Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերի անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ

15-08-2017 15:39:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 15-ի, ժամը 12.00-ի դրությամբ՝ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
 


ՌԴ ԱԻ նախարարության տրամադրած «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրել է հրդեհաշիջող 4 թռիչք արգելոցի տարածքում՝ ջրատարների միջոցով լիցքավորվելով Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Ներկայումս օդանավը պատրաստվում է 5-րդ թռիչքին:
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում:
 
Խոսրովի պետական արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 150-ից ավելի փրկարարական ծառայող և 6 միավոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենար: Հրդեհաշիջմանն ընդգրկվել են՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը, ՀՀ ՊՆ օդուժի 2 ուղղաթիռ և Զինված ուժերի ստորաբաժանումների 132 զինծառայող, ՀՀ ոստիկանության 70 ծառայող, անտառնտեսության 50 աշխատակից, Բնապահպանության պետական տեսչության 8 աշխատակից, ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր և հարակից բնակավայրերից շուրջ 600 բնակիչ, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարով, «Ապառաժ» ՍՊԸ աշխատակիցներ:
 
***
 
Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում բռնկված հրդեհը, կրակի դեմ 5-օրյա պայքարից հետո, օգոստոսի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Caterpillar հատուկ տրակտորներով փորվել են բազմաշերտ (4-10 մ լայնությամբ) խրամատներ. հրդեհի տարածումը գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է, տարածման վտանգ չկա:
 
Oգոստոսի 15-ի, ժամը 12.00-ի դրությամբ՝ այրվել է շուրջ 15.6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա՝ անտառածածկ:
 
ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 100 փրկարարական ծառայող և 9 միավոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենա: Հրդեհաշիջմանը ներգրավվել են՝ ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռը, «Լիդիան Արմենիա» ընկերության 14 աշխատակից և Caterpillar D10 տեսակի՝ 2 և Caterpillar D9 տեսակի՝ 1-ական տրակտոր, 3 միավոր «Կամազ» մակնիշի 10 տոննա ջրատարողությամբ ջրատար, բարձր անցանելիության 3 մարդատար մեքենա, ՀՀ ՊՆ ԶՈՒ ստորաբաժանումների 270 և ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության զորքերից՝ 150 ծառայող, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 12, անտառնտեսության 40, Բնապահպանության պետական տեսչության 4 աշխատակից, ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան, Սարավան և Զառիթափ գյուղերի շուրջ 100 բնակիչ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից