Այս ամենը կոռուպցիոն այսբերգի նույնիսկ վերին մասը չէ (տեսանյութ)

Հայաստանյան պատասխանատուների վերաբերմունքն ինչո՞վ է տարբերվում հայտնի երեք կապիկների պահվածքից



16-05-2017 13:13:31   | Հայաստան  |  Իրավունք
 

 
Ցանկանում եմ հավատալ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ նախագահի և վարչապետի խոսքերին, որովհետև չհավատալը նշանակում է գիտակցել, որ կոռուպցիան վերջնականապես հաղթանակելու է երկրում, Հայաստանը պարտվելու է, ավելի ճիշտ, կոռուպցիայի կողմից ամբողջովին խժռվելու է ու կործանվելու: Չհավատալը նշանակում է Հայաստանը տեսնել խավարի մեջ ու կորցնել լավատեսության վերջին նշույլը, ինչն իր հայրենիքը սիրող ցանկացած հայի համար չափազանց դժվար է: Ես և ինձ նման շատ ուրիշներ ցանկանում ենք հավատալ… Բայց ինչպե՞ս հավատանք, երբ իրար հաջորդող մեկը մյուսից խայտառակ փաստերը մեր իսկ աչքերում մեր հավատն ու մեզ ծիծաղելի են դարձնում:
Մեզ հասած հավաստի տեղեկատվության համաձայն, մոտ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական կարող է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ նախկին տնօրեն Արամ Գահնապետյանը: Նույն տեղեկատվության համաձայն, գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նա ՀՀ-ում գործող բոլոր փորձագիտական կազմակերպությունների նկատմամբ, դե ֆակտո, թելադրողի կամ համակարգողի կարգավիճակ է ձեռք բերելու կամ, առնվազն, այդ վերահսկողության գործում իր դերակատարությունն է ունենալու:
Հասկանալու համար, թե դա ինչ է նշանակում, պարզապես պետք է նկատի ունենանք, որ դատաբժշկական, դատաձգաբանական, դատատեխնիկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատաապրանքագիտական, շինարարատեխնիկական, ավտոտեխնիկական և բազմաթիվ այլ փորձաքննություններ իրականացվում են այդ փորձագիտական կազմակերպությունների կողմից: Նրանց կամ նրանց փորձագետների տված եզրակացությունները հաճախ դառնում են ուղղակի բախտորոշ, ճակատագրական նշանակություն են ունենում: Քրեական գործերով փորձագիտական եզրակացության շնորհիվ, օրինակ, կարող է բացահայտվել հանցագործը, նրա կատարած հանցանքը կարող է ապացուցվել, կամ հակառակը` անձի կատարած հանցանքը դրա միջոցով կարող է պարտակվել, տուժողի կամ տուժողների իրավունքներն ու շահերը կարող են պաշտպանվել կամ ոտնահարվել: Ավտովթարների, ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում այդ եզրակացություններով կարող է ներկայացվել ճշմարտությունը կամ իրականությունը գլխիվայր շուռ տրվել, թեկուզ ծռվել այս կամ այն չափով, անմեղի ու մեղավորի տեղերը կարող են փոխվել, քաղաքացիական գործերով կարող են պաշտպանվել սեփականատիրոջ իրավունքները և օրինական շահերը, կամ հակառակը` խլվել նրա նույնիսկ միլիոնավոր կամ միլիարդավոր դրամների արժողության սեփականությունը:
Կարծում ենք, արդեն հասկանալի է, թե ինչ կարևոր ու բացառիկ նշանակություն ունի փորձագիտության ինստիտուտը կամ փորձաքննության ոլորտը ցանկացած երկրում: Թերևս ավելորդ է ասել, որ նշված ոլորտում որպես փորձագետներ պետք է աշխատեն բացառապես բանիմաց և ազնիվ մարդիկ (ՀՀ-ում փորձաքննություններ իրականացնող գրեթե բոլոր կազմակերպություններում այդ առումով, ցավոք, խայտառակ վիճակ է), իսկ փորձագիտական կազմակերպությունների գործունեության նկատմամբ դատախազական վերահսկողության գործում թեկուզ խորհրդատուի կարգավիճակում որևէ դերակատարում ունեցող ցանկացած անձ այդ փորձագետներից էլ թերևս ավելի բանիմաց և ազնիվ պետք է լինի:
Իսկ Արամ Գահնապետյանը բավարարո՞ւմ է արդյոք այս չափանիշներին… Հետո՞ ինչ, որ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ նախկին տնօրենն է, բա ոչ ոք չի՞ հարցնում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ անցյալ տարեվերջին նա դիմում գրեց և ազատվեց այդ պաշտոնից: Ի՞նչ է` կարծում եք, թե սիրահոժար կամ ինքնակա՞մ է այդ պատկառելի, շատ լուրջ (ըստ հասարակական ընկալման, մեծ հնարավորություններ ընձեռող և յուղոտ) պաշտոնը թողել, Հայաստանում ընդհանրապես նման բաներ լինո՞ւմ են… Եթե հավատանք չար լեզուներին, ՀՀ համապատասխան ծառայություններից մեկն անցյալ տարի բացահայտել է հիշյալ ՊՈԱԿ-ի թե անձամբ Արամ Գահնապետյանի կողմից ինչ-ինչ չարաշահումներ կամ բավական լուրջ խախտումներ, այդ տեղեկատվությունը փոխանցվել է նախագահական, որտեղից հրավիրել են այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, բացատրել ինչն ինչոց է, առաջարկել կամ պահանջել պաշտոնից ազատել Գահնապետյանին, ինչը և կատարվել է մեր երկրում ընդունված «Սեփական դիմումի համաձայն» արատավոր պրակտիկայի համաձայն: Անցել է մոտ կես տարի, և հիմա նախագահականից ազդեցիկ մեկ այլ շրջանակ կամ պաշտոնյա ցանկանում է Գահնապետյանին նախորդից թերևս էլ ավելի կարևոր ու վճռորոշ պաշտոնի բերել: Մենք, սակայն, որոշեցինք չհավատալ չար լեզուներին, առաջնորդվել միմիայն մեր ձեռքի տակ եղած փաստերով: Եվ, ուրեմն, ինչի՞ մասին են վկայում այդ փաստերը:
2015թ. դեկտեմբերի 3-ին Արամ Գահնապետյանի ղեկավարած «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն է հենց իր տնօրենի` նույն Գահնապետյանի ստորագրությամբ տվել բազմաթիվ և ակնհայտ կեղծ փաստերի վրա հիմնված, մի շարք կեղծիքներ և բացահայտ անճշտություններ պարունակող 03.12.2015թ. թիվ 26241507 փորձագիտական եզրակացությունը թիվ 13144015 քրեական գործի առնչությամբ: Ընդ որում, դատաապրանքագիտական այդ խայտառակ եզրակացությունը տրվել է չնայած այն բանին, որ և՛ Ա. Գահնապետյանը, և՛ փորձաքննությունն իրականացրած փորձագետ Արման Աբրահամյանը, և հիշյալ ՊՈԱԿ-ի Շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Ա. Հովսեփյանը քաջատեղյակ են եղել, որ տվյալ վիճելի խնդրի շուրջ քրեական գործ է հարուցված, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում այդ քրեական գործի նախաքննությունն է ընթանում: Ավելին. շատ լավ տեղյակ են եղել նաև, որ փորձաքննությունն իրականացվում է և իրենց կողմից եզրակացությունը հիշյալ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Վ. Մեսրոպյանին տրվելու է նշված քր. գործի շրջանակում դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ վերջինիս կամ քննիչի որոշման հիման վրա:
Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, թե ինչն ինչոց է, նախ համառոտ ներկայացնենք նախապատմությունը: Շատերին է հայտնի, թե ՀՀ իշխանությունները շինարարական բիզնեսով զբաղվող օլիգարխների շահերը, դրանց հետ հավանաբար նաև իրենց շահերը բավարարելու համար ինչպես երևանյան բազմաթիվ տարածքների, տների բռնի օտարման (հաճախ ԴԱՀԿ-ով, բնակիչների կամքին դեմ գնալով) անունը ՀՀ կառավարության որոշումներով դրեցին բացառիկ գերակա հանրային շահի ապահովում, հանրության տեղ որոշեցին նրա շահերը և այդ կեղծ պատճառաբանությամբ օտարեցին: Բողոքներ եղան, դատեր ու վճիռներ եղան, բանը հասավ նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը Հայաստանի Հանրապետության դեմ մի քանի խայտառակ վճիռներ կայացրեց, այլ վճիռներ էլ, որքան տեղյակ եմ, առաջիկայում են կայացվելու: Ըստ իս, կատարվել է հանցագործություն, բնակիչներից չնչին գներով և օրինականության տեսք տալով բռնի խլվել է նրանց սեփականությունը, ոտնահարվել սեփականության սահմանադրական իրավունքը, որի համար, սակայն, կոռումպացված դատավորներն ու պետական մյուս չինովնիկները դեռ պատասխան չեն տվել: Հուսանք, որ ժողովուրդը մի օր նրանց վերոնշյալ յուրօրինակ թալանի և այլնի համար կկանգնեցնի իր արդարադատության առջև:
ՀՀ կառավարության որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ է ճանաչվել նաև Երևանի Պուշկինի թիվ 4 հասցեում գտնվող, ընդհանուր սեփականություն հանդիսացող 702.6 քմ մակերեսով (պաշտոնական մեկ այլ փաստաթղթի համաձայն` 736 քմ) անշարժ գույքի (հողամասի, որի վրա կառուցված են մի շարք շինություններ) նկատմամբ: Շինարարական բիզնեսում հայտնի օլիգարխ Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ` Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի հիմնադրած, նրանց պատկանող, Ս. Մայրապետյանի ղեկավարած (տնօրեն) «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև 30.11.2012թ. կնքվել է Պուշկինի-4 հասցեում գտնվող, ընդհանուր սեփականություն հանդիսացող 702.6 քմ մակերեսով անշարժ գույքը գնելու պայմանագիր: Ինչպես հայտնի է, Սամվել Մայրապետյանը 2008-2014 թթ. ՀՀ փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած, այժմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի սանիկն է և, ըստ տարբեր ԶԼՄ-ների հրապարակումների, ներկայիս որոշ պաշտոնյաներից բացի, վայելում է նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությունը:
Վերոնշյալ պայմանագրի պահանջների կատարման շրջանակներում «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն իր կողմից վերցվելիք սեփականատերերի գույքի վնասի հատուցման համար «Անիկոմ» ՍՊԸ-ին պատվիրել է կատարել Պուշկինի-4 հասցեում առկա գույքի գնահատում: Հասկանալի է, որ անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող «Անիկոմ» ընկերությունը նշված հասցեում առկա գույքը որքան ցածր գնահատեր դրա իրական կամ շուկայական գնից, այնքան դա բխելու էր Մայրապետյանի ու նրա «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի շահերից, քանի որ նշված ընկերությունն այդ դեպքում պարտավորված էր լինելու բնակիչներին ավելի քիչ վճարել: «Անիկոմ» ընկերությունը շուկայական գնի համեմատ չափազանց ցածր գնահատելով հիշյալ հասցեում գտնվող գույքը, հենց այդպես էլ վարվել է… Եթե այն ստվերային կարգով նույնիսկ չի պատկանում Մայրապետյանին, ապա, համենայն դեպս, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի երկարամյա գործընկերն է, ինչը ենթադրում է փոխադարձ շահեր և այդ շահերի առումով «Անիկոմ»-ի կախվածություն «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ից, նրա տիրոջ կամքն ու ցանկությունը կատարելուն ենթակա լինել: Առկա փաստերն այլ կերպ բացատրել հնարավոր չէ:
Հիշյալ հասցեի բնակիչներից մեկը` Պուշկինի-4 հասցեում գտնվող տներից մեկի սեփականատեր և տարածքի համասեփականատեր, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պահեստի փոխգնդապետ Ալֆրեդ Կզարթմյանը, սակայն, որոշել է, ինչպես ասում են, կուլ չտալ այս ամենը, լինել սկզբունքային ու մինչև վերջ պայքարել իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: Մայրապետյանի մտքով հավանաբար չի անցել, որ իրացվող տարածքի բնակիչների մեջ կլինի նաև այդպիսին, ու հենց այստեղ նրա բախտը չի բերել…
Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության որոշումներով Պուշկինի-4 հասցեի նկատմամբ ես 3 անգամ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: Առաջին թե 2-րդ որոշումից հետո տարածքի իրացման գործընթացը սկսած «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ- ն Պուշկինի-4 հասցեի գույքի գնահատման համար պայմանագիր է կնքել «Անիկոմ»-ի հետ, որի աշխատակիցը դեռ 2010թ. հիշյալ հասցեում Կզարթմյանի անշարժ գույքը գնահատել է ընդամենը 66 300 000 դրամ:
Ունենալով միանգամայն հիմնավոր պատճառ, Ա. Կզարթմյանը դիմել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ, որը հիշյալ հասցեում գտնվող գույքի փորձագիտական գնահատում կատարելով, իր տված 02.02.2011թ. թիվ 10-0146-Պ եզրակացության մեջ նշել է, որ Պուշկինի փ. թիվ 4 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի 1 քմ-ի շուկայական արժեքը, հաշվարկված համեմատական (շուկայական) վերլուծության մեթոդով, 2011թ. փետրվարի 2-ի դրությամբ կազմում է 517 941 դրամ, կլորացված` 518 000 դրամ: Եզրակացության մեջ նշված է նաև, որ հիշյալ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ալֆրեդ Կզարթմյանին պատկանող անշարժ գույքի (զուտ շենք-շինություններ) ` թիվ 1 շենքի (3 հարկանի, 192,1 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան), թիվ 3 շինության (4,0 քմ ընդհանուր մակերեսով կաթսայատան) և թիվ 2 շենքի (1 հարկանի, 11,2 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տարածքի) ընդհանուր շուկայական արժեքը 2011թ. փետրվարի 2-ի դրությամբ կազմում է 100 516 000 դրամ: Քանի որ հողի համասեփականատերերը չորսն են և հողամասի սեփականության նկատմամբ իրենց իրավունքներով հավասար, ստացվում է, որ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 702.6 քմ հողամասի մեկ քառորդը (շուրջ 180 քմ) պատկանում է Կզարթմյանին, հետևաբար  նրան պատկանող շենք-շինությունների (2011թ. փետրվարի 2-ի դրությամբ` 100 516 000 դրամ) և հողամասի (93 244 000 դրամ) ընդհանուր արժեքը կազմել է մոտ 194 մլն դրամ: «Անիկոմ»-ի գնահատած մոտ 66 մլն դրամի և  «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գնահատած մոտ 194 մլն դրամի միջև տարբերությունը հսկայական է, մոտ եռակի:
Ա. Կզարթմյանի պահանջով «Անիկոմ» ՍՊԸ-ն նրան է տրամադրել Պուշկինի-4 հասցեում Կզարթմյանին սեփականության և համասեփականության իրավունքով պատկանող գույքի գնահատման իր հաջորդ` 2014թ. նոյեմբերի հաշվետվությունը, որով նրա սեփականությունն այս անգամ արդեն գնահատվել է 85 մլն դրամ, ինչը նույնպես Մայրապետյանի շահերից բխող ու չափազանց փոքր գումար է: 
2015թ. ապրիլին Ա. Կզարթմյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչությունում տվել է հանցագործության մասին հաղորդում, ըստ որի, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի կողմից «Անիկոմ»-ին պատվիրված հիշյալ հասցեի գույքի գնահատման ժամանակ նշված ընկերության տնօրեն Պյոտր Գրիգորյանցը և գնահատման մասնագետ Գ. Ստեփանյանն իրենց կարգադրիչ և այլ լիազորությունները «Անիկոմ» ՍՊԸ շահերին հակառակ և «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության օգտին օգտագործելով, առանց համապատասխան հետազոտություններ կատարելու և սեփականատերերի քանակի վերաբերյալ կեղծ տվյալներ մտցնելով, 2014թ. նոյեմբերին կազմել են անշարժ գույքի գնահատման հաշվետվություն, որտեղ ընդհանուրը 203.2 քմ մակերեսով եռահարկ տան արժեքում չեն ներառել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող շուրջ 93 244 000 դրամ արժողության, ընդհանուրը 180 քմ հողամասի արժեքը, ինչի արդյունքում իրեն պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող առանձնապես խոշոր չափերի վնաս:
«Անիկոմ»-ը Կզարթմյանի հիշյալ հասցեի անշարժ գույքը վերջին անգամ գնահատել է 2015թ. սպրիլին, մոտավորապես այն օրերին, երբ իրավապահ մարմիններում արդեն նյութեր էին նախապատրաստվել, ընկերության տնօրենին և գնահատող մասնագետին առնչվող քրեական գործը հարուցվել էր կամ կարող էր մոտակա օրերին հարուցվել: Հավանաբար հույս ունենալով խույս տալ քրեական պատասխանատվությունից կամ կանխել քրեական գործի հարուցումը, Պյոտր Գրիգորյանցի ղեկավարած «Անիկոմ» ՍՊԸ-ն այս անգամ Ա. Կզարթմյանի անշարժ գույքը գնահատել է 98 700 000 դրամ, ինչը տվյալ գույքի իրական արժեքից մոտ 2 անգամ պակաս է, բայց ընկերության կատարած առաջին գնահատումից ավելին է 32 մլն 400 000 դրամով, 2014թ. նոյեմբերի գնահատումից` 13 700 000 դրամով: Հենց նույն ընկերությունը դրանով իսկ ապացուցել իր նախորդ գնահատումների մեծապես սխալ լինելը, տարբերություններն այնքան մեծ են, որ դրանք հնարավոր չէ վերագրել ինչ-որ թյուրիմացության կամ գնահատողի թույլ տված անմեղ սխալների, պարզապես հնարավոր չէ դրանցով բացատրել:
Ա. Կզարթմյանի վերոնշյալ հաղորդման առթիվ և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2015թ. ապրիլի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է հիշյալ (թիվ 13144015) քրեական գործը և սկսվել նախաքննություն, որը դեռ շարունակվում է: Այլ հարց է, թե քր. գործը նշված կամ միայն նշված հոդվածո՞վ պետք է հարուցվեր, թե նաև առանձապես խոշոր չափի հափշտակության փորձի ու խարդախության համար: Դա դեռ պարզելու խնդիր է, և կասկած չունենք, որ եթե բազմակողմանի, օբյեկտիվ, անաչառ քննություն լինի, այդ հարցը կստանա իր սպառիչ պատասխանը:
Հենց այստեղ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, թե Մայրապետյանի ղեկավարած «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն տարիներ շարունակ ում հետ է գործ բռնել, իրենից ինչ է ներկայացնում նրա երկարամյա գործընկեր «Անիկոմ»-ը: Վերջինս մի ընկերություն է, որի տնօրենի և գնահատման մասնագետի նկատմամբ ներկայացված հանցագործության մասին հաղորդման ու նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել ու քննվում է:
Ավելին. դրանից էլ առաջ «Անիկոմ» ՍՊԸ-ի կողմից Երևանի 2-րդ Արհեստավորների փողոցի թիվ 94, 8, 24 և 1-ին Արհեստավորների փողոցի թիվ 53 հասցեների անշարժ գույքի գնահատությունները կատարվել են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումներով, ինչի համար ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2009թ. մարտի 24-ի թիվ 09-79-Լ հրամանով «Անիկոմ» ՍՊԸ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ թիվ 0249 արտոնագրի գործողությունը կասեցրել է մինչև խախտման պատճառի վերացումը:
Քր. գործով տուժող ճանաչված Ա. Կզարթմյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ «Անիկոմ» ՍՊԸ-ի աշխատակիցը հիշյալ գույքի 2010թ. գնահատման արձանագրության մեջ սեփականատերերի քանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է նշել (4 սեփականատիրոջ փոխարեն նշել է 7 սեփականատեր), չի գնահատել շինությունները ներսի հատվածից, ի վերջո, իր սեփականությունը գնահատել է ընդամենը 66 300 000 դրամ:
Ընդգծենք, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը միակ փորձագիտական կազմակերպությունը չէ, որի տված փորձագիտական եզրակացության (անշարժ գույքի գնահատականի) և «Անիկոմ» ՍՊԸ-ի տված գնահատականի միջև հսկայական տարբերություն կա: 2010թ. «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի պատվերով «Անիկոմ»-ը կատարել է Երևանի Պուշկինի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող մեկ այլ տնատիրության կամ սեփականատիրոջ (Արեքնազ Սնխչյանի) անշարժ գույքի (տան և հողամասի) գնահատում ու 22.11.2010թ. դրությամբ դրանք միասին գնահատել ընդամենը 15 700 000 դրամ: Մինչդեռ, 2011թ. հունիսի 11-ին Հայ փորձագետների միության «Հայ-ռուսական անկախ դատական փորձաքննությունների կենտրոն»-ը նույն անշարժ գույքն իր փորձագիտական եզրակացությամբ գնահատել է շուրջ 92 մլն դրամ, այսինքն` գրեթե 6 անգամ ավելին: Ընդ որոմ, ինչպես ակադեմիայի հիշյալ ՊՈԱԿ-ի, այնպես էլ վերոնշյալ կենտրոնի փորձագետների եզրակացություններն իրենց իրավական կարգավիճակով անհամեմատ բարձր են ու հավաստի «Անիկոմ»-ի ու ցանկացած նմանաբնույթ գնահատող ընկերության, նրա գնահատողի «Գույքի շուկայական գնահատման հաշվետվություն»-ից: Իրենց իրավական կարգավիճակներով էապես տարբերվում են նաև փորձագետն ու մասնագետը (գնահատողը), ի տարբերություն վերջինի, փորձագետը, օրինակ, փորձաքննությունից առաջ նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին: Սրանք հանգամանքներ են, որոնք ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա. Մխիթարյանը պետք է հաշվի առներ մեկ այլ կազմակերպության նոր փորձաքննության կատարում նշանակելուց առաջ, բայց… 
Այս ամենից հետո քննիչ Ա. Մխիթարյանը նշանակել է դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն ու դրա կատարումը հանձնարարել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Դեռ բավական չէ, որ նշված ՊՈԱԿ-ը կամ նրա փորձագետները դատաապրանքագիտական համալիր փորձաքննության փոխարեն, կատարել են ընդամենը դատաապրանքագիտական փորձաքննություն, փորձագետներն էլ իրենց եզրակացության մեջ նշելով քննիչի նշանակած և իրենց կատարած փորձաքննության տեսակը` դատաապրանքագիտական, փորձել են թաքցնել այն հանգամանքը, որ քննիչի կողմից նշանակված էր դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, արհեստական պատճառաբանությամբ չեն պատասխանել քննիչի կողմից իրենց պարզաբանման համար առաջադրված հարցերի ուղիղ կեսին` որքա՞ն է կազմել Ա. Կզարթմյանի սեփականություն հանդիսացող Պուշկինի-4 հասցեում գտնվող անշարժ գույքի` շինության և հողամասի արժեքն առանձին-առանձին` 2013թ. ապրիլի 3-ի դրությամբ, և 2-րդ` որքա՞ն է կազմել Ա. Կզարթմյանի սեփականություն հանդիսացող Պուշկինի-4 հասցեում գտնվող անշարժ գույքի` շինության և հողամասի արժեքն առանձին-առանձին` գնահատման օրվա դրությամբ:
Ավելին. 702.6 քմ հողատարածքի համասեփականատերերին 4-ի փոխարեն 5 ներկայացնելով և այդպիսով կրճատելով Ա. Կզարթմյանի մասը, հետևաբար և դրա դիմաց նրան հասանելիք գումարը, մի շարք այլ խորամանկ հնարքների միջոցով, այդ թվում նաև անտեսելով, որ փորձաքննությունը նախաձեռնողին իրենց ներկայացրած միջնորդությունը բավարարվել է միայն մասնակիորեն (մասնավորապես` նախաձեռնողի կողմից չի ներկայացվել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից հիշյալ հասցեում գտնվող Կզարթմյանի տան և այնտեղ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով առկա հողամասի գնահատման փորձագիտական եզրակացությունը, ինչը շատ կարևոր էր ճիշտ պատկերը ստանալու և օբյեկտիվ գնահատում կատարելու համար), նշված միջնորդությունը ներկայացնելով բավարարված, Արամ Գահնապետյանի ենթակաները Կզարթմյանի շինության և համատեղ սեփականության իրավունքով նրան պատկանող հողամասի շուկայական արժեքը փորձաքննության կատարման ժամանակահատվածի (2015թ. հունիս-դեկտեմբեր) դրությամբ, կլորացված կերպով, գնահատել են ընդամենը 100 մլն դրամ: Դա մոտ 2 անգամ պակաս է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գնահատած արժեքից: Տարբերությունն այնքան մեծ է, որ այն որևէ կերպ հնարավոր չէ հիմնավորել 2011-2015թթ. ընթացքում անշարժ գույքի գների փոփոխությամբ կամ այլ գործոններով:
Վերը շարադրվածը, սակայն, այս գործում առկա կոռուպցիոն այսբերգի նույնիսկ վերին մասը չէ, բազմաթիվ այլ փաստերի կանդրադառնամ իմ առաջիկա հրապարակումներում:
Արամ Գահնապետյանի գործունեության հետ կապված շատ բան մեզ չէր կարող հայտնի լինել ու հայտնի չէ, սա այն, ինչ հայտնի է դարձել, կարծում ենք, լիովին բավարար է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նրա նշանակումը բացառելու համար:
Երևանի Կենտրոն և Նարք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանն ամիսներ առաջ որոշում է կայացրել Պուշկինի փ. թիվ 2 հասցեում գտնվող, Ա. Կզարթմյանին սեփականության իրավունքով պատկանող շենք-շինությունների և նրան համասեփականության իրավունքով պատկանող հիշյալ հողամասի արժեքները որոշելու նպատակով դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, փորձաքննության կատարումը  հանձնարարել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Այստեղից մոտ 15 օր առաջ երկու փորձագետ, մտածելով, թե Կզարթմյանը թույլ չի տա փորձաքննություն իրականացնել` չափագրել և այլն, ԴԱՀԿ-ի աշխատակիցների հետ միասին եկել են նրա տուն` նշված փորձաքննության կատարումն ապահովելու համար: Փորձագետների հիշյալ խմբի ղեկավարը «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Վահրամ Սաֆարյանն է եղել, որը փորձագետի արտոնագիր չունի, համենայն դեպս, այդ պահի դրությամբ չի ունեցել, բայց, չնայած դրան, իրականացրել է փորձաքննություն: Այժմ միջոցներ են ձեռնարկվում այդ մարդուն շուտափույթ արտոնագիր տալու համար:
Ընդհանրապես, ՀՀ արդարադատության նախարարության տարբեր կառույցների աշխատակիցների հետ կապված սկանդալները, այդ թվում նաև` քրեական, վերջին շրջանում հաճախադեպ են, ինչը հուշում է համակարգում ստեղծված խայտառակ իրավիճակի մասին և լուրջ մտահոգության տեղիք տալիս:
Եթե ԱԱԾ պահեստի փոխգնդապետի նկատմամբ են այսպես վարվել, ապա պարզ է շարքային քաղաքացիների վիճակը:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից