Ուշադրություն, ծնողներին՝ համացանցում և սոցիալական կայքերում հայտնված խաղը ինքնասպանության է դրդում երեխաներին

21-03-2017 19:43:46   | Ռուսաստան  |  Հասարակություն
 


Սոցիալական կայքերում երեխաներին ինքնասպանության դրդելու օգտատերերի խումբ է հայտնաբերվել, որի գործողությունների արդյունքում 130 երեխա է ինքնասպան եղել: Ինչպես տեղեկացնում է news.mail.ru-ն, օգտատերերի նման խմբի մասին առաջին անգամ բարձրաձայնել է «Նովայա Գազետա» թերթի լրագրող Գալինա Մուրսալիևան, ով հատուկ հետաքննություն է իրականացրել վերնոշյալ խնդրի հետ կապված: 
Ռուսաստանի առողջապահության նախարարության Անդրբալկանյան շրջանի մամլո ծառայությունից տեղեկացվում է, որ մարտի 17-ին 16-17 տարեկան վեց դեռահասներ և մեկ 11 տարեկան աղջնակ ընդունվել են տարածաշրջանային Կանդինսկու անվան հոգեբուժական հիվանդանոց:  
Երեխաների ձեռքերի վրա իրենց իսկ կողմից արված կտրվածքները և սոցիալական կայքերում նրանց շփումները վերջիններիս ծնողներին ստիպել են շտապ դիմել հոգեբուժարան: 
Երեխաներից չորսը սոցիալապես ապահովված ընտանիքներից են եղել: Եվս երկու երեխա հոսպիտալացվել է Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնից: 
«Երեխաներն ակտիվ նամակագրությամբ են զբաղվել համացանցում, խաղի տարբեր փուլեր են հաղթահարել, կատարել են խաղի համակարգողների հրամանները, ապա սեփական անձին վնաս են հասցրել», - տեղեցկացրել է հիվանդանոցի մամլո քարտուղարը: 
Հիվանդանոցի գլխավոր բժշկի՝ Օլգա Ստուպինայի խոսքերով, ներկա պահին բոլոր երեխաները գտնվում են բուժանձնակազմի հսկողության տակ և ստանում են կոմպլեքս բուժում, և դեղորայքային բուժման հետ մեկտեղ անցկացվում է վերականգնողական բուժում, անչափահասների հետ աշխատում են հոգեբաններ և հոգեթերապևտներ:
Գալինա Մուրսալիևայի հոդվածի հրապարակումից հետո այդ գործով սկսել են զբաղվել իրավապահ մարմինները: 2016 թվականի նոյեմբերին Vkontakte.ru կայքում ստեղծված փակ խմբի ադմինիստրատորին, որը հանդես է եկել Ֆիլիպ Լիս կեղծանվամբ, մեղադրանք է առաջադրվել երեխաներին ինքնասպանության հասցնելու հոդվածով: Հետաքննությունը պարզել է, որ այդ խմբի զոհ է դարձել 15 դեռահաս:
Լրատվամիջոցներում առավել հաճախ վերոնշյալ խաղը հիշատակվում է «Կապույտ կետ» անվամբ, որի ընթացքում «մահվան խումբ» մտած երեխաներին տրվում են հանձնարարություններ, որոնք պետք է  անպայման կատարվեն: Միևնույն ժամանակ խմբերի համակարգողները երեխաներից պահանջում են ամբողջ կատարվածը գաղտնի պահել ծնողներից: 
Ի դեպ` խնդիրների ցանկը կարող է տարբեր լինել: Հոգեբուժական հիվանդանոցի մասնագետները բերել են երեխաների կողմից ստացված ամենատարածված հրահանգների օրինակներ: 
«Երեխաներին կարող են տրվել գիշերը ժամը 4:20-ին սարսափ ֆիլմ դիտելու կամ այդ ժամին բարձրահարկ շենքի տանիք բարձրանալու, ձեռքի վրա «կապուտ կետ» գրառումը կամ այլ կենդանի պատկերելու հրահանգներ, սակայն ոչ թե գրիչով կամ մատիտով, այլ ածելիով, կամ պարզապես ասեղով ծակելով ձեռքը: Խնդիրներից մյուսն ականջակալներով մի քանի ժամ երաժշտություն լսելն է, որն ուղարկել է հրահանգիչը, կամ ողջ օրը ինքնասպանության մասին գրքեր կարդալը. այլ կերպ ասած, երեխան պետք է վնասի կամ ինքն իրեն, կամ հարազատներին»,- պարզաբանել է հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Տատյանա Սնիգուրյակը` հավելելով, որ սարսափ ֆիլմերի դիտումը, դեպրեսիվ բնույթի գրքերի ընթերցումը բացասաբար են ազդում երեխայի ինքնազգացողության վրա: 
Սնիգուրյակի խոսքերով՝ երեխաներին խնդիրները հանձնարարվել են առավոտյան չորսին, քանի որ այդ ժամանակը համարվում է խորը քնի շրջան, երբ ստացված տեղեկատվությունը շատ լավ է պահվում ենթագիտակցության մեջ: Արդյունքում տեղի է ունենում քնի և իրականության միախառնում, և դեռահասներին թվում է, թե իրենց գործողություններն իրական չեն: Հենց այդ պահերին էլ խաղի հրահանգիչները տվել են այնպիսի հանձնարարություններ, ինչպիսիք են օրինակ ինքնասպան լինելը:  
Մասնագետները կարծում են, որ դեռահասները նման սուր զգացողություններ փնտրում են հիմնականում ծնողներից կողմից ոչ բավարար ուշադրության արժանանալու պատճառով: Հոգեբույժներն ընդգծում են, որ երեխաների և ծնողների միջև նորմալ հարաբերությունների և վստահության մթնոլորտի դեպքում երեխաները չեն ներգրավվում «մահվան խմբում»:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից