Դարձյալ «գյուլլելու» թեմայով.Արամ Աբրահամյան

30-03-2017 13:36:26   | Հայաստան  |  Հոդվածներ
Քարոզարշավի ժամանակ գյուղերից մեկում տարեց մարդիկ «բռնացրել էին» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին եւ համոզում էին, որ նա պետք է «գյուլլեր» իր եղբորը սպանողներին եւ նրանց պատվիրատուներին:
 

Քաղաքական գործչի պատասխանը միանգամայն ադեկվատ էր՝ «գյուլլելով» պետություն չեն կառուցում, «գաղափարական հողի վրա» մարդասպան դառնալով դու «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործներից ոչնչով չես տարբերվի եւ միայն խնդիրներ կստեղծես քո պետության համար: Իհարկե, «պապիներին», ինչպես նաեւ մեր բնակչության մեծամասնությանը դրանում հնարավոր չէ համոզել՝ նրանք մնացին իրենց կարծիքին եւ կշտամբեցին զրուցակցին՝ «թույլ տղա դուրս եկար»: (Այլ հարց է՝ Արամ Սարգսյանի ակնարկն այն մասին, թե իր եղբայրը դեմ էր կամայականություններին եւ ապօրինի բռնությանը: Բայց այս հարցի մեջ առաջարկում եմ չխորանալ: Ինչպես ասում են՝ aut bene, aut nihil):
 
«Գյուլլելու» մասին:
 
Սա պետություն չունեցող ազգի մտածողություն է: Իհարկե, զարգացած պետություններում նույնպես հանդիպում են նման մեթոդների կողմնակիցներ: Օրինակ՝ Անդրեաս Բրեյվիկը Նորվեգիայում: Բայց մեր եւ Նորվեգիայի տարբերությունն այն է, որ այնտեղ հասարակության մեծ մասը չբացականչեց՝ «վախ, ցավդ տանեմ, Բրեյվիկ ջան, դու ազգի հերոս ես՝ Նորվեգիայի կառավարությունն է մեղավոր, հասցրին էդ միգրանտները, ուրիշ ճար չկար» (չնայած կան նաեւ Բրեյվիկի երկրպագուների ակումբներ): Մեծամասնությունը դրան դեմ է, եւ պատճառն այն է, որ Սահմանադրությունը Նորվեգիայում ընդունվել է 1814 թվականին, իսկ շվեդների դեմ ազգային-ազատագրական պայքարն ավարտվել է նույն դարի կեսերին: Դրանով նաեւ ավարտվել է «ուժեղ տղերքի» պաշտամունքը: Ցանկացած լարված իրավիճակում, օրինակ՝ ընտրությունների ժամանակ, «գյուլլելու» կողմնակիցներն ակտիվանում են: Քարոզչության մեջ պաշտոնապես դա չի ասվում, բայց որպես արյունահեղության սպառնալիք, այնուամենայնիվ, հնչում է: Ի դեպ, ՕՐՕ-ի կողմնակիցները պետք է կողմնորոշվեն՝ կա՛մ պնդել, որ իրենց դաշինքի «կոորդինատորի» դեմ գործ են սարքում, կա՛մ էլ հայտարարել, որ նա իսկապես ցանկանում էր զենք կիրառել՝ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար, եւ ողջունել դա՝ «լավ էր անում, աչքն էլ հանում էր, դրանց սաղին գյուլլել է պետք, նա եւս մի Սասնա ծուռ է»: Առաջինը ձեռնտու է զուտ նախընտրական քարոզչության շրջանակներում, բայց երկրորդը շատ ավելի «ժողովրդական է» եւ լայն զանգվածներին՝ դուրեկան: Բնական եմ համարում, որ քաղաքական գործիչները ցանկանում են դուր գալ «ժողովրդական զանգվածներին»: Բայց պետք է գտնվեն մարդիկ, մտավորականներ, որոնց պատգամավորական մանդատ կամ պաշտոն պետք չէ, եւ որոնք պատրաստ են գնալ հոսանքի դեմ:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից