Նորաբաց Անտիկ արվեստի դպրոցում երեխաները կսովորեն նկարել ոչ թե վրձնով, այլ սեփական մատներով (տեսանյութ և ֆոտոշարք)



01-10-2016 19:52:57   | Հայաստան  |  Մանկական էջ
Մատնանկարչություն կավե ամանների վրա. հենց այսպես է կոչվում ժամանակակից և ավանդական արվեստը մեկտեղած այն նոր ուղղվածությունը, որը երեխաների մեջ զարգացնելու են նորաբաց Անտիկ արվեստի դպրոցի մասնագետները:
 

Երևանի կենտրոնում հոկտեմբերի 1-ից գործող կրթական այս նոր հաստատությունում աշակերտները կարող են բարձր որակավորում ունեցող ուսուցիչների օգնությամբ յուրացնել նկարչության, գունանկարի, գծանկարի, կոմպոզիցիայի, հեռանկարչության, կավագործության և իհարկե մատնանկարչության հմտությունները: 
Նելլի Դավթյանի փոխանցմամբ` մինչ նման դպրոց ստեղծելու գաղափարն իրականություն կդառնար, նախաձեռնության հեղինակները մայրաքաղաքում գործող խոշոր առևտրային կենտրոններում բազմիցս կազմակերպել են միջոցառումներ, որոնց ընթացքում բոլոր ցանկացողները սեփական մատների օգնությամբ սկզբում թղթին, ապա կավին են հանձնել իրենց երևակայական պատկերացումները շրջակա միջավայրի և տիեզերքի մասին: 
Ի տարբերություն ավանդական դպրոցների` Անտիկ արվեստի դպրոց կարելի է ընդունվել 3 տարեկանից սկսած. այստեղ տարիքային որևէ սահամանափակում չկա, իսկ մեծահասակների համար գործում է սիրողական խմբակ: 
Մինչ նորաբաց կրթօջախում աշակերտները կանցնեին իրենց դասերին, դպրոցի տնօրենը պատվոգրերով պարգևատրեց ամռանը Երևան Մոլում անցկացված միջոցառման հաղթող փոքրիկներին: 
Մատնանկարչությունն իբրև արվեստի առանձին ճյուղ ներդրած Անտիկ արվեստի դպրոցի փոխտնօրենի խոսքերով`  մատնանկարչության համար անհրաժեշտ բոլոր նյութերը երեխաներին տրամադրվում են անվճար և 100%-ով անվտանգ են նրանց առողջության համար:
Դպրոցի պատասխանատուները նախատեսում են հետագայում ընդլայնել դասընթացների խմբակները կարպետագործությամբ և գոբելենով:  
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և ֆոտոշարքը` «Նոյյան Տապան»-ի  
 
 
Նոյյան տապան   -   Մանկական էջ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից