Սիրիայում պատերազմը կարող է նոր թափով բռնկվել, եթե ԱՄՆ-ը տապալի Աստանայի համաձայնությունը

15-05-2017 23:14:31   | ԱՄՆ  |  Քաղաքական
 

 
Համաձայն «Ռուսիա-ալ-Յում» հեռուստակայանի հաղորդման, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռները շաբաթ օրն ավիահարվածներ են հասցրել Ռաքքա քաղաքի բնակելի տարածքներին, ինչի հետևանքով զոհվել են մի ընտանիքներից մեկի 7 անդամներ: Այս մասին տեղեկացրել է «Ռուսիա-ալ-Յում» հեռուստակայանը: Այսպիսով միայն 3 օրում` մայիսի 11-13-ը ժամանակահատվածում, կոալիցիայի ռազմական ինքնաթիռների իրականացրած ավիահարվածների հետևանքով Սիրիայի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է առնվազն 23-ի:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր-ալ-Զորի արևելյան արվարձանի դեմ կոալիցիայի ռազմական ինքնաթիռների իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվել են առնվազն հինգ հոգի: Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդել  է արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Տեղեկացվում է նաև, որ միջազգային կոալիցիայի ավիացիայի կողմից մայիսի 11-ի գիշերը հարվածներ են հասցվել Ռաքքայի հյուսիսում Էս Սալահիա գյուղին: Հարձակման հետևանքով զոհվել են առնվազն 11 բնակիչ, նրանց թվում` չորս երեխա:
Միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են նաև Համայի հյուսիսային արվարձանում գտնվող Ալ-Լաթամենա քաղաքավանի որոշ հատվածներ: Ավիահարվածների զոհերի գլխավոր մասը խաղաղ քաղաքացիներ են: Այս հարձակումները նախկինում շարունակ արժանացել են Սիրիայի կառավարության և իրավապաշտպան այլ կառույցների բողոքին, սակայն ապարդյուն:
ԱՄՆ-ի և կոալիցիայի պատճառաբանությունը նման դեպքերում սովորաբար հետևյալն է` ինքնաթիռները գրոհել են ենթադրյալ ահաբեկիչների դիրքերի վրա: Սակայն այն, որ տվյալ դեպքում ավիահարվածներն իրականում հասցվել են ոչ թե ահաբեկիչներին, այլ Սիրիայի խաղաղ բնակչությանը ու քաղաքացիական բնակչությունից մեծաթիվ զոհեր խլել, դա ոչինչ… Ըստ էության, այս ամենը պատահականություն չէ. այս կերպ է պատասխան տրվում ու հակազդելու փորձ արվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և ահաբեկչական այլ խմբավորումներին Սիրիայի և Ռուսաստանի զինված ուժերի կողմից հասցվող հարվածներին:
Վաղուց և ոչ առանց հիմքերի այն կարծիքը կա, որ ԱՄՆ-ի ու նրա որոշ դաշնակիցներ, գաղտնի թե ոչ գաղտնի կերպով, իրականում հովանավորում են Սիրիայում գործող հիշյալ և այլ ահաբեկչական խմբավորումների: Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը օրերս հայտարարել է, որ «Բոլոր այդ խմբերի ընդհանրությունը վահաբական գաղափարախոսությունն է, բոլորի սանձերը Միացյալ Նահանգների ձեռքում է»:
Ինչպես ավելի վաղ նշել էի իմ հոդվածներից մեկում, Սիրիայում անվտանգության չորս գոտի («ոչ բախումային» կամ «ապաէսկալացված» շրջաններ) ստեղծելու վերաբերյալ Աստանայում Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 4-ին ձեռք բերված ու մայիսի 6-ից ուժի մեջ մտած համաձայնությունը ձեռնտու չէ ԱՄՆ-ին, Արևմուտքի նրա դաշնակիցներին, ինչպես նաև ԱՄՆ-ի վրա լրջագույն ազդեցություն ունեցող Իսրայելին կամ սիոնիստական ռեժիմին, որովհետև որքան Սիրիայում շատ արյուն թափվի, հյուծիչ պատերազմը շարունակվի և իրավիճակը լարվի` էլ ավելի ծանրացնելով Ասադի, նրա վարչակազմի դրությունը, այնքան, սեփական շահերի տեսանկյունից, իրենց համար լավ, հետևաբար նրանք հնարավոր ամեն ինչ անելու են այդ նախաձեռնության իրագործումը տապալելու համար:
Ռուսաստանի կողմից մայիսի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացված և Աստանայում ձեռք բերված հիշյալ համաձայնությունն ամրագրող ՄԱԿ-ի բանաձևի նախագծի ընդունմանը խոչընդոտելու համար ԱՄՆ-ի կողմից էական ազդեցության ենթարկվող միջազգային այդ կառույցից թե հենց ԱՄՆ-ից ասվել է, թե որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն իր բանաձևով հավանության արժանացնի և ամրագրի Աստանայի համաձայնագիրը, անհրաժեշտ է, որ Սիրիայի տարածքում ՄԱԿ-ի հովանու ներքո ստորաբաժանումներ տեղակայվեն: Դրան անմիջապես հետևել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմի կտրական արձագանքը: «ՌԻԱ Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Սիրիայում «ապաէսկալացված» կամ «անվտանգության» գոտիների պահպանման նպատակով Սիրիայի տարածքում ՄԱԿ-ի հովանու ներքո ստորաբաժանումների տեղակայման հնարավորությունն իրենք բացառում են, և որ որևէ միջազգային ուժ, բացի Ռուսաստանից, չի ներգրավվելու նշված գոտիների պաշտպանությանը:
Հիշյալ անվտանգության գոտիներում ՄԱԿ-ի հովանու ներքո ստորաբաժանումներ տեղակայելու մտահղացմանը զուգահեռ, ԱՄՆ-ը, անկոչ հյուրի նման (իբրև անվտանգության գոտիներում խաղաղության երաշխավորի), փորձում է առաջ տանել այդ գոտիներում միջազգային կոալիցիայի ավիացիայի աշխատանքի գաղափարը, ինչը նշանակում է հարամել նշված գոտիներում հնարավոր խաղաղության հաստատումը:
«Անվտանգության գոտիներում ավիացիայի, հատկապես միջազգային կոալիցիայի ավիացիայի աշխատանք նախատեսված չէ՝ ծանուցմամբ, թե առանց դրա,-հայտարարել է Աստանայի բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանորդ Ալեքսանդր Լավրենտևը:- Այդ հարցը փակված է: Միջազգային կոալիցիան կարող է աշխատել միայն Իրաքի տարածքում, Ռաքքայի, Դեր Զորի և Եփրատի շրջանների բնակավայրերում տեղակայված ԻՊ դիրքերի ուղղությամբ»: 
ՌԴ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանորդը նշել է նաև, որ միջազգային կոալիցիայի ավիացիայի թռիչքների համար անվտանգության գոտիներն այժմ փակ են, սակայն դա Աստանայի հուշագրում ամրագրված չէ: Նշենք, որ Ռուսաստանը ցանկանում է այդ ամրագրմանը հասնել ՄԱԿ-ի ԱԽ ներկայացրած բանաձևով:
Չբավարարվելով Սիրիայում ստեղծվող անվտանգության գոտիներում իր գլխավորած կոալիցիայի ռազմական ավիացիայի թռիչքների իրականացմանը ձգտելով, ԱՄՆ-ը նույնիսկ փորձում է հասնել ապաէսկալացիոն նշված գոտիներում ամերիկյան զորքերի տեղկայման:
Նկատի ունենալով վերը նշվածը, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար և նախագահի լիազոր ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը օրերս ստիպված է եղել Միացյալ Նահանգներին շատ հստակ հասկացնել, որ «Սիրիայում ցանկացած քայլ անելու, ներառյալ՝ ուժերի տեղակայման համար, անհրաժեշտ է լինելու Սիրիայի պետայրերի հետ բանակցել և ստանալ նրանց համաձայնությունը»: ԱՄՆ-ը չունի և, իհարկե, չի էլ ստանա նշված համաձայնությունը, իսկ առանց այդ համաձայնության, անվտանգության գոտի ներխուժելու դեպքում նրա այդ քայլը միանշանակ գնահատվելու է որպես ինքնիշխան պետության նկատմամբ ռազմական ագրեսիա, ինչը կհանգեցնի Սիրիայի, թերևս նաև Ռուսաստանի և Իրանի զինված ուժերի կողմից համապատասխան քայլերի՝ դրանցից բխող թերևս աղետալի հետևանքներով հանդերձ:
Ռուսաստանն առանձնապես կարևորել է Սիրիայի ազգային ինքնիշխանությունը հարգելը: ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալը ընդգծել է նաև, որ Սիրիայում ահաբեկչության ոչնչացումից հետո այնտեղ տեղական խորհուրդների ձևավորումը չպետք է փոխարինի օրինական իշխանություններին: Ինչպես հայտնի է, դա ԱՄՆ-ի և Արևմուտքի ձգտումն է՝ Ասադին իշխանությունից այդ կերպ հեռացնելու նպատակով:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից