«Այլկերպիկ» ինտելեկտուալ խաղը կօգնի երեխաներին առօրյայում կիրառել գրական հայերեն և զարգացնել մտավոր ակտիվությունը (տեսանյութ)



31-10-2016 19:16:05   | Հայաստան  |  Հասարակություն
Երեխաներին բացառապես գրական հայերենով բառեր սովորեցնելու և նրանց տեսաճանաչողական ընկալումները զարգացնելու համար այժմ բոլոր ծնողներն ունեն նոր օգնական թիմային մանկական խաղի տեսքով: 
 

200 քարտերից բաղկացած «Այլկերպիկ»-ը նկարների և բառերի միջոցով կօգնի 4-ից 8 և 8-14 տարեկան երեխաներին զարգացնել մտավոր ակտիվությունը, բանավոր խոսքը, հաղորդակցման ունակությունները, ենթագիտակցորեն խթանել մի շարք հմտություններ, այդ թվում՝ տրամաբանությունը և երևակայությունը: 
Ինտելեկտուալ խաղի նպատակն է կիրառել, պահպանել և զարգացնել հայոց լեզուն: 
Երկու տարիքային խմբերի համար նախատեսված խաղի կանոնները շատ պարզ են, ընդամենն անհրաժեշտ է թիմ կազմել և փորձել 1 րոպեում թիմակիցներին բացատրել քարտերի վրա պատկերված նկարները կամ գրված բառերն այլկերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ թարգմանություններ:
Կարելի է բացատրել հոմանիշների, հականիշների, զգացողությունների միջոցով, ինչպես նաև կիրառել ժեստեր, դիմախաղ և ձայներ:
Յուրաքանչյուր գուշակած նկարը կամ բառը մեկ միավոր է, իսկ հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավորներ:
ԱՅԼԿԵՐՊ ընկերության և Բուկինիստ գրախանութի համատեղ ուժերով կազմակերպված շնորհանդեսի ընթացքում խաղի նկատմամբ հետաքրքրվածություն դրսևորած ծնողներն իրենց փոքրիկների մասնակցությամբ ականատես եղան զվարճալի և ուսուցողական առաջին մրցաշարին, որի հաղթողները պարգևատրվեցին նվերներով: 
Գրական հայերենի գործածությունն առօրյայում ակտիվացնելու և հետաքրքիր ժամանց ստեղծելու նպատակով ի սկզբանե գործի լծված աղջիկները փաստում են. ««Այլկերպիկ»-ը երեխաներին հասանելի ժամանցի ինքնատիպ մի միջոց է` գունեղ, վառ ու  նկարազարդ բովանդակությամբ: Այն կլանում է նրանց ուշադրությունը և խաղի ողջ ընթացքում մտավոր ակտիվություն ապահովում»: 
«Խաղում ենք հայերեն» կարգախոսի ներքո թողարկվող «Այլկերպիկ»-ը երաշխավորված է ՀՀ Լեզվի պետական տեսչության կողմից, որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ: Այն կարելի է ձեռք բերել մայրաքաղաքի գրախանութներից: 
Նյութը կարող եք կարդալ նաև kids.nt.am մանկական կայքում: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Տեսանյութը և լուսանկարները՝  «Նոյյան Տապան»-ի
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից