Խոսրովի անտառը վերականգնելու համար տասնամյակներ կպահանջվի. վտանգված է 35 հազար հա անտառ. armtimes.com (տեսանյութ)



14-08-2017 13:02:14   | Արարատի մարզ  |  Մամուլի տեսություն
 


Օգոստոսի 12-ից Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առեւտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում բռնկված հրդեհը հրշեջներին դեռ չի հաջողվել մարել:
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվականից armtimes.com-ին փոխանցեցին, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկոյին, որպեսզի հրդեհը մարելու համար ռուսական կողմը մեզ տրամադրի ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը:
 
«Ռուսական կողմը համաձայնությունն արդեն տվել է, հիմա իրականացվում են տեխնիկական հարցերը, որպեսզի ինքնաթիռը ժամանի Հայաստան: Ուղղաթիռ մենք ունենք, առավոտյան երկու թռիչք է ունեցել, բայց ուղղաթիռի սպեկտորն ինքնաթիռի նման մեծ չէ: Ակնկալվում է, որ հնարավորինս շուտ ինքնաթիռը կժամանի»,- մեր զրույցում ասաց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:
 
Ըստ ԱԻՆ-ի նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Նանա Գնդոյանի խոսքով՝ այս պահին դժվար է ասել, թե որքան տարածք է կոնկրետ այրվել, քանի որ հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ այդ հաշվարկներն այս փուլում անելը դժվար է:
 
Անդրադառնալով կամավորների ներգրավման խնդրին, ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալն ասաց, որ նախ օժանդակություն ցուցաբերելը չի նշանակում, որ ինչքան շատ մարդ լինի դեպքի վայրում, ուրեմն այդքան լավ:
 
Երեկ Հայկական բնապահպանական ճակատ շարժման անդամները դիմել էին ԱԻՆ-ին, որպեսզի կամավորական ուժ ներգրավվի հրդեհաշիջման աշխատանքներում, սակայն նախարարությունից հայտնել էին, որ ԱԻՆ-ի ուժերը բավարար են, որը բնապահպանների մոտ դժգոհություն էր առաջացրել:
 
«Օժանդակությունն այդպես չի լինում: Նախարարությունը մոբիլիզացրել է եւ ՊՆ-ի, եւ ոստիկանության ուժերը, այնտեղ աշխատում են պատրաստված մարդիկ, որոնք տիրապետում են գործունեության տեխնիկային: Բնակչությանը մոբիլիզացնելը վտանգավոր է, մարդիկ չունեն հրդեհաշիջման պրոֆեսիոնալ պատրաստվածություն եւ ինչ-որ մեկը կարող է նաեւ վնասվել: Ուսումնասիրել ենք միջազգային փորձը կամավորների ներգրավման ժամանակ: Մարդիկ մեծ պատրաստվածություն են անցնում, որպեսզի կամավոր այդ աշխատանքներում ներգրավվեն: Այնտեղ գործում է նաեւ ապահովագրական համակարգը: Եթե Աստված չանի քաղաքացին վնասվի, կան իրավական հիմքեր, որով պետությունը հոգում է իր քաղաքացու կրած վնասը: Կամավորական շարժումը մի ամբողջ համակարգ է, որը փորձում ենք ներդնել: Այս պահին չի կարելի բնակիչների ուղարկել, ասել՝ գնացեք, պայքարեք կրակի դեմ»,- ասաց Նանա Գնդոյանը:
 
ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանն էլ armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ արդեն երեք օր է ինչ նախարար Արծվիկ Մինասյանն ամենօրյա ռեժիմով գտնվում է «Խոսրովի անտառ» արգելոցում եւ միայն գիշերն ուշ ժամի է վերադառնում: Նախարարության բնապահպանության տեսչության աշխատակիցները բոլոր հնարավոր միջոցներով փորձում են կրակը մարել:
 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի(FPWC) տվյալներով, շուրջ 35 հազար հեկտար պահպանվող տարածք կարող է ամբողջությամբ վերանալ։ Ըստ հիմնադրամի՝ տասնամյակներ կպահանջվեն վերականգնելու կորսված արժեքավոր էկոհամակարգը։
 
FPWC-ն կոչ է անում միջազգային բնապահպանական հանրությանը օգնել դիմակայել այս մարտահրավերին։ «Շտապ կարիք կա հրշեջ սարքավորումների՝ տրանսպորտային միջոցներ, պոմպեր, գործիքներ և հանդերձանք։ Կարող եք օգնել նաև ֆինանսապես։ Բոլոր նվիրաբերությունները կուղղորդվեն անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը»,- ասված է հիմնադրամի կոչում։
 
Շուրջ երեք օր Խոսրովի արգելոցում բռնկված խոշոր հրդեհի պատճառով, ըստ տարբեր տվյալների, 1000-1500 հա տարածք է այրվել։ Հրդեհվել է նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) մի զգալի հատվածը։ Վնասի չափերը ճշգրտվում են։
 
Այսօր վաղ առավոտյան Բնապահպանական հայկական ճակատի ներկայացուցիչները, կամավորներ մեկնել են Խոսրովի արգելոց, սակայն տեղանքում հեռահաղորդակցության միջոցները գրեթե չեն գործում: Այդ իսկ պատճառով դժվար է տեղում կատարվող աշխատանքների վերաբերյալ թարմ տեղեկություն ստանալ:
 
Խոսրովի անտառը (Խոսրովի արգելոց) զբաղեցնում է 27000հա տարածք: Այն սփռված է Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռան, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին: Գտնվում է 1600-2300մ բարձրությունների վրա: Խոսրովի անտառը 1958թ.-ից հանդիսանում է պետական արգելոց: Այն կազմակերպվել է բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով:
 
Լեռնաբազուկների ստորին լանջերում տիրապետում է կիսաանապատային լանդշաֆտը: Անտառային բուսածածկույթը կղզիների ձևով տարածված է միջին բարձրություններում և հանդես է գալիս գիհու նոսր անտառներով ու կաղնուտներով: Կան նաև լայնատերև իլենի, բռնչենի, արոսենի, կովկասյան ցախակեռաս: Ավելի բարձր` լեռնատափաստանային բուսածածկույթ է: Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը: Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ, վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, գորշուկ և այլն: Առանձնապես հարուստ է թռչնաշխարհը. հանդիպում են սև ցին, գառնանգղ, սպիտակագլուխ անգղ, արծիվ, վայրի աղավնի, ճայ և այլն: Կան բազմաթիվ սողուններ, մասնավորապես` թունավոր գյուրզան: 1954թ-ից կլիմայավարժեցվում է ուսսուրական բծավոր եղջերուն:
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից