Աստղային դիտումներ Հաղարծնի վանքում

16-08-2017 17:39:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Աստղաթափ գիշեր, անտառապատ սարեր, ոսկեփայլ լուսին. Հաղարծնի վանքի պատին հաջորդաբար ցուցադրվում են աշխարհի այն ֆիլմերը, որոնք քարոզում են հոգևոր արժեքներ՝ մարդասիրություն, հավատ, հույս, սեր, խաղաղություն և հայրենասիրություն: Կարիք չկա ոչինչ ասելու և քննարկելու… 
 
Ահա այսիպիսի խորհրդավոր միջավայրում գգոստոսի 11-ին և 12 –ին Հաղարծնի վանքի պատին «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգաին փառատոնը իրականացրեց բացօթյա ֆիլմի դիտումներ: 
 
Արդեն երկրորդ տարին է «Ֆրեսկոն» հյուրընկալվում է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի «Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային փառատոնի կողմից: «Ֆրեսկո փառատոնին ընդառաջ» ծրագրի շրջանակներում ցուցադրվեցին նախորդ տարիների մրցանակակիր ֆիլմերը:
 
Այս միջազգային իրադարձության նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել սիրո, համերաշխության ու մարդասիրական բարձր արժեքների վերահաստատմանն ու ամրապնդմանը: 
 
Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մաղթեց բարի ընթացք «Ֆրեսկո»-ին և նշեց, որ հատկապես այսօր կարևոր է ժամանակակից արվեստի միջոցով հոգևոր և բարոյական արժեքների քարոզումը: 
 
Փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին «Ֆրեսկոյի» հոգևոր պատասխանատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին՝ ընձեռած հնարավորության և փառատոնին աջակցելու համար և նշեցին, որ համոզվում են՝ փառատոնը միանշանակ պետք է անցկացվի մեր երկրի բոլոր այն վայրերում, որտեղ կան եկեղեցիներ և վանքեր, հնագույն որմնանկարներ, խաչքարեր, հայի հզոր հավատքի վկայություններ: 
 
Հիշեցնենք, որ«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը այս տարի կմեկնարկի օգոստոսի 25-ին Կարապի լճի տարածքում և կշարունակվի մինչև սեպտեմբերի 3-ը:
 
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, ֆոտոցուցահանդեսներ, վարպետության դասեր և վրանային ճամբար: Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ փառատոնի պաշտոնական կայքից՝ fresco.am:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից