Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)

Պատկերացնո՞ւմ եք դրա հետևանքները…

28-07-2017 18:29:08   | Հայաստան  |  Իրավունք
 

 
Դա հավասարազոր կլինի այնտեղ Նագասակիի վրա գցած ռումբի նման ռումբ գցելուն: Թունավոր փոշով աղտոտված հողը դարերով չի մաքրվի:
Մեր զրուցակիցը` Ենգիբար Արսենյանը, ծնվել է 1935 թվականին, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում, իր իսկ խոսքերով, դպրոցական տարիներին Ամուլսարի կատարին ընկերների հետ ֆուտբոլ է խաղացել: Ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտը, աշխատանքի բերումով զբաղվել է հանքարդյունաբերության անվտանգության հարցերով, ժամանակին ընդգրկված է եղել ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի նախարարության պոչային տնտեսության անվտանգ շահագործման հանձնաժողովի կազմի մեջ:
Ենգիբար Արսենյանի հավաստմամբ, Խորհրդային Միության բազմաթիվ հանքերում, պոչային տնտեսություններում մեծ վթարներ են եղել, պատահել է, որ պոչանքի վթարի հետևանքով թափոնաջրերը փոքրիկ քաղաքներից մեկն ամբողջությամբ քշել-տարել են, շատ մարդիկ են մահացել, սակայն այդ վթարները հիմնականում ժողովրդից թաքցվել են: Մասնագետը խմբագրություն էր եկել, որպեսզի իշխանություններին ժամանակին ու հրապարակայնորեն զգուշացներ Ամուլսարի ոսկու հանքավայրը բաց եղանակով շահագործելուց բխող մեծ վտանգների, ողջ Հայաստանին պատճառվելիք ահռելի վնասի և Ամուլսարի շահագործման անթույլատրելիության վերաբերյալ:
«Ես այն ժամանակ Ագարակում էի աշխատում, այնտեղի պոչային տնտեսությունը վտանգ էր ներկայացնում,- ասաց Ենգիբար Արսենյանը:- Որպես մասնագետ, եղել եմ տարբեր տեղերում, որտեղ վթարներ են եղել, մասնակցել եմ, տեսել, որ մարդիկ չեն մտածել այդ վտանգների, հնարավոր վթարների մասին: Այդ պոչային տնտեսությունները հիմնականում ոսկու արդյունաբերության մեջ և գունավոր մետալուրգիայում շատ վտանգավոր բաներ են: Իհարկե, կան բացառություններ, օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարը հուսալի է, մեծ սարերի մեջ է, չորս կողմից փակված, և այդ բոլոր ջրերը, թունավոր քիմիկատները գնում են Կասպից ծով: Այդ կողմից մեր բախտը բերել է, որ չնայած Քաջարանի այդքան մեծ հանքավայր լինելուն, նրա վնասակար թափոնները գնում, թափվում են Ողջի գետ, ապա Արաքս և Արաքսով գնում Կասպից ծով:
Ագարակի պոչամբարը, սակայն, հենց բանավանի դիմաց էր, Ագարակը մոտ 10 000 բնակչություն ուներ, այդ պոչամբարը շատ մեծ վտանգ էր ներկայացնում, բայց այն հետագայում տեղափոխեցին սարերի արանքը, ձորի մեջ, որպեսզի այդ լեռները բնական պատնեշ լինեն, եթե պոչամբարի պատնեշը նույնիսկ քանդվի, մարդկանց վնաս չպատճառվի, լեռները պահեն… Սակայն, բոլորովին այլ է Ամուլսարի պոչային տնտեսության պարագայում: Ես որ գնացել եմ Ջերմուկ, տեսել եմ, որ կապիտալ մեծ ներդրումներ կատարելու ու հզոր պատնեշ կառուցելու փոխարեն, գյուղի մոտ մի փոքրիկ պատնեշ են կառուցել, վթարի դեպքում, հնարավոր է, նույնիսկ առանց վթարի, այն չի դիմանա»:
Այնուամենայնիվ, սա դեռ ամենը չէ: Փորձառու մասնագետի հավաստմամբ, Ամուլսարից լուրջ վտանգներ են բխում, որոնք կարող են ոչ միայն տեղի բնակավայրերին, շրջապատի բնությանը, այլև Հայաստանին վնաս տալ: Սա ուղղակի հրամայական է դարձնում Ամուլսարի հանքավայրի բաց եղանակով շահագործումն արգելելը, անխախ նրանից` շահագործողը «Լիդիան Արմենիա» ընկերությունը կլինի, թե որևէ այլ ընկերություն:
«Շատ կարևոր է նաև, թե Ամուլսարում հանքաքարի ինչ զանգված են նախատեսել արդյունահանել,- ասաց Ենգիբար Արսենյանը:-  Օրինակ, Քաջարանում արդյունահանվող հանքաքարը տարեկան 13 միլիոն տոննա է, բայց այդ ցուցանիշին հասել են 60 տարվա ընթացքում, սակայն երբ ես նայեցի Ամուլսարի նախագծին, տեսա, որ ընկերությունը մտադիր է յուրաքանչյուր տարի արդյունահանել 10 միլիոն տոննա հանքաքար: Դա ահռելի զանգված է, հանքի գիշատիչ շահագործում: Անգլիան, Մեծ Բրիտանիան սովոր է դրան, գրեթե ամբողջ աշխարհի ոսկին հավաքել է իր մոտ: Սակայն, նույնիսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունը չի թողել, որ իր ոսկին բաց եղանակով շահագործեն, շահագործում են փակ եղանակով, որը շրջակա միջավայրին բաց եղանակով շահագործելուց անհամեմատ քիչ վնաս է պատճառում:
Ավելին ասեմ. Սոթքում ոսկու հանքաքարը փակ հանքից է արդյունահանվում, չնայած այնտեղ սարեր, քարեր են, ալպիական արոտավայրեր չկան, իսկ Ամուլսարի հանքավայրը, որի չորս կողմում ալպիական արոտավայրեր են, դարեր շարունակ հայերն այնտեղ անասնապահությամբ են զբաղվել (մեր ցեղը` Արսենյանների գերդաստանը, մոտ 3 դար ապրում է այնտեղ, մենք տոհմածառ ունենք), նախատեսել են բաց եղանակով շահագործել»:
Մեր զրուցակցի տեղեկացրեց, որ ժամանակին Խորհրդային Հայաստանի իշխանությունները` սկզբում Քոչինյանը, հետո Դեմիրճյանը, դիմադրել են Մոսկվային ու չեն թողել, որ Հայաստանի ոսկու նույնիսկ ամենամեծ հանքում` Սոթքում, այդքան մեծ զանգվածի հանքաքար արդյունահանվի, ընդամենը 1 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանում են թույլատրել: Ամուլսարը, մասնագետի հավաստմամբ, կոմպլեքսային հանքավայր է, բազմամետաղային, այսինքն` այնտեղ, ոսկուց բացի, կան նաև ուրան, մոլիբդեն, արծաթ, պղինձ, կապար և այլ մետաղներ, ոսկին հանդես է գալիս ծանր մետաղների հետ միասին:
«Ամուլսարը,- շարունակեց Ենգիբար Արսենյանը,- այնտեղ գտնվող ապարները շատ կարծր են, հանքաքարերը պետք է բազմաթիվ պայթեցումներով փշրեն, պոկեն և արդյունահանեն: Ի դեպ, մեր լավագույն երկրաբաններից մեկի` լուսահոգի Հրաչիկ Ավագյանի (դոկտոր, պրոֆեսոր) հաշվարկներով, Ամուլսարի հանքաքարում ոսկու պարունակությունն արդյունաբերական նշանակություն չունի, որովհետև շատ ցածր է` 1 տոննայում մոտ 0, 045 գրամ, ինքը ժամանակին հետազոտել է այդ հանքավայրը: Հետևաբար, այդ հանքավայրի շահագործումը մեծ օգուտ չի տալու, եթե, իհարկե, տալու է, բայց տալու է ահռելի մեծ վնաս:
Ոչ մի տեղ այդպիսի գիշատչային մասշտաբներով չեն շահագործում ոսկու հանքը, ես առաջին անգամ եմ լսում ոսկու հանքաքարի միանգամից այդպիսի մեծ զանգված հանելու մասին: Պետք է 4 խորանարդ մետր ապարներ քանդեն-հանեն, մի կողմ դնեն, որպեսզի 1 տոննա ոսկեբեր հանքաքար հանեն: Տարեկան 10 միլիոն տոննա հանքաքար արդյունահանելու համար, ընկերությունը պետք է պայթեցման եղանակով ավելի քան 40 միլիոն տոննա դատարկ ապարներ հանի, ինչի համար հազարավոր տոննաներ ամոնալ պետք է պայթեցնի (1 տոննա հանելու համար` 3-4 կիլոգրամ ամոնալ): Ստացվում է, որ միայն 1 տարվա ընթացքում հանքից ավելի քան 50 միլիոն տոննա ապարներ հանելու համար մոտ 200 միլիոն կիլոգրամ կամ 200 000 տոննա ամոնալ են պայթեցնելու: Պատկերացնո՞ւմ եք դրա հետևանքները…
Այնտեղ, մի քիչ հեռու Կեչուբեկ կիրճն է, որտեղ քամիների վարդ (խումբ) կա, քամիների պարսերը կիրճում միանում են իրար, ձևավորվում է ուժեղ քամի` վայրկյանում մինչև 25 մետր արագության, որը փչում է Ջերմուկի, այնտեղի գյուղերի, մեր արոտավայրերի կողմ գրեթե ամբողջ տարին: Այդ պայթեցումներից հետո ծանր մետաղներ, թունավոր տարրեր պարունակող (նաև` ամոնալի պարունակած) շատ մեծ զանգվածի փոշի է առաջանալու: Ամուլսարում, եթե հանքի շահագործման դեմը չհաջողվեց առնել, քամին փոշին տանելու է մինչև եղեգնաձոր, այն նստելու է նաև խոտերի վրա: Տարեկան մինչև 500 տոննա փոշի այդ քամիների միջոցով հասնելու է արոտավայրերին, Ջերմուկին, Ջերմուկի անտառներին, ապականելու է արոտավայրերը, անտառն ու քաղաքը, ինչպես նաև Արփա և Որոտան գետերի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների ջրերը, հատակը: Այդտեղի բոլոր գյուղերը նաև պոմպերով օգտվում են նշածս գետերի ջրերից: Բացառված չէ, որ վտանգի տակ հայտնվի նաև Սևանա լիճը:
Ջերմուկ քաղաքը կդատարկվի, ոչ մեկն այլևս հանգստանալու նպատակով չի գնա այնտեղ: Իմ հաշվարկներով, այդ պատճառով շարքից դուրս է գալու մոտ 6000 քառակուսի կիլոմետր տարածք: Ես այդ ժամանակ չեմ լինի, արդեն 82 տարեկան եմ, բայց դուք հավանաբար կլինեք, կտեսնեք, թե 10-15 տարի հետո ինչ վիճակ կլինի:  Մինչև Արենի, մինչև Արարատյան դաշտ, ծանր, թունավոր մետաղներ, նաև ուրան պարունակող փոշով ապականված կլինի: Հայաստանը ապականված, թունավորված տարածքները հարյուրավոր տարիներ չի կարողանա վերականգնել:
Դրանից բացի, որպեսզի ոսկու հանքաքարից ոսկին կորզեն, հանքաքարը պետք է նախապես երեք անգամ մանրացնեն, սկզբում` խոշոր ջարդիչով, հետո` միջին, իսկ վերջում` մանր: Այդ գործընթացի ժամանակ նույնպես ահավոր մեծ զանգվածի փոշի է առաջանում: Եթե նույնիսկ հավատանք ու համարենք, թե ընկերությունը հանքաքարի ջարդման, տեղափոխման ընթացքում առաջացող փոշու դեմը հիմնականում առնելու է փոշու առաջացման գոտում տոննաներով ջուր փոշեցրելով, հավատանք ու համարենք, թե գործնականում վերահսկողությունից դուրս լինելու պայմաններում բարեխղճորեն կատարելու է իր այդ պարտականությունը, ապա տարեկան հազարավոր տոննաների հասնող ամոնալի պայթեցումներից առաջացող հսկայական զանգվածի փոշին հանքի տարածքում նստեցնելու հնարավորություն, տեխնոլոգիա ինձ հայտնի չէ, դա ուղղակի անհնար է»:
Այսպիսի եղանակով շահագործվող ոսկու և այլ մետաղների բացհանքերում ջուր փոշեցրելով փոշին ծանրացնելու և նստեցնելու տեխնոլոգիան, մասնագետի հավաստմամբ, գործնականում իրեն չի արդարացնում, թեև ամեն տեղ էլ կիրառում են այն կամ պարտավոր են կիրառել: Պատճառը` առաջացող փոշու հսկայական զանգվածն է:
«Ովքեր ասածիս կառարկեն կամ չեն հավատա, թող գնան Քաջարան, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ,- ասաց Ենգիբար Արսենյանը:- Թեև այն հագեցած է  ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով,  բայց անզեն աչքով էլ կարելի է տեսնել, թե այնտեղ անտառի վրա քանի-քանի տոննա փոշի է նստած, անտառ մտնել գրեթե հնարավոր չէ: Մինչդեռ, երիտասարդ տարիներիս, երբ Մոսկվայում ավարտելուց հետո վերադարձա, եղել եմ այնտեղի անտառում, այն մաքուր էր, առատորեն հոն, ընկույզ և անտառի այլ բարիքներ կային: Կապանում, Քաջարանում այդ փոշին հանքից 10-20 կիլոմետրի վրա օդում է, քամին քշում տանում է այստեղից այնտեղ:
Մի փոքրիկ բան պատմեմ. փոքրիկ երեխան տեսնում է, որ ինչ-որ մի քեռի երկաթե մանրասղոցով դռան կողպեքը կտրում է, հարցնում է` ձաձյա, այդ ի՞նչ ես անում: Կողպեքը կտրողը պատասխանում է, թե քյամանչա է նվագում: Երեխան տարակուսում է` բա ինչո՞ւ ձայնը դուրս չի գալիս: Կողպեք կտրողն ասում է` վաղը դուրս կգա…: Այնպես որ, Ամուլսարի շահագործման ձայնը դուրս կգա, վնասները բոլորն ակնհայտորեն կզգան, կխոսեն, կբողոքեն ոչ թե շահագործման 1-ին, 2-րդ տարում, այլ շահագործման ավարտին մոտ` մոտավորապես 10 տարի հետո, իսկ 20-30 տարի հետո տեղի բնակավայրերը կամայանան: Դա հավասարազոր կլինի այնտեղ Նագասակիի վրա գցած ռումբի նման ռումբ գցելուն: Թունավոր փոշով աղտոտված հողը դարերով չի մաքրվի»:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ, քանի որ Ամուլսարի հանքավայրը ոսկեբեր կվարցիտների է, այնտեղի ապարների պայթեցումից և հանքաքարի ջարդումից առաջացող փոշու մինչև մոտ 40 տոկոսը լինելու է կվարցի փոշի, որից այնտեղի աշխատողների, բնակիչների մոտ կարող է առաջանալ արտաքուստ թոքաբորբի նմանվող սիլիկոզ հիվանդությունը:
Ըստ մասնագետի, որքան էլ տարօրինակ թվա, իրականությունն այն է, որ ցիանիդային կորզման տեխնոլոգիայով ոսկու արդյունաբերությունն իրեն չի արդարացնում, բացի այդ, մենք դրանից չենք շահելու, ոսկին թեև հանելու են, բայց մեզ չեն թողնելու, տանելու են արտերկիր:
Պարոն Արսենյանի խոսքերով, սա ոչ թե ներդրում է, այլ գիշատչային շահագործում: Նա հարցնում է` շահագործումն ավարտելուց հետո ի՞նչ պետք է անեն 2-3 միլիարդ տոննա կոշտ թափոնները, օգտագործված ապարները, դրանք սարերում, ձորերում, դաշտերում պետք է լցվա՞ծ մնան…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից