Նախարարի տեղակալն ընդունել է Իրաքի կապի նախարարության պատվիրակությանը

14-08-2017 16:37:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն օգոստոսի 14-ին ընդունեց Իրաքի Հանրապետության կապի նախարարության պատվիրակությանը` կապի և ենթակառուցվածքների պետական ընկերության (ITPC) գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվիի գլխավորությամբ:
 
Բորիս Դեմիրխանյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց այն ոլորտներն ու ուղղությունները, որոնց շուրջ քննարկումներ ու հանդիպումներ կլինեն պատվիրակության` Հայաստանում գտնվելու 3 օրերի ընթացքում:
 
Նախարարության առաջարկությամբ` այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բուհերի ու գիտահետազոտական մի քանի ինստիտուտների, հեռահաղորդակցության խոշոր օպերատորների և ՏՏ ոլորտի ընկերությունների հետ:
 
Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ կատարվեց հեռահաղորդակցության ոլորտին։ Նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի տարածքում ինտերնետ ցանցի հասանելիության ցուցանիշները, օպերատորների աշխատանքը, ներդրվող նոր տեխնոլոգիաները:
 
Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվին ընդգծեց, որ պատվիրակության այցի նպատակը հենց այս ոլորտում համագործակցության եզրեր գտնելն ու Հայաստանում կայացած ենթակառուցվածքների վերաբերյալ փորձի փոխանակումն է:
 
Կողմերը քննարկեցին նաև Տեղեկատվության մշակման ազգային կենտրոն (Data center) ստեղծելու երկու երկրների մոտեցումները: Իրաքյան կողմը հայտնեց, որ նույնպես հետաքրքրված է ազգային Data center-ի կառուցման ծրագրով, և այդ ուղղությամբ նախնական քայլեր արդեն իսկ արվում են:
 
ՀՀՌՑ ներկայացուցիչը կիսվեց Հայաստանի թվային հեռուստատեսության ներդրման փորձով: Հյուրերը հետաքրքրվեցին գործընթացի մանրամասներով` հայտնելով, որ պատրաստվում են իրականացնել թվային հեռուստացանցի կառուցման ծրագիր, և այս ուղղությամբ հնարավոր է համագործակցություն։
Քննարկվեցին նաև արբանյակային ծրագրերի շուրջ գործակցության հնարավորությունները: 
 
Քանի որ հնարավոր համագործակցության ուղղությունները բազմաթիվ են, կողմերը նշեցին, որ առաջին այցի արդյունքների ամփոփումից և ընդհանրացումից հետո, կուղենշվեն երկուստեք գործակցության հետագա քայլերը: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից