«Ինդիգո»-ի կախարդական սենյակում փոքրիկները սովորում են կենտրոնացնել ուշադրությունը և ազատվել բարդույթներից (տեսանյութ)



20-06-2017 14:43:06   | Հայաստան  |  Հասարակություն
 

Ժամանակակից կյանքում ուշադրությունը կենտրոնացնելու խնդիր ունեն ոչ միայն մեծահասակնրը, այլև երեխաները։ Վերջիններս շատ ավելի զգայուն են, բայց եւ հեշտորեն հաղթահարում այդ դժվարությունը։ 
Նման դեպքերում մեծ դեր են ունենում երեխաների զարգացման կենտրոնները, որոնք հատուկ ծրագրերով աշխատում են փոքրիկների հետ։ Այդպիսի մի ծրագրի շրջանակներում «Ինդիգո» զարգացման կենտրոնում բացվել է սենսորային սենյակ, որտեղ հոգեբանը օգնում է երեխաներին աստիճանաբար ազատվել տարբեր բարդույթներից, օրինակ, իրերին ու առարկաներին ձեռքով դիպչել  չկարողանալուց։ Կենտրոնը նաև առաջարկում է լուսային տարբեր խաղեր և գնդիկներով  չոր լոգանք, որը նպաստում է ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված խնդիրների հաղթահարմանը: 
Կենտրոնի հոգեբան Անուշիկ Ճենտերեճյանի խոսքերով` սենսորային սենյակը երեխաների համար անվանել են կախարդական սենյակ, քանի որ նրանք հենց այդպես էլ ընկալում են սենյակի հնարավորությունները: 
«Գործնականում փոքրիկները չեն էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում իրենց հետ այս սենյակում, նրանք այստեղ ուղղակի ուրախանում են, հանգստանում. եթե երեխաները նյարդային են, ապա ավելի հանգիստ հոգեվիճակ ենք փորձում իրենց համար ապահովել»,- նշեց նա: 
Հայաստանում դեռևս առաջին և միակ սենսորային սենյակից կարող են օգտվել ինչպես մանկահասակ երեխաները, այնպես էլ դեռահասներն ու չափահասները: Իրավիճակից բխող սուր նյարդային բռնկումների դեպքում հայտնվելով այս սենյակում` մեզանից յուրաքանչյուրը դուրս կգա համեմատաբար հանգիստ, հավասարակշռված ու դրական հոգեվիճակով: 
Հոգեբանի պնդմամբ` այսօր ծնողները հաճախակի են հարցնում մասնագետներին, թե ինչու են երեխաների մոտ առաջանում սենսորային խնդիրներ, այսինքն` նրանք երբեմն ամեն առարկայի չէ որ ձեռք են տալիս, կամ զզվելով են ուտում ինչ-որ բան: 
Մասնագետը նման խնդիրներից խուսափելու համար հորդորում է ծնողներին ավելի ազատ թողնել երեխաներին բնության մեջ` խրախուսելով վերջիններիս շփումը հողի, ավազի, ցեխի կամ այլ առարկաների հետ: 
Ապագայում երջանիկ ու խելացի անհատներ դաստիարակելու առաքելություն ստանձնած «Ինդիգո» զարգացման կենտրոնը տեղափոխվելով Այգեձոր թաղամաս` ընդլայնել է մատուցվող ծառայությունների ցանկը, մասնավորապես, կենտրոնում արդեն գործում է մանկապարտեզ 1-6 տարեկանների, ինչպես նաև խմբակներ դպրոցահասակ երեխաների համար, իսկ ամռանը զբաղված ծնողները կարող են իրենց փոքրիկներին ուղարկել ամառային դպրոց, որտեղ նրանց մասին հոգ կտանեն պատրաստված մասնագետները: 
Կարևորելով երեխայի ֆիզիկական, մտավոր և հուզական զարգացումը` այս կենտրոնում ստեղծվել են բոլոր պայմանները` եվրոպական ստանդարտներով կահավորած մարզադահլիճից մինչև արվեստանոց:  
Այստեղ կարելի է սովորել երգել, պարել, նկարել, մարզվել ու դասերը պատրաստել, երբեմն նաև խոհարարի օգնությամբ ինքնուրույն ճաշեր պատրաստել: 
«Ինդիգոյում» վստահ են, որ երեխան ոչ թե անոթ է, որը պետք է լցվի, այլ կրակ, որը պետք է վառվի: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից