«Բարի մամա»-ն մեկնարկել է բարեգործական միջոցառումների շարք` ուղղված «Բարի տնակ»-ի կառուցմանը (տեսանյութ)



05-05-2017 17:26:12   | Հայաստան  |  Բարեգործություն
 


Մենք արդեն անդրադարձել էինք Երևանում գործող «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության գործունեությանը, որը հիմնականում ուղղված է հաշմանադամության պատճառով ծնողների կողմից հիվանդանոցում լքված փոքրիկների խնամքի և բարեկեցության ապահովմանը։ Դեռ այն ժամանակ «Բարի մամա»-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը տեղեկացրել էր, որ նպատակ ունեն մայրաքաղաքում կառուցել «Բարի տնակ», որտեղ հաշմանադամության պատճառով մանկատանը հայտնված երեխաները կստանան անհրաժեշտ թերապևտիկ բուժում, իսկ սեփական երեխաներից ստիպողաբար հրաժարված մայրերը կունենան ապաստան ու աշխատանք։ 
«Բարի տնակ»-ի կառուցման գաղափարն այժմ գտնվում է իրականացման փուլում։ Այդ կապակցությամբ «Բարի մաման» պարբերաբար հանդես է գալու տարբեր բարեգործական նախաձեռնություններով։ Դրանցից առաջինը մայիսի 1-ին Թումո ստեղծարար կենտրոնի խաղահրապարակում կայացած Բարի հանդիպումն էր։ 
Բարի հանդիպումը փոքրիկների ու նրանց ծնողների համար հետաքրքիր և ուրախ դարձնելու նպատակով նախաձեռնության հեղինակաները ժամանցի կազմակերպման բազմազան տարբերակներ էին մշակել։ 
Մինչ երեխաները խաղում էին խաղահրապարակում կամ ալբոմներն ու գիպսե արձանիկներ էին գունազարդում, նրանց մայրիկները հնարավորություն ունեցան լուսանկարել իրենց փոքրիկներին հրավիրված մուլտհերոսների հետ, տեղում օգտվել մատնահարդարի անվճար ծառայությունից, ինչպես նաև ըստ ցանկության կատարել հանգանակություն։ 
Նշենք, որ «Բարի տնակի» կառուցման առաջին փուլը ենթադրում է համապատասխան հողատարածքի ձեռք բերում, որի համար անհրաժեշտ է 20000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Բարեգործական միջոցառումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որ անհրաժեշտ գումարը կհավաքվի։ 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան   -   Բարեգործություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից