Տեղի է ունեցել «Երևան. XX դար» գրքի նոր հրատարակության շնորհանդեսը

«ԵՐԵՎԱՆ. XX ԴԱՐ». ԵՐԵՎԱՆԻ ՈՂՋ ԿՈԼՈՐԻՏՆ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

11-07-2017 19:54:11   | Հայաստան  |  Նոր գրքեր
 

Այսօր՝ հուլիսի 11-ին, տեղի ունեցավ «Երևան. XX դար» գրքի նոր հրատարակության շնորհանդեսը, որի ընթացքում հանրությանը ներկայացվեց քաղաքամայր Երևանի ողջ կոլորիտն ու պատմական դիմագիծն ամփոփող պատկերազարդ գիրք-հուշարանը: 
 
 «Երևան. XX դար» հուշագրքում տեղ են գտել երևանցիների ամենասիրված վայրերի մասին հետաքրքիր պատմություններ, պատմամշակութային հուշարձանների հեղինակների, ճարտարապետների, հայտնի երևանցիների հարցազրույցներ, հուշեր ու նկարագրություններ, արխիվային լուսանկարներ՝ լի երևանյան վառ գունապնակը պահպանելու ու փոխանցելու ձգտումով: 
Միջոցառման հատուկ հյուր՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը իր ողջույնի խոսքում նշեց. 
«Կարծում եմ, որ  այս գիրքը, այս հրատարակությունը հենց մեր արևաշատ և, ինչու չէ, նաև մեր առևտրաշատ քաղաքի մասին է խոսում: Այս գիրքը կարող է կամրջել մեր հիշողությունը մեր ապագայի հետ, մեր անցյալը կապել այսօրվա հետ: Ես շատ կուզեի, որ այն նաև լիներ էլեկտրոնային տարբերակով, որպեսզի կարողանայինք  համացանցում  ներկայացնել աշխարհում ապրող տարբեր ազգերին ու ազգություններին մեր քաղաքի գեղեցկության մասին, պատմել մեր քաղաքի գույների և շնչառության մասին: Մաղթում եմ գրքին բարի ճանապարհ դեպի Երևան այցելած  զբոսաշրջիկների և մեր հայրենակիցների ընտանիքներ: Շնորհավորում եմ բոլորիս»:
Ողջունելով հյուրերին՝ «Երեմյան Փրոջեքթս» կազամակերպության հիմնադիր Դավիթ Երեմյանը նշեց. 
««Երեմյան Փրոջեքթսը» միշտ եղել է Երևանին վերաբերող հետաքրքիր, յուրօրինակ նախագծերի կողքին: Այս հրաշալի նախագիծը հենց այդպիսինն էր: Շնորհակալություն Մեդիամաքսին արժեքավոր գաղափարը նախաձեռնելու, իրականացնելու համար:
Մեր Երևանն այն քաղաքն է, որը մեծ ներուժ ունի՝ դառնալու աշխարհի ամենահյուրընկալ, ջերմ, մշակութահարուստ քաղաքներից իր գույներով, ավանդույթներով, անվտանգությամբ, որտեղ միշտ ցանկություն կա ապրելու և ստեղծագործելու»: 
 
«Մեդիամաքս» մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը՝ անդրադառնալով «Երևան. XX դար» նախագծին, նշեց.
«Հինգ տարի առաջ, երբ Մեդիամաքսը գործարկեց «Երեւան. XX դար» նախագիծը, մենք սկսեցինք նորովի բացահայտել մեր քաղաքը եւ այդ բացահայտումները շարունակվում են մինչ օրս: Մեդիա-նախագծերը սովորաբար երկար կյանք չեն ունենում, սակայն «Երեւան. XX դար» նախագիծը շարունակում է ապրել՝ արդեն ինքնուրույն կյանքով:
Երեւանը ամառային քաղաք է, և շատ ուրախ եմ, որ հենց ամառն ենք «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության մեր գործընկերների հետ ներկայացնում «Երեւան. XX դար» գրքի նոր հրատարակությունը: 
 
 
 
 
 
 
 
 
Գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ գրքի վաճառքից գոյացած ողջ հասույթն օգտագործելու ենք Երեւանում մի լավ համատեղ նախագիծ իրագործելու համար: Այնպես որ, բոլոր մարդիկ, որոնք կգնեն այս գիրքը, իրենց ներդրումը կունենան մեր քաղաքն ավելի լավը դարձնելու գործում»:
 
Շնորհանդեսին ներկա էին ճարտարապետներ, պետական կառույցների, մշակույթի, արվեստի ոլորտի և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ, ճանաչված ու սիրված երևանցիներ:
«Երևան. XX դար»  գիրքը հնարավոր է ձեռք բերել «Լավաշ» ռեստորանի խանութում և «Բուկինիստ» գրախանութների ցանցում:
***
«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունը 2006 թվականից գործունեություն է ծավալում ռեստորանային ոլորտում՝ ներկայանալով խոհարարական ստեղծագործական և նորարար մոտեցումներով: 
 «Երեմյան Փրոջեքթս»-ի առաքելությունն ազգային խոհանոցի, խոհարարական մշակույթի, վարպետության ավանդույթների պահպանումն ու զարգացումն է, հայկական ազգային խոհանոցի ճանաչելիության ապահովումը: «Երեմյան Փրոջեքթս»-ի նախագծերն են՝ «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, շուտով՝ «Շերեփ» ռեստորանը:
 
Մեդիամաքս մեդիա-ընկերությունը գործում է 1999 թվականից: Ընկերության կազմի մեջ են մտնում Mediamax.am, Bravo.am, Banks.am, Itel.am, Sport.Mediamax.am լրատվական կայքերը, մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ չափման MaxMonitor համակարգը:
 
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից