Էրդողանի թիկնազորի անդամները Վաշինգտոնում հարձակվել են Թուրքիայի նախագահի դեմ բողոքող հայ ցուցարարների վրա (տեսանյութեր)

Վիրավորված ցուցարարները հիվանդանոցում են, մեկի վիճակը ծանր է



17-05-2017 21:09:58   | ԱՄՆ  |  Քաղաքական
 

 
«Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայկական համայնքի կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման դեպքը ցույց է տալիս, որ Թուրքիան նույն այն վայրենին է, ինչ եղել է տարիներ ի վեր: Այս մասին Արմենպրեսի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: «Հիմա թուրքերը փորձում են իրենց վայրենի վարվելակերպը Ամերիկա փոխանցել, սակայն Ամերիկան Թուրքիա չէ, և այս վայրագ վերաբերմունքն ԱՄՆ-ում ընդունելի չէ»,- ասաց նա:
Հարութ Սասունյանը տեղեկացրեց, որ վիրավորված ցուցարարները հիվանդանոցում են, մեկի վիճակը ծանր է: Երկու թուրքեր ձերբակալված են ամերիկյան ոստիկանների կողմից:
Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Ցուցարարների վրա հարձակված ու դաժան հարվածներ հասցրած թուրք ազգայնամոլների ձեռքին եղել է Թուրքիայի դրոշը: Միջազգային լրատվամիջոցներն անմիջապես սկսեցին գրել, որ Սպիտակ տնից փոքր հեռավորության վրա, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ դաժան հարձակման հեղինակները Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորի անդամներն են»:
 
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:
 
Հավելենք, որ Վաշինգտոնում այս խայտառակ միջադեպը, որից, նախնական տվյալներով, ֆիզիկական վնասվածքներ են ստացել 9 հոգի, տեղի է ունեցել այնտեղի ժամանակով երեքշաբթի օրը, որը, կախված ժամից, Հայաստանում կարող է համապատասխանել ինչպես երեքշաբթի օրվան, այնպես էլ այսօրվան: Սա ԱՄՆ-ի մայրաքաղաքում հայերի ու թուրքերի բախման առաջին դեպքը չէ, նրանց միջև բախում է եղել նաև 2015թ. ապրիլին:
«Ամերիկայի ձայն»-ի երկրորդ` Արման Թարջիմանյանի տեսանյութից, հասկանալի է դառնում, որ նույն «Ամերիկայի ձայն»-ի  առաջին տեսանյութում` պատրաստված Արամ Վանեցյանի կողմից, նախ կիսաճմարտությունն է ներկայացվում այն առումով, թե «ցույցը սկսվել էր ի աջակցություն Թուրքիայի կառավարության»: Այսպիսով, անտեսվում է այն իրողությունը, որ այդ թուրք ցուցարարների դեմ դիմաց միաժամանակ կամ ավելի վաղ Էրդողանի դեմ իրենց բողոքի ցույցն էին սկսել հայ և քուրդ ցուցարարները:
Ավելին. ըստ առաջին տեսանյութի, ի աջակցություն Թուրքիայի կառավարության ցույցը սկսած «Ցուցարարների այս խումբը նախ պարզել է թուրքական դրոշներ, սակայն, այնուհետև, ոմանք սկսել են պատռել պաստառները»: Այստեղ դարձյալ կիսաճշմարտությունն է ներկայացվում. եթե ոմանք (հայ և /կամ/ քուրդ ցուցարարներից) իսկապես պատռել են թուրք ցուցարարներից մեկ-երկուսի պաստառները, ապա չի ներկայացվում, թե ինչից հետո և ինչու… Հարութ Սասունյանի բացատրությունից և «Արմենպրեսի» հրապարակումից հասկանալի է դառնում, որ դա կարող էր տեղի ունենալ այն բանից հետո, երբ «Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել»:
Մի խոսքով, Արամ Վանեցյանը, չգիտենք իր խմբագրության պատվերով թե առանց դրա, տեսանյութը պատրաստել է անցյալ դարի 80-ական թվականների վերջին արցախյան իրադարձությունները լուսաբանող ԽՍՀՄ կենտրոնական հեռուստակայանների հայտնի հեռուստածրագրերի ոգով կամ ձեռագրով, երբ նախահարձակ ադրբեջանցիների ու նրանցից պաշտպանված, հակահարված տված հայերի տեղերը նրբորեն խառնվում էին իրար` հեռուստադիտողների մոտ այն տպավորությունը ստեղծելով, թե նախահարձակը, ագրեսորը հայկական կողմ է, իսկ խեղճ ադրբեջանցիները զոհի դերում են, նրանք ընդամենը պաշտպանվել են:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից