Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…

Ոսկու հանքավայրը դառնալու է ծծմբական թթու արտադրող հսկայական գեներատոր` հենց հեռացրեցին այն ծածկող շերտերը

21-07-2017 08:50:48   | Հայաստան  |  Իրավունք
 

 
Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի շահագործման առնչությամբ հասարակական մտահոգություններն ու տագնապները գնալով սաստկանում են: Լուրջ մտահոգություններ կան նաև
մասնագիտական շրջանակներում: «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեղում արդեն սկսել է Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը նպատակամիտված գործնական աշխատանքները և նախատեսել է հաջորդ տարվա գարնանը ստանալ ոսկու առաջին խմբաքանակը:
Զարմանալի է, որ «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները շարունակ հերքում են հանքի սուլֆիդային լինելու հանգամանքն ու թթվային դրենաժի առաջացման հնարավորությունը, սակայն, միևնույն ժամանակ, պատվիրել են թթվային դրենաժի կառավարման պլան, որում հստակ գրված է, որ առաջանալու է թթվային ապարների դրենաժ։ Ոսկի ու շահույթ ստանալու մարմաջն այս դեպքում Հայաստանի համար կարող է կործանարար լինել, բնության համար այն հաստատ կործանարար է լինելու: Հանքավայրի շահագործման ուղղությամբ աշխատանքները չկասեցնելու դեպքում իրադարձությունների նշված զարգացման համար, հիշյալ ընկերությունից և մի շարք պաշտոնյաներից բացի, այլոց թվում պատասխանատու են լինելու նաև Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը և մոսկվաբնակ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, որը նույնպես կանգնած է Ամուլսարի ոսկու ծրագրի ֆինանսավորման ետևում:
Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ որոշակի մտահոգություններ ունի նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը: Ամուլսարի ոսկու ծրագրի (հանքի, ֆաբրիկայի շահագործում և այլն) իրականացումից բխող վտանգների առնչությամբ է ստորև ներկայացվող մեր հարցազրույցը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի հետ:
 
- Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման պարագայում ի՞նչ հիմնական վտանգներ կարող են լինել:
- Ակնհայտ է, որ ցանկացած հանքավայրի շահագործման ընթացքում առաջանում են բազմաթիվ ռիսկեր, քանի որ մարդածին գործունեությունը խախտում է բնական հավասարակշռությունը: Հանքավայրերի հետ կապված` մենք, ըստ էության, ունենք երկու տիպի ռիսկեր` ֆիզիկատեխնիկական, երբ կարող են լինել լանդշաֆտի կայունության խախտումներ, փլուզումներ, կարող են խախտվել ջրատար հորիզոններ և այլն (բավական մեծ շարք է), և քիմիական, որոնց դեպքում շրջակա միջավայրում խախտվում են քիմիական տարրերի բնական պարունակությունները և հաշվեկշիռը: Վերջինս ավելի վտանգավոր է, քանի որ ավելի բարդ է հետազոտվում, ավելի բարդ է վերբերվում, և դրա դեմ պայքարելն էլ է բարդ: Այդ ռիսկերի մեջ կան 2 տիպի ռիսկեր` կառավարվող և չկառավարվող:
Եթե գիտենք, որ ինչ-որ բացասական երևույթ կարող է լինել, մենք, ըստ էության, կարող ենք տեխնիկական միջոցներով այդ ռիսկը չեզոքացնել: Դրանք կառավարվող ռիսկերն են: Կան ռիսկեր, որոնց չեզոքացման համար, սակայն, տեխնիկական միջոցներն արդյունավետ չեն, չեն աշխատում: Ակնհայտ է, որ այդ ռիսկերն ամենավտանգավորն են:
- Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում կլինե՞ն չկառավարվող ռիսկեր:
- Այո, թթվային դրենաժը, որը կառաջանա տարբեր սուլֆիդների օքսիդացման հետևանքով, հենց չկառավարվող ռիսկ է: Ամուլսարը սուլֆիդային դասի հանքավայր է, որտեղ տարբեր մետաղներ առկա են ծծմբի միացությունների տեսքով: Կան երկաթի, պղնձի, այլ մետաղների միներալներ (բնական քիմիական միացություններ): Սուլֆիդային հանքավայրերում, նրանց թվում նաև` Ամուլսարում, բոլոր բնական միացությունները մետաղի և ծծմբի միացություններ են: Օրինակ` պիրիտ (երկաթ-ծծումբ-թթվածին), խալկոպիրիտ (երկաթ-պղինձ-ծծումբ-թթվածին), և այլ մետաղների հետ ծծմբի միացություններ:
Սուլֆիդային հանքավայրերը հայտնի են նաև նրանով, որ դրանցում շատ քիչ պարունակություններով առկա է լինում ոսկի: Այն հանդիպում է որպես միկրոխարնուրդ սուլֆինային միներալների մեջ։ Բնական գործոնների ներքո (մթնոլորտային տեղումների, թթվածնի ներխուժման…) այդ միներալները սկսում են օքսիդանալ և առաջանում են տարբեր, այսպես կոչված, երկրորդային միներալներ: Քանի որ այդ հանքավայրերում բավական շատ է երկաթի ծծմբային միացությունների պարունակությունը, ապա առաջանում են երկաթի տարբեր ձևի օքսիդացված միացություններ, ժողովրդական լեզվով ասած` ժանգ (գիտական եզրույթաբանությամբ` լիմոնիտ): Այդ ժանգը հատկություն ունի իր մեջ հավաքելու տվյալ հանքանյութում եղած չնչին ոսկին, այն կուտակում է իր մեջ` ստեղծելով ոսկու տասնյակ, իսկ որոշ տեղերում նույնիսկ հարյուրավոր անգամներով ավելի բարձր խտություններ, քան չփոփոխված հանքավայրում եղած ոսկու խտությունն է: Այսինքն` ժանգոտած հանքավայրի մեջ, ի տարբերություն չփոփոխվածի, որոշ մասերում կարող են լինել ոսկու բարձր պարունակություններ:
Ամուլսարում վերին հորիզոնները բավական ուժեղ փոփոխված են, դրա համար այնտեղ, ըստ հետազոտողների, կան ոսկու բարձր պարունակություններ: Դրանք, սակայն, ստորին հորիզոններում կարող են չլինել: Պետք է հաշվի առնել, որ շատ անհավասար են այդ պարունակությունները, քանի որ երկրորդական գործընթացի արդյունք են, և համապատասխան պայմաններ են անհրաժեշտ կուտակվելու համար: Ոսկու պարունակությունը կարող է մի տեղ լինել շատ բարձր, իսկ 10 մետր հետո չլինել կամ լինել շատ քիչ, այսինքն` ոչ հավասարաչափ բաշխված:
- Անդրադառնանք երկաթի սուլֆիդի խնդրին, կա՞ հաշվարկ, թե Ամուլսարում երկաթի սուլֆիդի ի՞նչ զանգված կա:
- Ես ընկերության փաստաթղթերում այդպիսի հաշվարկների չեմ հանդիպել: Ավելին. չեմ հանդիպել նաև հաշվարկների, թե մոտավորապես քանի՞ տոննա կամ լիտր ծծմբաթթու կառաջանա այդ հանքավայրի հետագա օքսիդացումից, ի՞նչ ծավալի ծծմբային ջրեր կառաջանան արդեն մարդկային այդ ներազդեցությունից հետո:
- Այդպիսի հանքավայրերում ինչպե՞ս են առաջանում ծծմբային ջրերը:
- Տեղի է ունենում հասարակ քիմիական ռեակցիա, երբ ջուրը միանում է այդ սուլֆիդային միներալների հետ, առաջանում է ծծմբական թթու: Կան բանաձևեր (տարրական քիմիա է), որ ցանկացած սուլֆիդային միներալ մտնելով ջրի հետ փոխազդեցության մեջ, արդյունքում, այսպես թե այնպես, առաջացնում է ծծմբական թթու`  H2SO4: 
- Կա՞ պատկերացում, թե Ամուլսարում այն ինչ խտությամբ կառաջանա:
- Կարելի է կատարել հաշվարկներ, բայց ես ընկերության ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) հաշվետվությունում այդ հաշվարկները չեմ տեսել:
- Իսկ ջուրն այնտեղ ինչպե՞ս է առաջանում:
- Ամուլսարի հանքավայրում խնդիրն, առաջին հերթին, այն է, որ ապարները շատ ճաքճքված են, երկրորդը, որ հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով, այսինքն` փորվելու է հսկայական փոս («կարիեր»), որը ձագարի դեր է խաղալու, և՛ մթնոլորտային տեղումները, և՛ մակերեսային հոսքերը, և՛ գրունտային ջրերը, բոլորը լցվելու են այդ ձագարի մեջ, որն այդ ամբողջ ջուրը քաշելու է դեպի խորք: Ըստ էության, ձևավորվելու է ջրային հոսք, որն իր մեջ ներառելով ծծումբը և վերածվելով տարբեր խտությունների ծծմբական թթվի, խառնվելու է ստորգետնյա ջրերին:
- Այդ ստորգետնյա ջրերը կապ ունե՞ն Որոտան և Արփա գետերի աղբյուրների հետ, որտեղից այդ գետերը սնվում են:
- Իհարկե, ստորգետնյա ջրերն ունեն ելքեր դեպի մակերես, ինչը տեղի է ունենում ռելիեֆի
ամենախոր տեղերում, որոնք ձորերն են: Եթե դուք ուշադրություն դարձնեք, աղբյուրների մեծ մասը ձորերի մեջ է, որտեղ նրանք դուրս են գալիս մակերես ու խառնվում արդեն մակերևութային ջրերին, որոնք առաջանում են նաև ձնհալներից և անձրևներից։ Այդտեղ առաջին խնդիրն է ծագում, որ այդ թթվային ջրերի ստորգետնյա հոսքը կարգավորելու մեխանիզմներ, առաջինը, չկան, քանի որ շատ բարդ տեխնիկական խնդիր է: Երկրորդ` ՇՄԱԳ հաշվետվությունում որևէ կերպ չի արծարծվում` ինչպես կարգավորել այդ թթվային դրենաժը։ Ես համարում եմ, որ այդ ռիսկը չկառավարվող ռիսկ է:
- Իսկ թթվային դրենաժի և այդ ռիսկը չկառավարելու հետևանքով ինչե՞ր են լինելու:
- Առաջինը` քաղցրահամ բազմաթիվ աղբյուրներ վերածվելու են թթվային կազմ ունեցող ջրերի և, կախված թթվայնության չափերից, կարող են այլևս ոչ պիտանի դառնալ ոռոգման, ինչպես նաև մարդկանց և անասունների խմելու համար:
Երկրորդ. այդ աղբյուրները կբարձրացնեն թթվայնությունը հենց հիմնական գետերի` Արփայի և Որոտանի, ինչը կազդի այդ գետերի էկոլոգիական համակարգի վրա, լուրջ փոփոխություններ տեղի կունենան: Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն, որ բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, կփոխվի ջրի թթվայնությունը, կփոխվի նաև այդ ջրում լուծված աղերի քանակը, թթու ջուրն իր մեջ ավելի շատ աղեր ու մետաղներ կարող է լուծել, այսինքն` այդ ջուրը նաև թունավոր է լինելու և ոչ պիտանի ոռոգման համար:
- Եթե ջուրը թունավոր դառնա, թունավոր չե՞ն դառնա նաև այդ ջրով ոռոգված գյուղմթերքները:
- Հենց դրա մասին է խոսքը, որ այդ թթվային դրենաժը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ ունի բարձր թթվայնություն, այլ նաև նրանով, որ բարձր թթվայնության հետևանքով իր մեջ լուծում է հանքավայրում ազատ իոնների ձևով եղած մետաղները, այդ թվում թունավոր տարրերը` կապար, մկնդեղ, քրոմ և այլն: Ջրի թթվայնությունը որքան բարձր լինի, այնքան ավելի շատ կլուծվեն այդ տարրերը ջրի մեջ, և շատ ավելին կլուծվեն, քան սովորական ջրում են լուծվում: Ասեմ նաև, որ Արփա և Որոտան գետերի ջրերով ոռոգվող մեր հողատարածքների մակերեսը բավական մեծ է, պետք է նկատի ունենալ նաև, որ մեր հայտնի գինիների համար օգտագործվող խաղողի այգիներն Արփայի ջրերով են ոռոգվում:
- Մամուլում այս կապակցությամբ ձեր հրապարակումից հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունն ի՞նչ էր պատասխանել:
- Նշել էր, թե այնտեղ ընդհանրապես սուլֆիդներ չկան, եղած սուլֆիդներն ամբողջովին օքսիդացված են, 100 տոկոսով օքսիդացված հանքավայր է, որտեղ չի կարող առաջանալ որևէ թթու: Սակայն, հենց իրենց ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությունում գրված է, որ այնտեղ մակերևույթին կա թթու առվակ, նաև` «Բենիկ լիճ» անվամբ հայտնի մի լիճ, որի ջուրը նույնպես թթու է, ընդ որում, դեռ մինչև հանքավայրի շահագործումը: 
Ավելին. եթե մենք դատենք ՇՄԱԳ հաշվետվության անգլերեն տարբերակից, հանքավայրի տարածքում օքսիդացման գործընթացները շարունակվում են: Այն օտարերկրյա ընկերությունը, որը պատրաստել է այդ ՇՄԱԳ հաշվետվությունը, նշել է, որ առկա է թթվային դրենաժ, քանի որ մի շարք աղբյուրներ չեն համապատասխանում խմելու ջրի որակին, թթու են, այսինքն` գործընթացը նկարագրված է:
Բացի նրանից, ինչի մասին արդեն նշեցի, ՇՄԱԳ հաշվետվության անգլերեն տարբերակում «Էրատո» տեղամասի վերաբերյալ նկարագրված է, որ խորը հորիզոններում հայտնաբերել են սուլֆատներ: Նկատի ունենանք, որ սուլֆատներն իրենք էլ լուծվում են ջրով (ընդ որում, ավելի հեշտ, քան սուլֆիդները), ավելի արագ են առաջացնում ծծմբական թթու, քան սուլֆիդները:
Ընդգծեմ, որ Ամուլսարի հանքավայրում ծծմբային միացությունները թեև զգալի չափով օքսիդացված են, առաջացած է ժանգ, առաջացած են տարբեր, այսպես կոչված, երկրորդային միներալներ, սակայն դրանք կատալիզատորի դեր են կատարում: Կան բավական շատ գիտական աշխատանքներ, որոնցում նկարագրված է, որ երկաթի օքսիդներն իրենք, իրենց հերթին, դառնում են կատալիզատոր և ավելի արագ են օքսիդացնում եղած սուլֆիդները, որոնք դեռ չեն օքսիդացել: Քանի որ այնտեղ կան սուլֆիդներ և այդ հանքավայրի ապարներն էլ են սուլֆիդացված, կսկսվի ավելի արագ օքսիդացման գործընթաց և ծծմբաթթվի գոյացում:
Ընդգծեմ, որ նշված երևույթները մասամբ տեղի են ունենում դեռ հիմա, այսինքն` այն ժամանակ, երբ հանքավայրը դեռ բավական մեկուսացված է արտաքին ազդեցություններից: Մասամբ են տեղի ունենում` շնորհիվ նրա, որ այնտեղ մակերեսին կա կավային շերտ, կա հողային շերտ, այնտեղ կա չամ, որոնք թույլ չեն տալիս, որ շատ ջուր ներթափանցի հանքավայրի մեջ: Հենց բացեցին, հեռացրեցին այդ շերտերը, մի քանի մետր խորացան, Ամուլսարի հանքը դառնալու է թթու արտադրող հսկայական գեներատոր, որը կանգնեցնել արդեն, ըստ երևույթին, հնարավոր չի լինի: Նկատի ունենանք նաև այն, որ այդ թթվային գեներատորը միայն մեկ կամ տասը տարի չէ, որ ծծմբական թթու է արտադրելու, միայն հանքի շահագործման ընթացքում չէ, որ գոյանալու է այդ վտանգավոր թթուն, ծծմբական թթվի արտադրությունը կարող է շարունակվել հարյուրավոր տարիներ:
- Այս դեպքում Սպանդարյան-Կեչուտ թունելին ի՞նչ ճակատագիր է սպասվում:
- Թունելը կքայքայվի: Աղտոտված ստորգետնյա ջրերի մի մասն անմիջական շփում կունենա Սպանդարյան-Կեչուտ ստորգետնյա թունելի հետ, որը նախատեսված է Սպանդարյանի ջուրը դեպի Կեչուտի ջրամբար, ապա Սևանա լիճ տեղափոխելու համար: Այդ թունելը երկաթբետոնյա կոնստրուկցիա է, որն, իհարկե, ժամանակի ընթացքում չի դիմանա այդ թթու ջրերի քայքայիչ ազդեցությանը, և մենք այնտեղ վթարային վիճակներ կունենանք:
Ի դեպ, եթե, այնուամենայնիվ, հանքավայրի շահագործման ուղղությամբ աշխատանքները չդադարեցվեն, ապա մինչև հանքավայրի վրայի հողի ու կավի շերտի հեռացումը, անհրաժեշտ է, որ լինի պետական հանձնաժողով, որը կգնահատի Կեչուտ-Սպանդարյան թունելի վիճակը, այսինքն` կպարզի, կարձանագրի, թե ինչ վիճակում է այն` մինչև հանքի բացումը ու թթվային դրենաժի խնդրի առաջացումը, որպեսզի հետո տեսնենք, թե ինչ է կատարվում ու համեմատելու հնարավորություն ունենանք: Այլապես «Լիդիան Արմենիա» ընկերությունը վաղը կարող է ասել, որ իրենք մեղավոր չեն, թունելը քայքայված վիճակում է եղել դեռ մինչև իրենց կողմից համապատասխան աշխատանքների սկսումը:
Փաստորեն, այդ անհրաժեշտ ու կարևոր աշատանքը` թունելի ներկայիս տեխնիկական վիճակի փաստագրումը, կատարված չէ, այն այսօր որևէ փաստաթղթում հստակ արձանագրված չէ:
Ընկերությունը թունելի վրա թթվային դրենաժի հնարավոր ազդեցության խնդրին անդրադարձել է ՇՄԱԳ հաշվետվության անգլերեն տարբերակում, որը Հայաստանում պաշտոնական փաստաթուղթ չէ, իսկ հայերեն տարբերակում փորձ է արվել այդ հարցն առավելագույն չափով, ինչպես ասում են, սվաղել ու շրջանցել։ «Թթվային դրենաժ» եզրն ընդհանրապես չկա, չի դիտարկվում այն խնդիրը, որ սուլֆիդային հանքանյութի ու սուլֆիդացված ապարների հետ ջրի ռեակցիայի հետևանքով հանքավայրում թթվային լուծույթ է առաջանալու: Այդ խնդրին անդրադարձ կա ոչ թե հանքավայրի, այլ այն ապարների հետ կապված, որոնք, դուրս կհանվեն հանքից: Դրանց մեջ էլ բավական շատ պիրիտ, այսինքն` դարձյալ երկաթի սուլֆիդ կա: Այդ կապակցությամբ գրված է, թե կարող են առաջանալ այդպիսի վտանգավոր ջրեր և ինչպես պետք է հավաքեն այդ ջրերը։ Դե, այդտեղ հնարավոր է ջրերը հավաքելը, տեխնիկական լուծում կա, այսինքն` դա կառավարելի ռիսկ է: Ուրիշ բան` գործնականում կհավաքե՞ն, թե չեն հավաքի: Սակայն, բուն հանքավայրում թթվային դրենաժի առաջացման, այսինքն` այն մասին, որ հանքավայրն ինքն է դառնալու թթու ջրերի հսկայական գեներատոր և առաջանալու է անկառավարելի ռիսկ, խոսք չկա: Բուն հանքավայրի մեջ գոյացող թթվային դրենաժը կառավարելի չէ:
- Իսկ Սպանդարյան-Կեչուտ թունելի քայքայումից հետո ծծմբական թթու պարունակող այդ ջրերը կհոսե՞ն դեպի Սևանա լիճ…
- Այդ ջրերը, միևնույն է, քայքայված, այս կամ այն չափով քանդված թունելով կհոսեն դեպի Կեչուտ, իսկ եթե դրանից հետո Կեչուտի ջրամբարի ջրերը փորձեն տեղափոխել Սևանա լիճ, ապա այնտեղ կգնա թթու ջուր, որը ճանապարհին, ժամանակի ընթացքում հավանաբար կքայքայի նաև Արփա-Սևան թունելը: Այսինքն` Սևանա լճում ռազմավարական նշանակություն ունեցող լրացուցիչ քաղցրահամ ջուր հավաքելու խնդիրը, որը Հայաստանի համար պետք է լինի ազգային ու պետական գերխնդիր, Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծի դեռ սկզբնական փուլի իրագործման դեպքում ի չիք կդառնա, մենք մեր ժառանգներին կթողնենք մի շատ լուրջ հիմնախնդիր, շատ տխուր ժառանգություն: Կթողնենք թթվային մի հսկայական գեներատոր, որը կարտադրի ծծմբական թթու պարունակող ջուր, և որն էլ իր մեջ սովորական ջրի համեմատ ավելի մեծ չափերով լուծելով այնտեղ եղած ծանր մետաղները, կաղտոտի մակերույթային ու ստորգետնյա ջրերը, հողատարածքները, դրանցում աճեցված մրգերն ու պտուղ-բանջարեղենները և, ի վերջո, դրանցով սնվող մարդկանց:
- Իսկ նշված ջրամբարների, Արփա և Որոտան գետերի, Սևանա լճի ձկները կկարողանա՞ն ապրել այդպիսի թունավոր կամ աղտոտված միջավայրում:
- Չգիտեմ, բայց հանքը բացելու աշխատանքներից առաջ պահանջվում են շատ լուրջ հետազոտություններ, շատ հստակ հաշվարկներ, որը բավական աշխատատար ու ծախսատար գործ է, ինչը պետք է արվեր, բայց չի արվել:
- Դուք նախնական հաշվարկներ կամ պատկերացում ունե՞ք, թե տարեկան քանի՞ հազար խորանարդ մետր թթվային ջուր կառաջանա:
- Չենք կարող հաշվարկել, քանի որ դրա համար շատ տվյալներ են պետք, որոնք ընկերության ներկայացրած փաստաթղթերում չկան: Կարելի է ենթադրել, որ զուտ մթնոլորտային տեղումների հետևանքով այնտեղ առաջանալու է մոտ 40 000 խորանարդ մետր ջուր, գրունտային և արտադրական ջրերը դրանում ներառված չեն: Պետք է նկատի ունենալ նաև, որ ներազդեցության դեպքում հիդրոերկրաբանական պայմանները կարող են փոխվել, այնտեղ կարող է լրացուցիչ ներհոսք լինել:
- Որպես Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, այս մասին պաշտոնապես ո՞ւմ եք տեղեկացրել:
- Պաշտոնապես չեմ տեղեկացրել, քանի որ մեր կենտրոնը պետական հիմնարկություն է, և որպես պետական հաստատություն, մենք չենք ստացել հանձնարարություն, պատվեր կամ գոնե հարցում` այդ նախագծին գնահատական տալու: Այլ խնդիրների, հանքավայրերի, օրինակ, Սոտքի հանքավայրի հետ կապված` մենք կառավարությունից ստացել էինք այդպիսի հանձնարարություն և արդյունքների մասին զեկուցել կառավարությանը: Այս դեպքում, թեև առկա մեծ ռիսկին, համապատասխան և այլընտրանքային հետազոտություններ ու գնահատում չեն կատարվել:
- Այս հարցազրույցում ձեր նշած վտանգների ու սպասվող վնասների մասին, թեկուզ ոչ պաշտոնապես, տեղեկացրե՞լ եք Հայաստանի Հանրապետության վարչապետին, բնապահպանության գծով նրա խորհրդականին, Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի նախագահին:
- Իսկ ի՞նչ մեխանիզմով պետք է ոչ պաշտոնապես տեղեկացնեի նրանց:
- Մասնավոր զրույցների ընթացքում:
- Ես նրանց հետ մասնավոր զրույցներ չեմ ունեցել: Կարելի է ասել, որ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկացրել եմ բոլորին: Մենք բաց ենք աշխատում, և ցանկացած հասարակական կազմակերպություն, լրատվամիջոց, որը մեզ դիմում է, փորձում ենք պատասխանել նրանց հարցերին, բարձրաձայնել առկա խնդիրների մասին, բայց եթե ինձ կառավարական մարմինը չի դիմում, ես իրեն ի՞նչ պատասխանեմ:
- Իսկ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից գործող գիտատեխնիկական խորհրդում դուք ներկայացրե՞լ եք այն խնդիրները, որոնց մասին քիչ առաջ նշեցիք:
- Այո, այնտեղ մի քանի ամիս առաջ ներկայացրել եմ արդեն նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ, ներկա է եղել նաև նախարարը:
- Գիտատեխնիկական խորհրդի կողմից ի՞նչ արձագանք եղավ ձեր զեկույցի կապակցությամբ:
- Ընդունվեց որոշում` բարձրացված հարցերը «Լիդիան Արմենիա» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ` նշելով, որ կան այսպիսի հարցադրումներ, կա թթվային դրենաժ, սուլֆիդացում և այլն, և ընկերությունից ակնկալելով սպառիչ պատասխան: Ընկերությունը պատասխանե՞լ է, թե ոչ, կամ ինչ պատասխաններ է տվել, ես չգիտեմ:
- Մենք խոսեցինք թթվային դրենաժի առաջացման, դրա ներկայացրած վտանգի, սպասվող վնասների մասին, բայց թթվային դրենաժը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում միա՞կ վտանգն է, թե կան նաև այլ ռիսկեր, վտանգներ:
- Կան կառավարման ենթակա ռիսկեր, թթվային դրենաժից բացի, չկառավարվող ռիսկ կարող է լինել նաև սեյսմիկ իրավիճակը, քանի որ ես վստահ չեմ, որ իրենք ճիշտ են հաշվարկել սեյսմիկ վտանգի չափը: Սակայն, այս առումով պետք է խոսեք արդեն սեյսմիկայի մասնագետների հետ: Այնտեղ մի քիչ բարդ տարածք, է և իրար կողք գտնվող տեղանքներ կարող են տարբեր սեյսմիկ գնահատականներ ունենալ:
- Ի՞նչ կարող եք ասել հանքի շահագործման ընթացքում առաջանալիք, ծանր ու թունավոր մետաղներ պարունակող փոշու տարածման շառավղի մասին, դրա գերակշիռ մասն իսկապե՞ս մինչև 1 կիլոմետրի սահմաններում է տարածվելու, ինչպես ներկայացված է ՇՄԱԳ հաշվետվությունում:
- Ըստ իս, իրենց ներկայացրած բոլոր և՛ բանաձևերը, և՛ հաշվարկները լուրջ վերանայման, վերստուգման կարիք ունեն, քանի որ արդեն ինչ-որ անազնվություն է երևում այդ ամբողջ գործընթացում:
- Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում բացասական ի՞նչ ազդեցությունների կարող է ենթարկվել «Ջերմուկ» հանքային ջուրը, որի աղբյուրները հանքավայրից հեռու չեն:
- Ես այս հարցին չեմ կարող միանշանակ պատասխան տալ, տարբեր մասնագետներ այդ խնդրին տարբեր կերպ են մոտենում, տարբեր դիրքորոշումներ արտահայտում: Կան երկրաբաններ, որոնք ասում են, որ անմիջական կապ կա, հանքավայրի շահագործումը կարող է վնաս տալ ամբողջ ջրաբանական ռեժիմին, և «Ջերմուկ» հանքային ջրի աղբյուրները պարզապես կվնասվեն, բայց «Լիդիան Արմենիա» ընկերությունը պնդում է, որ, իրենց հաշվարկներով, բացարձակապես վնաս չի լինի: Ես կարծում եմ, որ հավանական վնասը բացառել չի կարելի:
- Այսինքն` նախատեսված պայթեցումները, հորատումները «Ջերմուկ»-ի հանքային կազմը չե՞ն կարող փոխել:
- Խոսքն այն մասին է, որ պայթեցումները կարող են ինչ-որ ռեզոնանսային երևույթների հանգեցնել: Երկրաբանական կառուցվածքն ինքնին շատ բարդ է, և կարող են լինել շերտեր, որոնք թույլ ցնցումները, տատանումները կարող են ռեզոնանսով ուժեղացնել ու հասցնել բավական հեռու, ընդհուպ մինչև այնտեղ, որտեղ «Ջերմուկ» հանքային ջրի աղբյուրներն են, իսկ դրանք Ամուլսարից այնքան էլ հեռու չեն, մոտ 10 կիլոմետր է հեռավորությունը: Տվյալ վտանգը չի կարելի բացառել, և այս հարցում համոզվելու համար` ազդեցություն, վնաս կլինի՞, թե չի լինի, պահանջվում են արդեն այլ մասնագետների` ինժեներաերկրաբանների կողմից լուրջ հետազոտություններ: «Լիդիան Արմենիա»-ի պնդումների համաձայն, Ամուլսարի հանքավայրի տեղանքը բոլորովին առանձին երկրաբանական բլոկ է, որը որևէ կերպ կապված չէ «Ջերմուկ» հանքային ջրի տեղանքի հետ, սակայն դա իրականում այդպես չէ, ոչ մի երկրաբան դա չի ընդունի:
- Ցնցումները եթե ռեզոնանսով հասնեն Ջերմուկ, դրա հետևանքով այդ հանքային ջրի աղբյուրները կարո՞ղ են կորել:
- Այո: Կարող է խախտվել նաև ջրաբանական ռեժիմը: Շատ դժվար է կանխատեսել, թե այդ բարդ ջրաբանական համակարգերի վրա ցանկացած ազդեցություն ինչով կվերջանա: Հիշենք, թե ինչ կատարվեց Արարատյան դաշտի մեր արտեզյան ավազանի հետ, որին այդքան վնաս պատճառեցին: Շատ մեծ հարց է, թե այն ինչպես է վերականգնվելու, ինչ է լինելու: Հետևանքների մասին կարելի է ենթադրել, բայց դրանք հստակ կանխատեսելի չեն: Այս առումով պետք է խնդրին մոտենալ այսպես` եթե կա վտանգ, ուրեմն պետք է չանել, այլ ոչ թե ասել` անենք, հետո կտեսնենք ինչ կլինի: Քանի որ մեզ մոտ կա խրոնիկական անպատասխանատվություն, դրա համար մտածում են` այսօր անենք, վաղն ով կհիշի ինչ ենք արել, օրինակ, հանքարդյունահանման ոլորտում մինչև հիմա ո՞վ է ինչ-որ լուրջ բանի համար պատասխան տվել:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 4040 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

06-02-2019 Ամուլսարի հետ կապված դատական հայց՝ ընդդեմ բնապահպանության նախարարի 28-12-2018 Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի և Լիդիանի մասին․ ՀԲՃ13-12-2018 Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ29-11-2018 Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին27-07-2018 Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…14-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ13-07-2018 Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ. Բնապահպանական տեսակետ13-07-2018 ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»12-07-2018 Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար 11-07-2018 Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել․ ԱԱԾ-ն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքների մասին10-07-2018 «Երկու կողմն էլ` նախորդ կառավարության ներկայացուցիչները և հեղինակները հանքերի շահագործման, խարդախության են դիմել». Զարուհի Փոստանջյան (ֆոտոշարք)07-07-2018 Փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին06-07-2018 Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին06-07-2018 Ուղիղ միացում.Վարչապետի դահլիճային հանդիպումը Լիդիանի ներկայացուցիչների եւ բնապահպանների հետ 06-07-2018 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am06-07-2018 Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am05-07-2018 Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են05-07-2018 Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա03-07-2018 Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…02-07-2018 Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)02-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ02-07-2018 Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո30-06-2018 Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով12-06-2018 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները11-06-2018 «Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ25-05-2018 Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան23-05-2018 Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)13-05-2018 Լիդիանը կոլապսի առջև է․ Հայկական բնապահպանական ճակատ06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով