21-րդ տեղը` 21.000-ից այս ցուցանիշով հայ դպրոցականները վերադարձան Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայից

06-12-2016 16:48:13   | Հայաստան  |  Մանկական էջ
Այս տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվել է ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադան (ՌՀՕ)։
 

Արդեն իսկ առաջին տարում մրցույթին մասնակցեց Հայաստանի տարբեր դպրոցներից 9 թիմ։ Հուլիսի 8-ին տեղի ունեցավ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի ազգային փուլը, որի հաղթող թիմը նոյեմբերին մեկնեց Դելի՝ մասնակցելու միջազգային փուլին և ներկայացնելու Հայաստանը։
 
Այս տարի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան անցնում էր «Պայքարի՛ր թափոնների դեմ» կարգախոսի ներքո։ Ըստ նախատեսվածի` ռոբոտները պետք է օգնեն երեխային մաքրություն անել դեպի դպրոց ճանապարհի ողջ ընթացքում, հավաքեն անպիտան աղբն ու լցնեն աղբամշակման տեսակավորված արկղերի մեջ և կատարեն նմանատիպ այլ առաջադրանքներ։
 
Մրցույթը նպատակն է աշակերտներին ներգրավել գործնական գիտական գործունեության մեջ, զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները, նախադրյալներ ստեղծել աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացման համար։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան հիանալի հարթակ է 21-րդ դարում արդիական գիտելիքներն ու հմտությունները յուրացնելու համար։ Այն գիտության, տեխնոլոգիայի և կրթության ոլորտներին առնչվող նախագիծ է։
 
Միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2004 թ.-ին, որին մասնակցել է 12 երկրից 4000 թիմ։ Այսօր ՌՀՕ-ին մասնակցում է 55 երկրի ավելի քան 21.000 թիմ։
 
Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի ազգային փուլի հաղթող Arm Cyber Kids թիմը ժամանել է Նյու Դելի` ՌՀՕ 2016 միջազգային փուլի եզրափակչին և, մրցելով շուրջ 21.000 թիմերի հետ, զբաղեցրեց 21-րդ տեղը Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայում:
 
Հիշեցնենք, որ Հայաստանը առաջին անգամ է մասնակցում այս մրցույթին:
 
Մենք հպարտանում ենք ձեզնով և շնորհավորում:
 

«ՌՀՕ 2016»-ի ազգային փուլի բացառիկ կազմակերպիչ` «Այբ» կրթական հիմնադրամ

Բացառիկ հովանավոր՝ «Creative Educational Technologies» (CET) ընկերություն, որը «LEGO® Education»-ի պաշտոնական մատակարարն է Հայաստանում

Նոյյան տապան   -   Մանկական էջ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից