ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը, ԱՄՆ ՄԶԳ և Սմիթսոնյան ինստիտուտը համատեղ հրատարակելու են մուլտիմեդիա էլեկտրոնային գիրք՝ նվիրված զբոսաշրջությանը Վայոց Ձորում (տեսանյութ)



21-10-2016 14:28:42   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Մամլո ասուլիսը և հուշագրի ստորագրման արարողությունն ազդարարեցին Հայաստանում մշակութային զբոսաշրջությունը խթանող համատեղ ծրագրի մեկնարկը: 
 

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրակացվող «Իմ Հայաստան» ծրագիրը համատեղ կհրատարակեն մուլտիմեդիա էլեկտրոնային գիրք, որը կնպաստի Հայաստանի Վայոց Ձորի մարզում զբոսաշրջության զարգացմանը և մշակույթի պահպանմանը: Այսօր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հյուրընկալ սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս և հուշագրի ստորագրման արարողություն՝ նշանավորելով համատեղ գործընկերության և արտասովոր ճամփորդության մեկնարկը, ինչի արդյունքում կստեղծվի զբոսաշրջային ինտերակտիվ արտադրանք: 
 
«Զբոսաշրջությունը Հայաստանի առաջնային և դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է:  Հավատարիմ մնալով իր առաքելությանը, այն է՝ աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին, ՀԲԸՄ-ն ակտիվորեն մասնակցում է այսպիսի նորարարական ծրագրերի զարգացման և առաջխաղացման աշխատանքներին՝ իր ներդրումն ունենալով պետության ջանքերին, որոնք ուղղված են տարբեր տարիքային խմբերի և հետաքրքրությունների տեր մարդկանց համար Հայաստանը որպես զբոսաշրջային յուրօրինակ երկիր դարձնելուն»,- ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը: 
 
«Վայոց Ձոր» էլեկտրոնային գիրքը ՀՎՀ-ի բազմահարթակ մեդիա արտադրանքի մասն է կազմում՝ հասանելի սմարթֆոնների, պլանշետների և վեբ-բրաուզերների օգտատերերի համար: Էլեկտրոնային նոր գիրքը կներկայացնի Վայոց Ձորի մարզը պատմական և աշխարհագրական համատեքստում և կընդգրկի տեղեկատվական հարուստ բավանդակություն տեղական գաստրոնոմիայի, ճարտարապետության, հնագիտության, փառատոնների, մարզային միջոցառումների և արկածային հետաքրքրությունների մասին: Յոթ լեզուներով հասանելի էլեկտրոնային գրքերի ներբեռնումն անվճար է: Մուլտիմեդիա արտադրանքի առաջին երկու գրքերն են «Հայկական լեռնաշխարհ»-ը և «Բացահայտենք Երևանը»: «Հայերը Եվրոպայում» երրորդ էլեկտրոնային գիրքը կհրատարակվի տարվա վերջում: 
 
 «Այս ծրագիրը գալիս է միանալու Հայկական վիրտուալ համալսարանի առաքելությանը և շարունակական ջանքերին՝ ուղղված հայկական ժառանգությունը համաշխարհային հանրությանը ներկայացնելուն»,- ասաց ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը: «Տեսնելով մեր մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի հանրաճանաչությունը` մենք հավատում ենք, որ էլեկտրոնային հրատարակչությունը մեր ժառանգության հարստությունը նորագույն և արդի ձևաչափով ներկայացնելու լավագույն ուղին է: Մենք ուրախ ենք, որ Սմիթսոնյան Ինստիտուտը նույնպես միտված է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և ոգևորված ենք այս համագործակցությամբ: «Վայոց Ձոր» էլեկտրոնային գիրքը կլինի Հայաստանի մարզերին նվիրված շարքի անդրանիկ հրատարակումը»:  
 
 «ԱՄՆ ՄԶԳ-ի և Սմիթսոնյան Ինստիտուտի համատեղ ջանքերով կյանքի կոչված «Իմ Հայաստան» ծրագիրը նպատակ ունի ցուցադրել, թե որքան արդյունավետ կապ կարելի է ստեղծել մշակույթի և տնտեսության զարգացման միջև: «Իմ Հայաստան» ծրագրի և մեր առանցքային գործընկերների՝ հանձինս ՀԲԸՄ-ի փորձառության և ջանքերի շնորհիվ, պահպանելով մշակութային հարուստ և բազմաբնույթ ժառանգությունը, զարգացնելով զբոսաշրջային հնարավորությունները, մենք կնպաստենք Հայաստանի գյուղական բնակավայրերի կայուն տնտեսական աճին և կօգնենք բարելավել ու բարձր մակարդակով ներկայացնել հայկական մշակութային արժեքները»,-ասաց Օլիվիե Մեսմերը, ԱՄՆ ՄԶԳ-ի հիմնադրած և Սմիթսոնյան Ինստիտուտի իրականացրած  «Իմ Հայաստան» ծրագիր ղեկավար: 
 
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ) 
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված օնլայն ուսումնական հաստատություն է, որը տրամադրում է հայկական կրթություն նորագույն տեխնոլոգիաների միջոցով: 2009 թվականից ի վեր ՀՎՀ-ի վիրտուալ լսարանները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայագիտությամբ, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու ավանդական, դեմ-առ-դեմ իրականացվող հայկական կրթական ծրագրերին` միաժամանակ հարստացնելով արդեն իսկ գործող ուսումնական ծրագրերը: ՀՎՀ-ի առաքելությունն է ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կխթանի մշակութային կրթությունը և կզարգացնի հաղորդակցային կապերն ամբողջ աշխարհում: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1620 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար