ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականությունը հղի է նույնիսկ Երրորդ ու վերջին համաշխարհային պատերազմի սկսման վտանգով

Միացյալ Նահանգները փորձում է Սիրիայի սցենարը կրկնել Վենեսուելայում, իսկ Հյուսիսային Կորեային սպառնում աննախադեպ հրով ու կատաղությամբ

15-08-2017 17:10:27   | ԱՄՆ  |  Քաղաքական
 


 
Այդ սցենարը շատ պարզ է, թերևս նույնիսկ` պարզունակ: Նախ, երկրի ներսում սադրվում են խռովություններ, ապա լայնորեն ու բազմակողմանիորեն աջակցություն է ցուցաբերվում այդ խռովություններին` օգտագործելով այնտեղ ներդրված սեփական տրոյական ձին, 5-րդ շարասյունը (տարբեր ազդեցության գործակալներ, գրանտակեր ՀԿ-ներ, դրսից ֆինանսավորվող կուսակցություններ, շարժումներ, ընդդիմության առաջնորդներ): Եթե գունավոր հեղաշրջման, առկա իշխանության տապալման փորձը միանգամից չի ստացվում, ինչպես, օրինակ, Վրաստանում, Ուկրաինայում, ապա, միևնույն է, խժդժություններն արդեն սկսված են, մնում է ծավալել ու զարգացնել այդ խմորումը` մինչև իշխանության տապալում:
Վենեսուելայում ամիսներ առաջ սկսված խժդժություններից հետո այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր քաղաքական թիմակիցների հետ անցյալ ամիս անցյալ ամիս կազմավորել է Սահմանադիր ժողով, որի նպատակն իշխանության ամրապնդումն է, որպեսզի ձախողվի այն տապալելու Միացյալ Նահանգների և Վենեսուելայի ընդդիմադիրների փորձը: Վերջիններս Մադուրոյին անմիջապես մեղադրել են Սահմանադիր ժողով ստեղծելով, իր լիազորությունները մեծացնել փորձելու մեջ, ավելին` ԱՄՆ-ը սկսել է պատժամիջոցների կիրառումը Նիկոլաս Մադուրոյի և նրա կառավարության դեմ: Սա էլ կարծես քիչ համարելով, ԱՄՆ-ի նախագահը հրապարակայնորեն հանդես է եկել հիշյալ երկրի նկատմամբ ռազմական ագրեսիայի սպառնալիքով:
«Ինտերֆաքս»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ դիտարկում է Վենեսուելայում ճգնաժամի լուծման զանազան տարբերակներ, այդ թվում՝ զինված ուժերի կիրառմամբ: «Վենեսուելայի դեպքում  տարբեր այլընտրանքներ գոյություն ունեն, որոնցից մեկը ռազմականն է»,- ուրբաթ օրը հայտարարել է Թրամփը:
Ըստ «Ֆրանս 24» հեռուստաընկերության հաղորդման, քննադատելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Վենեսուելայում ռազմական ներկայությամբ սպառնալու կապակցությամբ, Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ Թրամփի չկշռադատված սպառնալիքները լատինամերիկյան և կարիբյան երկրներում կարող են պատերազմ առաջացնել, հարվածի տակ դնել տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը:
Մայրաքաղաք Կարակասի փողոցներում շաբաթ օրը հազարավոր վենեսուելացիներ ցույց անցկացնելով, իրենց դժգոհությունն են հայտնել Վենեսուելայում ռազմական միջամտության մասին Դոնալդ Թրամփի արտահայտությունների կապակցությամբ: Էլ ավելի բազմամարդ մի ցույց Վենեսուելայում անցկացվել է երեկ: Այն ունեցել է հակաիմպերիալիստան բնույթ և անցկացվել է ի բողոք նշված երկրի դեմ ԱՄՆ-ի հնչեցրած ռազմական սպառնալիքի: Ցուցարարների առջև ունեցած ելույթում Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի դեմ ռազմական հարձակում իրականացնելու մասին ԱՄՆ-ի նախագահի  հայտարարությունն ամոթալի է համարել ու հայտարարել, որ «Ժողովրդի ներկայությունը և կառավարության նկատմամբ հովանավորությունը լավագույն պատասխանն են Վաշինգտոնին»:
Մադուրոն հայտարարել է նաև, որ Վենեսուելան մեծ պետություն է և սպառնալիքներից չի վախենում: Վենեսուելացի ցուցարարներն, իրենց հերթին, հայտարարել են, որ Վենեսուելան ազատ ու ժողովրդավարական պետություն է և թույլ չեն տա, որ օտարները միջամտեն իրենց երկրի ներքին գործերին:
ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքներից հետո Նիկոլաս Մադուրոն, EFE գործակալության տեղեկացմամբ, երեկ Կարակասում հայտարարել է ամբողջ երկրի տարածքում օգոստոսի 26-27-ը հայրենիքի զինված պաշտպանությանն ուղղված ազգային զորավարժություններ անցկացնելու իր որոշման մասին:
Թրամփի հիշյալ հայտարարությունն աշխարհում արդեն քննադատական արձագանքի տեղիք է տվել: Օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին ընդգծել է. «Համաշխարհային փորձն ապացուցել է, որ անկախ երկրներին անտրամաբանական ու անօրինական պահանջներ թելադրելու նպատակով այդ երկրների դեմ ռազմական սպառնալիքի և ճնշման հնարքի օգտագործման ժամանակն անցել է»:
Բահրամ Ղասեմին դեմ արտահայտվելով Վենեսուելայի ներքին գործերին արտաքին ցանկացած միջամտության, ընդգծել է միջազգային իրավունքների շրջագծում երկրների անկախությունն ու ինքնիշխանությունը հարգվելու անհրաժեշտությունը: Նա կիրակի երեկոյան դատապարտել է Վենեսուելայի ներքին զարգացումների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահրիչ ու միջամտողական արտահայտությունները, ռազմական այլընտրանքից օգտվելու սպառնալիքը:
Փաստորեն, Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ևս ԱՄՆ-ը, թերևս առավել սանձարձակ կերպով, քան իր նախորդների` Օբամայի, Քլինթոնի, Բուշի և Ռեյգանի պաշտոնավարման շրջանում, հանդես է գալիս միջազգային ինքնակոչ ժանդարմի դերում, խորքում նպատակ ունենալով հասնել աշխարհի միաբևեռ կառավարման: Միացյալ Նահանգների ղեկավարության այս խիստ վտանգավոր քաղաքականությունն այդ պետությունն աշխարհում վերածում է չարիքի առանցքի, խթանում առանց այն էլ հարաճուն հակաամերիկանիզմը, ավելին` իր ռազմական հզորությունից արբեցած ԱՄՆ-ի այդ ագրեսիվ քաղաքականությունը հղի է նույնիսկ Երրորդ ու վերջին համաշխարհային պատերազմի սկսման վտանգով:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը պատասխանելով «Markische Allgemeine Zeitung» թերթի լրագրողի հարցին, չի բացառել, որ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ- ի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի:
Չնայած Սիրիայում ԱՄՆ-ի և իր որոշ դաշնակիցների սանձազերծած պատերազմի հրդեհը դեռ չի մարել, ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին (ի դեպ, այդ սպառնալիքները հրահրված են հենց ԱՄՆ-ի կողմից) ԱՄՆ-ը կպատասխանի այնպիսի հրով ու կատաղությամբ, որի նմանն աշխարհը դեռ չի տեսել: Աշխարհը 72 տարի առաջ, օգոստոսին տեսել է ԱՄՆ-ի հուրն ու կատաղությունը, երբ Հարի Թրումենի հրամանով ատոմային ռմբակոծության ենթարկվեցին Ճապոնիայի Հերոսիմա և Նագասակի քաղաքները: ԱՄՆ-ի նախագահ Թրամփը փաստորեն հայտարարել է դրանից ավելի արյունարբու քայլի գնալու մասին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից