Երևանում կանցկացվի բարեգործական միջոցառում․ Հավաքված գումարներով կկազմակերպվի ապրիլյան քառօրյայում զոհվածներից 25-ի ընտանիքների ամառային հանգիստը (տեսանյութ)



11-04-2017 16:07:50   | Հայաստան  |  Բարեգործություն
 

Ապրիլյան քառօրյա պատերազմի ցավն ու կսկիծը վերապրած որդեկորուս մայրերի առօրյան մի փոքր փոխելու, նրանց հոգսը թեթևացնելու նպատակով «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» սոցիալական հասարակական կազակերպությունն ապրիլի 14-ին Արարատ հյուրանոցում անցկացնելու է բարեգործական միջոցառում, որից ստացված ողջ հասույթն ուղղվելու է ապրիլյան քառօրյայում զոհված հայորդիներից 25-ի ընտանիքի անդամների ամառային հանգիստը կազմակերպելուն։ 
Ինչպես ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց « Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հիմնադիր Մանուշակ Ստեփանյանը, այդ օրը նախատեսված է իրականացնել հագուստի հատուկ հավաքածույի, օրգանիկ օճառների, տիկնիկ հուշանվերների, գրքերի, կտավների վաճառք, որից գոյացած գումարներով ապրիլյան քառօրյայում զոհված 25 հայորդիների հարազատները մեկ շաբաթով կհանգստանան Սևանում և Ծաղկաձորում։ 
Մ․ Ստեփանյանի փոխանցմամբ՝ հագուստի հատուկ հավաքածուն պատրաստել է «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ ներկայացուցիչ, դիզայներ- նկարիչ, մոդելավորող Ստելլա  Մելիքյանը, ով իր առաջին հավաքածույի վաճառքից ստացված հասույթը որոշել է նվիրել զոհվածների մայրերին։ 
«Երբ Ստելլան ինձ ներկայացրեց իր ծրագիրը, ես էլ որոշեցի այդ օրվա համար տպագրել իմ հեղինակած գիրքը և իմ կտավների ցուցադրությունը կազմակերպել, մեզ միացավ մեր կազմակերպության մեկ այլ ներկայացուցիչը՝ տիկին Լենան, ով հանձն առավ Զատկի տոնին ընդառաջ տիկնիկներ պատրաստել և ապրիլի 14-ին վաճառքի հանել»,- նշեց Մ․ Ստեփանյանը։ 
Վերջինիս խոսքերով՝ բարեգործական միջոցառման կազմակերպման և անցկացման հարցում իրենց աջակցություն են ցուցաբերելու նաև «Արտ հաուզ» ուսումնական կենտրոնը, «Արարատ» հյուրանոցը, AAD.am-ը, իրավապաշտպան Նարե Արամյանը, Անուշ Գևորգյանը, «Տղամարդիկ» ՀԿ նախագահ Արա Մելիքյանը։ 
Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքի անդամների հոգսերին ու կարիքներին՝ Մ․ Ստեփանյանը շեշտեց, որ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հարազատներն անուշադրության են մատնված։ 
«Ապրիլյան քառօրյայի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կորցրեցին իրենց զավակներին, ովքեր նաև այդ ընտանիքների աշխատող ուժերը պետք է լինեին։ Ինչպես գիտեք այսօր 30 տարեկանից հետո մարդիկ աշխատանք չեն կարողանում գտնել, այսինքն՝ ծնողները գործազուրկ են»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետությունը միայն մեկ տարի փոխհատուցեց այդ 106 ընտանիքների ամսական էլեկտրաէներգիայի վճարները։ 
«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հիմնադիրի խոսքերով՝  նշյալ ընտանիքներին տրամադրվող 30 հազար դրամ պարգևավճարները բավարար չեն նրանց կարիքներն հոգալու համար։ 
«Շատ ծնողներ կարծես թե համակերպվեցին ընտրություններն ամսին 2-ին անցկացնելու հետ, սակայն այդ օրը հերոսների ընտանիքներն անտարբերության մատնվեցին: Նրանց որդիների շիրմաքարերին այցելություն  չկազմակերպվեց․ դա միայն պատշաճ կերպով եղավ Եռաբլուրում, բայց չէ որ հերոսները միայն մայրաքաղաքում չեն: Զոհվածների ծնողները վիրավորված են ոչ միայն անտարբերությունից, այլև որ ապրիլի 2-ին հրավառություն եղավ»,- ընդգծեց նա: 
«Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ, AAD.am կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանն իր հերթին շեշտեց, որ հայ ազգը վերջապես կարողացել է արժևորել իր հերոսներին նաև կենդանության օրոք։ 
«Մարտական գործողությունների ժամանակ աչքի ընկած մեր հերոսներն այսօր կարողանում են դասեր տալ մատաղ սերնդին․ բուհերում, դպրոցներում և հասարակական վայրերում նրանց ներկայությունը ոգևորիչ է ու կարևոր»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց կազմակերպությունը նյութական աջակցություն է ցուցաբերել ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված զինծառայողներին։ 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Բարեգործություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից