ՊԵԿ. 2017 թվականի առաջին կիսամյակում հարուցվել է 154 քրեական գործ

Արձանագրվել է հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողների կարգապահության բարձրացում

14-08-2017 15:09:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2017 թվականի առաջին կիսամյակում ստացվել է 1060 փաստաթուղթ, որից 506-ն  ուղարկվել է հարկային կամ այլ մարմիններ:  ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների հատկանիշներով հարուցվել է 154 քրեական գործ: «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները չվճարելու փաստերով հարուցվել են 98, կանխամտածված սնանկության փաստերով՝ 25 քրեական գործեր»,-տեղեկացրել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը: Քրեական գործեր են հարուցվել նաև կեղծ և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, կեղծ ալկոհոլային խմիչքների, չդրոշմավորված ապրանքների իրացման դեպքերով: 
Ըստ Սամվել Սինանյանի, առաջին կիսամյակում աշխատանքներ են իրականացվել նաև քրեական գործերով գումարների վերականգնման ուղղությամբ. «Ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության կողմից քրեական գործերով, նյութերով և փաստաթղթերով պետական բյուջե է վերականգնվել 1 միլիարդ 117 միլիոն դրամ»: Հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել է նաև 114 վարչական վարույթ՝ շուրջ 179 միլիոն դրամի չափով:
Սամվել Սինանյանի դիտարկմամբ՝ հատկանշական է, որ 2017-ի առաջին կիսամյակում արձանագրվել է հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողների կարգապահության բարձրացում, ինչն, ըստ նրա, պայմանավորված է ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքներով և վարչարարության խստացմամբ, ինչպես նաև ստվերի դեմ պայքարով: 
 


Պետական եկամուտների կոմիտեի 
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
      
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից