղադրեց այս թեմայով իրենց ֆիլմը: Սփյուռքահայ գործարար մեր ընկերն առաջարկեց պատասխանել այս տեղեկատվական հերհյուրանքին: Որոշեցինք չիջնել իրենց մակարդակին ու համարժեք պատասխան տալ: Ես առաջարկեցի Երևանի պատմության մասին ֆիլմ նկարահանել, ու դրա մեջ ամփոփել նաև պատմության կեղծարարների պատասխանը: Պրոդյուսերական աշխատանքները հանձն առավ Շարմ ընկերությունը: Ֆիլմում խոսում են մի շարք օտարազգի ուսումնասիրողներ, ինչպիսիք են` բրիտանական թանգարանի սեպագրության բաժնի վարիչ Իրվինգ Ֆինկելը, Ֆրանսիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Ֆրանսուա Ֆիշեն, ով Էրեբունիում պեղումներ կատարող հնագիտական արշավախմբի ղեկավարն էր, Հռոմի հին արևելագիտության ինստիտուտի տնօրեն Միրո Սարվինին, Ռուսասատանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի բաժնի վարիչ Ալիկբեր Ալիկբերովը և ուրիշներ: Միակ հայ գիտնականը, ով մասնակցել է ֆիլմի ստեղծմանը, լոնդոնաբնակ հրաշալի քարտեզագետ Ռուբեն Գալչյանն է»,-պատմում է Արտակ Մովսիսյանը: Օտարազգի գիտնականներին ֆիլմի հեղինակները գտել են իրենց գիտական կապերի միջոցով, նրանց հետ նախապես կապվել են էլեկտրոնային կապով: Թեհրան մեկնել և նկարել են Ֆարեյդում Ջոնայդիյին, Ռուսաստանում, Անգլիայում և Կանադայում նկարահանումներն իրականացրել են Շարմի ներկայացուցիչները:
Արտակ Մովսիսյանը ներկայացնում է ուրախացնող վիճակագրական տվյալներ:
 
Ադրբեջանցիների հայտնի ֆիլմը` «Հայաստանը չի եղել Կովկասում», որ համացանցում է 2012թ.-ից ունի 40 000 դիտում, մեր ֆիլմը մեկ ու կես օրվա ընթացքում հավաքել է 11 000 դիտում:
 
«Պատմության կեղծարարները. Ադրբեջան» երկրորդ ֆիլմը ծնվեց առաջինից: Ֆիլմի հեղինակը պատմում է, որ Երևանի պատմության մասին ֆիլմը բավականին մեծ և փաստերով լեցուն էր, դրա համար փորձել են թեմայից շատ չշեղվել. «Երևանի պատմության մեջ չցանկացանք 27 րոպե տեղադրել ադրբեջանական կեղծարարությունը բացահայտող մասը, ֆիլմը կարծես թուլանում էր դրանից: Այնտեղ տեղադրեցինք 7-8 րոպեանոց հատված, որը միայն Երևանի կեղծման պատմությանն է վերաբերում, իսկ մնացածը դարձրինք ամբողջական ֆիլմ` «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» անվանումով»:
 
Վերջում ֆիլմի հեղինակ Արտակ Մովսիսյանը կոչ արեց մեր բոլոր հայրենակիցներին ֆիլմի օտարալեզու տարբերակները հնարավորինս շատ ուղարկել այլազգի ընկերներին ու բարեկամներին: «Սա՝ որպես հայ մարդ եմ խնդրում, ոչ որպես ֆիլմի հեղինակ, որովհետև այն արվել է քարոզչական նպատակներով, ճշմարտությունը ջրի երես հանելու համար: Ադրբեջանցիները պետական մակարդակով ողջ աշխարհին ասում են` մածունը սև է, մենք պիտի ցույց տանք ու փաստենք, որ մածունը սպիտակ է»:
 
Սառա Գալստյան
nyut.am
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 644 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար