Մի՞ թե աստիճանաբար սկսվում է Երրորդ համաշխարհայինը, իսկ գուցե այն արդեն սկսվա՞ծ է (տեսանյութեր և լուսանկարներ)



07-04-2017 17:51:05   | ԱՄՆ  |  Միջազգային
 

 
Միացյալ Նահանգներն անցած երեքշաբթի օրը Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացված քիմիական կասկածելի հարձակման (ըստ որոշ տեղեկությունների, ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների կողմից կազմակերպված սադրանքի) պատրվակով այսօր վաղ առավոտյան ամերիկյան «Ռոս» և «Փորթեր» ռազմանավերից  «Tomahawk» մակնիշի 59 թևավոր հրթիռ է արձակել Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Ալ Շարիաթ»-ի ավիաբազայի ուղղությամբ:
Հրթիռներն ուղղված են եղել թռիչքուղուն, կայանված ինքնաթիռներին և դրանց լցավորման համալիրին: Սիրիական SANA պետական տեղեկատվական գործակալության թղթակցի հաղորդման համաձայն, Ալ Համրաթ և Շարիաթ բնակավայրերի շրջանում գտնվող օդանավակայանին ուղղված  հրթիռային հարձակման հետևանքով զոհվել են նաև 9 խաղաղ բնակիչներ, որոնց թվում չորս երեխաներ, յոթ հոգի վիրավորվել են: Սիրիական ավիաբազայի հրամանատարության տեղեկատվության համաձայն, որը մեջբերել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, զոհվել է սիրական չորս զինծառայող, ևս երկուսն անհետ կորել են:
Ավելի ուշ սիրիական բանակի պաշտոնական հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ հիշյալ հարձակման հետևանքով 6 հոգի զոհվել, բազմաթիվ ուրիշներ վիրավորվել են: Մարդու իրավունքների գծով սիրիական մոնիտորինգային կենտրոնի տվյալներով, զոհերի թիվը հասել է մինչև 7-ի: Նշված կազմակերպության տեղեկությունների համաձայն, զոհերի թվում է նաև Սիրիայի կառավարական բանակի մի գնդապետ, որը հրամանատարել է բրիգադային հակաօդային պաշտպանությունը:
Նախնական տեղեկատվության համաձայն, ռուս զինծառայողներից որևէ մեկը չի զոհվել: ԱՄՆ-ը Ռուսաստանին նախապես տեղեկացրել է հարձակման մասին, սակայն նրա համաձայնությունը չի հարցրել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն արդեն իսկ համարել է Սիրիայի նկատմամբ ագրեսիա:
Հարձակման հրամանը տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա Ֆլորիդայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ինքը հրաման է արձակել հարվածել ավիաբազային, որից, ԱՄՆ նախագահի խոսքով, իրականացվել է ենթադրյալ քիմիական գրոհը Իդլիբ նահանգում:
«Ես հրամայել եմ թիրախային ռազմական հարված հասցնել Սիրիայի ավիաբազայի ուղղությամբ, որից քիմիական գրոհ է իրականացվել»,- ասել է Դ. Թրամփը:
Ինչպես փոխանցել է «Fox News»-ը, Միացյալ Նահանգները Սիրիայի նկատմամբ կարող է ռազմական գործողություն իրականացնել Միջերկրական ծովում տեղակայված իր երկու ռազմանավերի միջոցով, որոնք զինված են «Tomahawk» թևավոր հրթիռներով և «Aegis» հակակրթիռային համակարգերով:
ԱՄՆ նախագահը հարվածը համարել է «համաչափ պատասխան» քիմիական գրոհին: Gazeta.ru-ի տեղեկացմամբ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն համակարգել է իր գործողությունները դաշնակիցների հետ Սիրիայի բազային հարվածելուց առաջ, և նրանք աջակցել են Վաշինգտոնի պլաններին:
«Մենք չենք կարող ընդունել Մոսկվայի որևէ հավաստիացում», - ասել է Թիլերսոնը:
Պետքարտուղարը նշել է, որ Ռուսաստանը չի կարողացել իրականացնել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման մասին 2013թ. համաձայնագիրը և Սիրիայում քիմիական հարձակումների կանխումը: Նրա խոսքով՝ «Մոսկվան կամ եղել է հանցակից, կամ ի վիճակի չի եղել կյանքի կոչելու այդ համաձայնագիրը»:
Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է… Սիրիայի կառավարական համակարգը կործանելու ուղղությամբ ահաբեկիչների 6-ամյա ջանքերի ձախողումից հետո, Վաշինգտոնի գլխավորությամբ ահաբեկիչներին պաշտպանող արևմտյան-արաբական կոալիցիան Սիրիայի կառավարության դեմ ռազմական քայլ ձեռնարկելու համար վերջին օրերին պատրվակ փնտրելով, Դամասկոսի իշխանություններին մեղադրել է Իդլիբի հարավում գտնվող «Խան Շեյխուն» տարածքում քիմիական զենք կիրառելու մեջ, ինչը Սիրիայի կառավարությունը հերքել է:
Ընդգծենք, որ մի քանի տարի առաջ Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացումը ստուգվել, արձանագրվել ու հավաստվել է երեք միջազգային հանձնաժողովների կողմից: Համապատասխան մասնագետները ոչնչացրել էին ոչ միայն Սիրիայի քիմիական զենքի բոլոր պաշարները, այլև դրանց արտադրության բոլոր միջոցները: Բացի այդ, Սիրիայի կողմից Իդլիբ քաղաքում քիմիական զենք կիրառելը բացարձակապես անիմաստ էր, քանի որ Սիրիայի զինված ուժերը հաղթող կողմ են և առանց քիմիական զենքի կիրառման էլ Իդլիբը շուտով մաքրելու են Սիրիայի զինված ընդդիմության, ահաբեկչական տարբեր կազմակերպությունների, նրանց թվում նաև «Իսլամական պետության» այն մնացորդներից, որոնք հիմնականում Իդլիբ էին տեղափոխվել Հալեպը ստիպված թողնելուց հետո:
Ավելին. Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառումը ոչ միայն անիմաստ, այլև անտրամաբանական կլիներ, որովհետև Բաշար Ալ Ասադը և նրա վարչակարգը պարզապես չէին կարող չհասկանալ, որ քիմիական զենքի կիրառումն իրենց դեմ է օգտագործվելու, թեև, ըստ իս, լիարժեքորեն ունեին դրա իրավունքը, քանի որ հենց Իդլիբում պատսպարված ուժերի կողմից ոչ վաղ անցյալում ք քիմիական զենքը քանիցս կիրառվել է Սիրիայի կառավարական զորքի և այդ երկրի բնակչության դեմ: Այսինքն՝ ահաբեկիչների դեմ համարժեք պատասխանը լիովին արդարացված կլիներ: 
Արևմտյան ԶԼՄ-ները դեռ երեկ գիշեր տեղեկացրել էին Սիրիայի նկատմամբ հավանական ոտնձգության համար ԱՄՆ-ի պատրաստության մասին: Արևմտյան որոշ աղբյուրներ հայտարարել էին, որ Պենտագոնը Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ամերիկյան «Յու Էս Էս Փորթեր» և «Յու Էս Էս Ռաս» ռազմանավերի հրամանատարությանը  հրահանգել է ռազմանավերը մարտական պատրաստության վիճսկի բերել` Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հավանական ոտնձգության համար:
«Սի Էն Էն»-ը հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի կողմից Դոնալդ Թրամփին ներկայացված բացատրական զեկույցի մասին, որը ներառում է Սիրիայի կապակցությամբ ԱՄՆ-ի այլընտրանքները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, «Ֆաքս Նյուզ»-ի տեղեկացմամբ, ներկայացրել է Սիրիայի կառավարության կործանման իր նախագիծը: Դատելով ամենից, այդ նախագիծը հիմնված է սադրանքների և ռազմական միջամտության վրա, որի առաջին փուլը կարելի է արդեն սկսված համարել: Այս առումով Թրամփի քաղաքականությունը չափազանց վտանգավոր է համաշխարհային անվտանգության տեսանկյունից և անհամեմատ վատն է, քան նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահի քաղաքականությունը, որը սահմանափակվում էր սիրիական զինված ընդդիմությանը և «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական կազմակերպությանն աջակցելով:
Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի կատարած այս հարձակումն պատմության ընթացքում աննախադեպ է: Ոչ միայն այն առումով, որ Սիրիական պատերազմի սկսումից ի վեր, սա ԱՄՆ-ի կողմից առաջին հարվածն է Սիրայի կառավարական զորքի դիրքերին: Շատ ավելի կարևոր է այն, որ Պենտագոնը դրանից առաջ տեղեկություններ է ունեցել, որ ավիաբազայում գտնվում են նաև ռուս զինվորականներ: Սակայն, նույնիսկ այս հանգամանքը Միացյալ Նահանգներին հետ չի պահել Սիրիայի ռազմական օդանավակայանի դեմ հարձակումից: Փորձագետները զգուշացնում են, որ Թրամփի այս որոշումը կարող է ծանր հետևանքներ ունենալ:
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի աշխատակազմից հայտարարել են, որ ԱՄՆ-ն իր գործողություններով աջակցում է ահաբեկիչներին, և որ Միացյալ Նահանգների իրականացրած հիթիռակոծումը անպատասխանատու և անհեռատես ակցիա է, որը չունի ոչ ռազմական, որ քաղաքական հեռանկար: Նկատենք, որ ահաբեկիչներին աջակցելու վերաբերյալ հայտարարությունը միանգամայն ճշմարիտ է, քանի որ ԱՄՆ-ի իրականացրած հրթիռային հարձակումից անմիջապես հետո «Իսլամական պետության» մարտիկները Հոմսում անցել են հարձակման:
Միանշանակ է, որ, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու: Ընդգծենք, որ Թրամփի հրամանով իրականացված այս հարձակումը Կոնգրեսի հետ համաձայնեցված չի եղել, որոշել են չորս հոգով` ԱՄՆ նախագահը, անվտանգության հարցերով նրա գլխավոր խորհրդականը, Պենտագոնի ղեկավարը և պետքարտուղարը: Մի՞ թե աստիճանաբար սկսվում է Երրորդ համաշխարհայինը, իսկ գուցե այն արդեն սկսված է… 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
Նոյյան տապան   -   Միջազգային
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից