Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին և վերամշակող ընկերություններին տրամադրելու է մատչելի վարկեր (տեսանյութ)



14-08-2017 18:23:45   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Հանրապետությունում գործող պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք ընկերություններում շարունակվում է մթերման գործընթացը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին և միաժամանակ ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված գյուղատնտեսության նախարարության նոր նախաձեռնությունները, այդ թվում նաև` մատչելի վարկերի տրամադրման ծրագրերը:
 


Նախարարը, մասնավորապես, նշել է, որ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի պայմաններն են՝ 
 
ü  Ընկերություններին տրամադրվելու է 3% տոկոսադրույքով վարկ,
ü  վարկը տրամադրվելու է  1 տարի ժամկետով,
ü  յուրաքանչյուր վերամշակող ընկերություն կարող է ստանալ մինչև 150 մլն դրամ,
ü  ծրագրի բյուջեն կազմում է  շուրջ 2.4 մլրդ դրամ,
ü  գումարը տրամադրվելու է անմիջապես գյուղացուն:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ  օգոստոսի 10-ի դրությամբ հանրապետությունում արդեն մթերվել է շուրջ 16 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Մթերման գործընթացը շարունակվում է:
 
Անդրադառնալով մթերումների դիմաց նախորդ տարիներին կուտակված պարտքերին՝ նախարարը նշել է, որ խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերության հարցը, որը դեռևս պարտքեր ունի գյուղացիական տնտեսություններին: Գյուղատնտեսության նախարարությունը դիմելու է իրավապահ մարմիններին պարտքի մնացորդը մարելու միջնորդությամբ:
 
Ընկերությունների ղեկավարները նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել են նախարարության ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ առաջիկայում հնարավոր են համարում ավելացնել արտադրության ծավալները:
 
Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ փոփոխություններ են արվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրում, մասնավորապես՝  
 
ü  Գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու են  5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին  և գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3% տարեկան տոկոսադրույքով վարկեր,
ü  վարկը տրամադրվելու է   5 տարի մարման ժամկետով,
ü  տրամադրվող վարկի գումարի նվազագույն շեմը 3 մլն դրամ է, իսկ առավելագույնը՝ 10 մլն, 
 
Առավել մանրամասն՝ կից տեսանյութում
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից