Տարեսկզբից զոհված հայ զինծառայողների թիվը հատում է 40-ը. Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը

15-08-2017 18:19:57   | Հայաստան  |  Հասարակություն
Օգոստոսի 14-ին հակառակորդի արձակած կրակոցից հերթական անգամ զինծառայող է զոհվել: Տարեսկզբից զոհված հայ զինծառայողների թիվը հատում է 40-ը:
 


Սահմանի վրա կորուստների պատճառը և գլխավոր մեղավորը
 
Կորուստների պատճառը մեզ կառավարող գաղութային համակարգն է, որի հենքը ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունն է, լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, իսկ գործիքը՝ հայաստանյան գաղութային վարչակազմը:
Քանի դեռ մենք ընդունում ենք դրանք, հաշտվում ենք դրանց հետ, հաշտվում ենք, որ առանց Արցախի և Նախիջևանի, առանց իրական ինքնիշխանության և ազգային կառավարության կարող է հայկական պետություն, Հայաստանի Հանրապետություն լինել, ոչ միայն պարբերաբար զոհեր ենք տալու, այլև, այսպես շարունակվելու դեպքում ռազմական պարտություն ենք կրելու և կորցնելու ենք ամեն ինչ:
Կորուստների գլխավոր մեղավորը գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանն է, որը գործում է անձնական շահի ու վախի թելադրանքով, և հանուն իր աթոռի ու հարստացման համակարգին է զոհաբերում մեր հայրենիքը, պետականությունն ու ժողովրդին, այդ թվում և առաջին հերթին՝ մեր երիտասարդ զինվորներին:
 
Սերժ Սարգսյանի վախկոտությունը և անձնական շահով առաջնորդվելն է հակառակորդին հնարավորություն տվել մեր դեմ կիրառելու հյուծիչ, սողացող պատերազմի մարտավարություն: Որովհետև նա վախի և շահի պատճառով համաձայնել է հակառակորդի խաղի կանոններին:
Սահմանի վրա կորուստներից խուսափելու և, առհասարակ՝ սողացող ցեղասպանության վերածված հյուծիչ պատերազմին վերջ դնելու միակ տարբերակը ժողովրդի և պետության մոբիլիզացիան է ընդդեմ հակառակորդի ոտնձգությունների: Նման մոբիլիզացիայի միջոցով մենք կարող ենք մեր կամքը պարտադրել հակառակորդին և ստիպել հրաժարվելու արյունաքամության իր մեթոդից:
Սակայն նույն անձնական շահից ելնելով, Սերժ Սարգսյանն ամենաշատը վախենում է զինված և մոբիլիզացված ժողովրդից, որովհետև այդպիսի ժողովուրդն արդեն ինքնիշխան սուբյեկտ է և չի հանդուրժելու գաղութային համակարգին և նրա ծառա Սերժ Սարգսյանին:
 
Իսկ հակառակորդը քաջատեղյակ է այս ամենի մասին և լկտիաբար շարունակելու է երիտասարդ կյանքեր խլել մեզանից:
Այդ պատճառով մնում է մեկ տարբերակ: Ժողովուրդը պետք է չսպասի, այլ ինքնակազմակերպվի, մոբիլիզացվի և իր կամքը պարտադրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հակառակորդին:
Ժիրայր Սեֆիլյան,
Արմավիր ՔԿՀ
14․08․2017թ․
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից