Երևանի քաղաքապետի՝ նվիրատվությունների մասին որոշ կարգադրություններ հասկանալի չեն.Անահիտ Բախշյան

20-04-2017 17:51:01   | Հայաստան  |  Հասարակություն
Ուսումնասիրել եմ Երևանի քաղաքապետի 2015թ., 2016թ. և 2017թ.-ի մարտ, ապրիլ ամիսների կարգադրությունները, հատկապես «Գումար հատկացնելու» նպատակով տրվածները:
 


2015-ի մարտին տրվել է 75 կարգադրություն, որոնցից 17-ը՝ այդ նպատակով, 2016-ին՝ 78-ից 21-ը, 2017-ին՝ 80-ից 36-ը : 2015-ի ապրիլին տրված 48 կարգադրություններից 24-ն են «Գումար հատկացնելու» նպատակով, 2016-ի ապրիլին՝ 80-ից 26-ը, 2017թ. ապրիլին՝ 27-ից 17-ը: Նկատելի է 2016թ.-ի համեմատությամբ 2017-ի մարտ, ապրիլ ամիսներին «Գումար հատկացնելու» նպատակով կարգադրությունների աճը: Իհարկե, 2017թ.-ի կարգադրությունների մեջ կան նվիրատվություններ, որոնց նպատակը ողջունելի ու հասկանալի է, օրինակ՝ «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ին, կամ «Երևանյան հեռանկարներ» փառատոնին հատկացված նվիրատվությունները: Հասկանալի, բայց ողջունելի չեն «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից տարբեր վարչական շրջանների՝ սոցիալապես անապահով անձանց նվիրատվությունների մասին կարգադրությունները, որոնց թիվն այս տարի նկատելիորեն ավելացել է, և իրավունք ունեմ ենթադրել, որ դրանք ուղիղ կապված են ընտրությունների հետ: Սակայն կան նվիրատվություններ, որոնց տալու նպատակը բոլորովին հասկանալի չէ, կարգադրության մեջ նվիրատվության նպատակի մասին ոչինչ գրված չէ: Մասնավորապես. Ինչո՞ւ է. • 258-Ա 18.04.2017թ. կարգադրությամբ «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ին տրվել 6.588 մլն նվիրատվություն: • 235-Ա 03.04.2017թ. կարգադրությամբ «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Երևան» հիմնադրամին որպես նվիրատվություն տրվում 16950.0 (տասնվեց միլիոն ինը հարյուր հիսուն) հազար դրամ: • 256-Ա 14.04.2017թ. կարգադրությամբ «Երևան» հիմնադրամին որպես նվիրատվություն հատկացվում 2500.0 (երկու միլիոն հինգ հարյուր) հազար դրամ: • 254-Ա 14.04.2017թ. կարգադրությամբ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ին որպես նվիրատվություն հատկացվել 42632.9 (քառասուներկու միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր) հազար դրամ: Սրանք միայն մեկ ամսվա մեջ արված անհասկանալի նվիրատվություններն են, կարելի է պատկերացնել, թե տարվա կտրվածքով դրանք որքան կլինեն ու անել համապատասխան հետևություններ այն մասին, թե երևանցիներին ծառայելու փոխարեն բյուջեն ում է ծառայում: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ այս կարգադրություններով դուրս գրված միլիոնների ծախսի նպատակն անհայտ է: Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, երևանցիներն ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ և սպասվող ընտրություններում ակնկալում են այդ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Համոզված եմ, որ նրանք ուզում են ընտրել քաղաքական այն թիմը, որը Երևանի բյուջեի յուրաքանչյուր լուման կբաշխի արդյունավետորեն, խնամքով, ծանր ու թեթև անելով և յուրաքանչյուր լումայի համար կներկայացնի հաշվետվություն: 
 
Անահիտ Բախշյան «Բարև Երևան» խմբակցության անդամ 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից