Երկու տարին նախատեսված է իշխանափոխության պահից սկսած. Ալեք Ենիգոմշյան

14-08-2017 18:10:38   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը

 

Պարոն Ենիգոմշյան, մոտավորապես մեկ տարի առաջ հանրությանը Սասնա ծռերը ներկայացրին ճանապարհային քարտեզ։ Այս օրերին ևս մեկը ներկայացրին։ Հիմա նոր օրակա՞րգ է ձևավորված, թե սա նախորդ ծրագրի լրամշակված տարբերակն է։

 

Սա լրամշակված նոր փաստաթուղթ է, ավելի հարստացված։

 

Ովքե՞ր են աշխատել ճանապարհային քարտեզի վրա։

 

Նախորդ տարվա փաստաթղթի վրա անուններ կային, հիմնականում նույն մարդիկ են։ Լրացված անուններ չկան, բայց նաև պարտադիր չէ, որ նախորդ փաստաթղթում ընդգրկված անունները բոլորը լինեն նորում։ Բայց ովքեր մասնակցել են, նույն անուններից են։

 

Ճանապարհային քարտեզի մեջ կոնկրետ ժամկետ է նշված՝ երկու տարի։ Այս պահից սկսա՞ծ երկու տարի, թե՞ նախորդ տարվանից եք հաշվում։ Ի՞նչ ակնկալիքներ կան, ինչպե՞ս դա պետք է իրականացվի։

 

Խոսքն անցումային շրջանի մասին է: Այսինքն՝ երբ այս վարչախումբը կփոխվի, անցումային կառավարություն կձևավորվի, այդ անցումային փուլի համար նախատեսված անելիքների ժամանակը երկու տարի է։ Այսինքն՝ այդ երկու տարին նախատեսված է ոչ թե հրապարակման պահից, այլ իշխանափոխության պահից սկսած։

 

Պարոն Ենիգոմշյան, հիմա ավելի չի՞ բարդացել այդ ծրագրի իրագործումը՝ հաշվի առնելով այն, որ Սահմանադրությունը փոխվել է և ՀՀԿ-ն այդ կերպ փորձում է իր ձեռքում է պահել իշխանությունը։

 

Դրված խնդիրը մնում է նույնը։ Ավելի դժվարանալու խնդիր չկա, որովհետև սահմանադրության փոփոխությունը, որը դուք ակնարկում եք, տեղի է ունեցել 2015-ին, այսինքն՝ 2 տարի առաջ և չեմ կարծում, որ դա բարդացնում կամ հեշտացնում է այն խնդիրը, որը պետք է լուծել։

 

Ներկայացված Ճանապարհային քարտեզում ներառված քայլերը կրկին ենթադրում են ընդվզում, մոբիլիզացիա։ Ինչպե՞ս կարելի  դա կյանքի կոչել։

 

Այնտեղ հիմնական փոփոխություն չկա մոտեցումների մեջ։ Նախորդ փաստաթղթում էլ ասվում էր, որ ընդվզման միջոցով պետք է խնդիրները լուծվեն։ Անցած մեկ տարին և «Սասնա ծռերի» գործողությունը եկավ ապացուցելու, լեգիտիմացնելու վարչախմբի կիրառած մեթոդների դիմաց ապստամբությունից բացի այլ այլընտրանքի բացակայությունը, այսինքն՝ բացի ապստամբությունից  այլ ելքի անհնարինությունը։ Վստահաբար ապագաղութացումը ժողովրդական ընդվզման արդյունքում կարող է լինել, բայց թե ինչը կարող է նման ընդվզում հրահրել, դրա համար տարբեր գործոններ կարող են լինել։

 

Կարծում եք՝ որքան էլ իշխանությունն ամեն ինչ արել է իր իշխանությունը երկարաձգելու համար, շատ արագ նրանց գծած օրակարգը կարող է ի չի՞ք դառնալ։

 

Իշխանության օրակարգով չէ, որ պետք է ժողովուրդն առաջնորդվի։ Ժողովուրդը պետք է ունենա իր օրակարգը, և այդ օրակարգն իրականացնելիս, բնականաբար, պետք է հաշվի առնել, թե իշխանությունն ինչ մարտավարություն է իրականացնում։

 

Քանի որ շատ է խոսվում ապագաղութացման մասին, հնարավո՞ր է, Ռուսաստանում ստեղծված իրավիճակն արագացնի այդ գործընթացը։ Որքանո՞վ Ռուսաստանում առկա իրավիճակը, պատժամիջոցները կազդեն Հայաստանում ընթացող գործընթացների վրա։

 

Տեսականորեն, իհարկե, կարող է ազդել, գործնականորեն նույնպես կազդի։ Բնականաբար, ձեր հարցի պատասխանը դրական է, որովհետև գաղութացումը Ռուսաստանից է, և Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումները չեն կարող չազդել Հայաստանում տեղի ունեցող ապագաղութացման գործընթացների վրա։ Հիմա կոնկրետ ՌԴ-ի նկատմամբ վերջին պատժամիջոցներն ինչպես կազդեն Հայաստանի իրադարձությունների վրա, ժամանակը ցույց կտա։ Մի բան հստակ կարելի է ասել. Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներն անմիջականորեն կապված են լինելու Հայաստանում ապագաղութացման գործընթացի հետ։

 

Այսինքն՝ կարծում եք, որ Հայաստանում ներքաղաքական փոփոխությունները, մեծ հաշվով, պայմանավորված են Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներո՞վ։

 

Ոչ, այնպես չէ, որ դրանք մեծ հաշվով պայմանավորված են Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներով, բայց որ Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները կարող են և վստահաբար կազդեն Հայստանի հետ կապված ցանկացած գործընթացի հետ, տվյալ դեպքում Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ ապագաղութացման գործընթացների հետ, դա միանշանակ է։ Բայց որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները բացառապես Ռուսաստանի ներսում կամ Ռուսաստանի նկատմամբ այլ ուժերի կողմից տարվող քաղաքականությունից է կախված, ոչ, բացարձակապես այդպես չէ։

 

Ո՞ր դեպքում ավելի արագ գործընթացների ականատես կլինենք։ Վերջին ամիսներին հայտարարություններ հնչում են, այդ թվում՝ դատարաններում «Սասնա ծռերի» կողմից, բայց գործնականում որքանո՞վ են դրանք կենսունակ կյանքի կոչելու իմաստով։

 

Ցանկացած զարգացում, ցանկացած քաղաքական գործընթաց կարող է կարճ ժամանակով նահանջել, բայց եթե խնդիրը դրված է, այն պետք է իրականացնել և կիրականացվի։ Եթե անմիջապես, կարճ ժամանակում ամբողջությամբ չի երևում խնդրի իրականացումը, դա չի նշանակում, որ այն իրականանալիք խնդիր չէ։ Քաղաքականության մեջ, հատկապես նման դեպքերում, անմիջապես, շատ արագ արդյունքների բացակայությունը չի նշանակում, որ դրված խնդիրը լուծելի խնդիր չէ։

 

Իսկ այդ խնդիրը պետք է իրականացնել բոլոր հնարավոր միջոցներո՞վ՝ խաղաղ ապստամբությունից մինչև զինված պայքա՞ր։

 

Ժողովրդի լեգիտիմ միջոցներով։

 

«Սասնա ծռերի» գործողությունից մեկ տարուց ավելի է անցել։ Տեսակետ կա, որ շատերը ընտրում են արտագաղթը, հարմարվողականությունը, և դրա համար փոփոխություններ չեն լինում։ Համամի՞տ եք։

 

Իհարկե, արտագաղթն ամենամտահոգիչ երևույթներից է, եթե ոչ ամենամտահոգիչը։ Այն հետևանք է մնացած բոլոր խորքային պատճառների։ Ցավոք, արտագաղթը շարունակվում է և ցավոք դա նոր բան չէ։ Այսօր ամենակարևոր խնդիրն արտագաղթը կասեցնելն է, որի համար, սակայն, արմատական համակարգային լուծումներ են պետք։ Չի կարելի ասել, որ եթե այսօր արտագաղթը շարունակվում է, դա անհնար է դարձնում փոփոխությունը Հայաստանում և դա վերագրվում է ժողովրդի հարմարվողականությանը։ Ես համոզված եմ, որ ժողովուրդը չի հարմարվել։ Ժողովուրդը զգում է փոփոխությունների հարմար պահը, զգում է, որ իրավիճակն այս պահին հասունացած չէ։ Ոչ թե օբյեկտիվորեն հասունացած չէ, այլ այդ փոփոխություններն իրականացնելու առումով գործնական առումով հասունացած չէ, հետևաբար, ավելորդ զոհողությունների կամ քայլերի չի գնա այնքան ժամանակ, քանի դեռ հասունացման այդ պահը չի զգում։ Դա չի նշանակում, որ երբ այդ պահը զգալի դառնա ժողովրդի կողմից, ժողովուրդը այդ թվացյալ հարմարվողական վիճակում կլինի։ Ընդհակառակը՝ երբ զգա այդ պահը, այդ հարմարվելու երևույթը չենք տեսնի։ Փոխարենը կտեսնենք, որ ժողովուրդն իր տարերքի մեջ է։

 

Այսինքն՝ մինչև այսօր այդ պահը հասունացած չի եղել, դրա համար ժողովուրդը չի՞ ինքնակազմակերպվել։

 

Այդ պահը տարբեր ժամանակներում որոշակիորեն հասունացել է։ Այդ պահերից մեկը մեկ տարի առաջ հուլիս ամիսն էր, երբ հասունացման լուրջ գործընթացներ կային, որոնք, իհարկե, տարբեր պատճառներով իրենց ավարտին չհասան։ Ուզում եմ ասել, որ եղել են պահեր և վստահաբար նորից կլինեն, և անպայման, ուշ կամ շուտ, այդ պահերն իրենց լրումին կհասնեն:

 


Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից