«Մի վնասիր». Երևանյան մանկապարտեզում սաներին դաստիարակում են բժշկության ոսկե կանոնով

02-11-2016 15:45:50   | Հայաստան  |  Հասարակություն

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թիվ 108 մանկապարտեզում աշնանային հանդեսն առողջ ապրելակերպին էր նվիրված: «Ինչով են անհրաժեշտ վիտամիններն օրգանիզմին, ինչու պետք է երեխաներն ուտեն մրգեր և բանջարեղեն, արդյոք պետք է ուտելուց առաջ լվանալ ձեռքերը». այս ու ճիշտ սնվելուն առնչվող այլ հարցերի էին մանկապարտեզի սաները պատասխանում՝ խորագրում ունենալով բժշկության ոսկե կանոնը՝ «Մի վնասիր»:

«Մենք նպատակ ունենք ամրապնդելու երեխաների գիտելիքները, ցույց տալու ծնողներին նրանց բալիկների պատրաստվածությունը՝ հատկապես առողջությանը վերաբերող հարցերում, քանի որ առողջ սերունդ դաստիարակելը մեր պարտքն է, մանավանդ, երբ այդ ամենն ուղեկցվում է նաև հայրենասիրական դաստիարակությամբ. մեզ առողջ և հայրենասեր սերունդ է անհրաժեշտ»,­ «Արմենպրես»­ի փոխանցմամբ` նշում է մանկապարտեզի տնօրեն Նունե Իսրայելյանը: Նա համոզված է, որ նման խորագրով միջոցառումը կնպաստի նաև երեխաների բացակայությունների նվազմանը: «Շատ է խոսվում, որ երեխաները հիվանդանում են ու հաճախ բացակայում, մենք էլ մեր կողմից փորձեցինք ձայն բարձրացնել ու ասել՝ եթե երեխաները ճիշտ սնվեն, առողջ ապրելակերպ վարեն, քիչ կհիվանդանան, չեն բացակայի նաև մանկապարտեզից ու պարապմունքներից»,­ընդգծում է տնօրենը: Ավագ խմբի դաստիարակ Վարսենիկ Բաբայանը հանդեսի սցենարը մտահղացնելիս առաջնորդվել է այն գաղափարով, որ երեխաներն իրենք գտնեն իրենց հուզող հարցերի պատասխանները: Նրանցից շատերը մինչև հանդեսի նյութերին ծանոթանալը չէին ցանկանում ուտել առաջին կերակրատեսակները, հրաժարվում էին այս կամ այն ուտելիքից, քանի որ դրա մեջ իրենց չնախընտրած բանջարեղեններն են: «Իսկ հանդեսի ժամանակ ստանալով ճիշտ խորհուրդներ միմյանցից, արդեն գիտեն, թե ինչու է անհրաժեշտ ուտելուց առաջ լվանալ ձեռքերը, գիտեն, թե որ միրգն ու բանջարեղենն ինչ վիտամիններ են պարունակում, գիտեն, թե ինչով է կարևոր առավոտյան նախավարժանքն իրենց օրգանիզմն առողջ ու կազդուրված պահելու համար, անգամ գիտեն, թե ինչու իրենց տատիկը կոնֆետ չի ուտում՝ ասելով, թե «շաքարը կբարձրանա»: Հիմա նրանք ավելի հասուն են ու վստահ եմ, որ յուրացրեցին առողջ սնվելու մի քանի գաղտնիք»,­նշում է դաստիարակը: Ի դեպ, միջոցառումը հատուկ հյուր ուներ` «Մի վնասիր» հայաստանյան հեռուստահաղորդման պրոդյուսերը: 

 

 

 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից