Կանադահայ համայնքի արշավը ադրբեջանա-կանադական գործարքի դեմ և դասերը՝ Ռուսաստանի հայ համայնքին

16-08-2017 19:30:53   | Հայաստան  |  Հոդվածներ
Կանադահայ համայնքը արշավ է սկսել ադրբեջանա-կանադական գործարքի դեմ, որով նախատեսվում է կանադական արտադրության զրահափոխադրիչներ մատակարարել Ադրբեջան: Կանադայի հայ համայնքը դիմել է Կանադայի վարչապետին, նաեւ խորհրդարանի պատգամավորներին, հորդորելով նրանց արգելակել գործարքը եւ չսնուցել տարածաշրջանի ապակայունացման տանող ադրբեջանական քաղաքականությունը:
 


Գործարքը կնքվել է INKAS Armored Vehicle Manufacturing ընկերության եւ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության միջեւ: Խոսքն ամենեւին մահաբեր սպառազինության մասին չէ: Ավելին, գործարքը կարծես թե ենթադրում է տրանսպորտային տեխնիկայի առաքում, որն անգամ ռազմական նշանակության համար չէ, այլ ավելի շուտ ոստիկանական:
Սակայն, այդ մանրամասներն անկասկած չունեն էական նշանակություն, եւ խնդիրը տվյալ պարագայում սկզբունքն է՝ Ադրբեջան պետության հանդեպ միջազգային վերաբերմունքի մասով: Ադրբեջանը պետություն է, որը բացահայտորեն վարում է մեկ այլ պետության եւ ազգի նկատմամբ ատելության պաշտոնական, պետական քաղաքականություն, որը խախտում է միջազգային հարաբերությունների, մարդու իրավունքի, ազատության հիմնարար նորմերը, բացահայտ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի եւ միջազգային անվտանգության համակարգի կայունությանը:
Ըստ այդմ, այդօրինակ պետության հետ ցանկացած «ուժային» բնույթի գործարք ինչ որ իմաստով ենթադրում է այդ ամենի սնուցում, կամա թե ակամա: Կանադայի հայ համայնքը գործնականում բարձրացնում է այդ սկբունքի հարցը:
Այստեղ ուշադրության է արժանի մեկ այլ հանգամանք: Կանադահայ համայնքն ինչ որ իմաստով նաեւ դաս է տալիս սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկին՝ Ռուսաստանի հայ համայնքին:
Կանադայի հայ համայնքը ամենեւին ավանդական հայկական համայնքներից չէ, այն համեմատաբար երիտասարդ համայնք է եւ զգալիորեն փոքրաթիվ: Բայց տվյալ պարագայում համայնքը դրսեւորում է համարժեք պահվածք եւ արագ արձագանքում առաջին հայացքից Հայաստանին ոչ անմիջականորեն սպառնացող, սակայն սկզբունքային խնդրին:
Ի վերջո, ամենեւին երաշխիք չկա, թե որը կարող է լինել գործարքի հաջորդ մակարդակը, եւ ըստ այդմ համայնքը դե ֆակտո փորձում է ձեռնարկել հենց հաջորդ մակարդակի կանխարգելիչ քայլեր:
Ադրբեջանին մահաբեր, զանգվածային ոչնչացման սպառազինություն է մատակարարում Ռուսաստանը: Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ռուսաստանն անգամ ռազմական փորձի փոխանակում է իրականացնում ադրբեջանցիների հետ:
Ռուսաստանում է հայկական թերեւս ամենամեծ համայնքը, որը երեւի թե արդեն ավելի մեծ է, քան Հայաստանի մշտական բնակչությունը: Համենայն դեպս, Պուտինի տվյալով այդպես է: Եվ դրա հետ համաձայնել է նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Այդ ամենամեծ համայնքից մի փոքր ծպտուն անգամ դուրս չի գալիս Ադրբեջանին միլիարդավոր դոլարների մահաբեր սպառազինության վաճառքի կապակցությամբ: Իսկ Արա Աբրահամյանի գլխավորած ռուսաստանահայ կազմակերպություններն ընդամենը Ռուսաստանի իշխանության շարունակությունն են, գործնականում պատասխանատվություն կրելով նաեւ Ադրբեջանին մատակարարվող սպառազինության համար:
Համայնքի այսպես ասած շարքային ներկայացուցիչների խնդիրը ավելի պարզ է ու հասկանալի: Նրանք չեն կարող ինքնակազմակերպվել եւ բողոքել, որովհետեւ կարող են պարզապես չհասցնել լքել Ռուսաստանը՝ դառնալով ռուս ազգայնականների զոհը, որոնց մոտ հակահայությունը կամ «հակախաչությունը» մեղմ ասած ավելի պակաս չէ, քան Ալիեւի մոտ:
Մյուս կողմից, զոհ դառնալու վտանգի առաջ է նաեւ այսպես ասած ռուսահայ համայնքի «էլիտան»: Բավական է, որ այդ «էլիտան» Ռուսաստանի իշխանության առաջ բարձրացնի Հայաստանի շահի ու անվտանգության հարցը, երբ կարող է անվտանգության հարց առաջացնել հենց իր համար՝ դառնալով «կուլակաթափ վտարանդի», լավագույն դեպքում:
Այդ ամենով հանդերձ, սակայն, թերեւս արժե հարց դնել՝ իսկ արդյոք «սատանան այդքան սարսափելի է, որքան թվում» է, թե՞ նրան այդպես ներկայացնում են, ինքնարդարացման համար:
Ռուսաստանն անկասկած անկանխատեսելի երկիր է, եւ այստեղ հարաբերությունների մշակույթն ու բարքերը ենթակա են ոչ թե բանականության՝ ուղեղի ծալքերի, այլ «ռուսական ոգու լայնության»: Մյուս կողմից, սակայն, հարկ եղած դեպքում այդ «լայնությունը» բավական հարմարվում եւ տեղավորվում է «ամենանեղ» շրջանակներում անգամ, երբ հարկ է լինում: Այդպես «ռուսական լայնարձակ ոգին» հարմարվել է Թաթարստանի հետ, հարմարվել է Չեչնիայի հետ, գնալով փոխզիջումների եւ ոչ թե թելադրելով խաղի կանոններ, այլ պայմանավորվելով կանոնների շուրջ:
Յուրաքանչյուր իրավիճակ ունի իհարկե իր առանձնահատկությունը, սակայն տվյալ դեպքում առանձնահատուկն այն է, որ անկանխատեսելի թվացող ոգին միանգամայն ենթակա է «վարժեցման»: Խնդիրն այն է, թե ով եւ ինչպես է կանգնում այդ «ոգու» դիմաց:
Այսինքն, իրականում «անըմբռնելի լայնարձակ ռուսական ոգին» ծածկույթն է, այսպես ասած կաղապարը, փաթեթավորումը, աշխատանքային տեխնոլոգիան, իսկ իրականում այդ ամեն ինչը լիովին ենթակա է ուղեղի ծալքերին, բանականությանը:
Ըստ այդմ խնդիրն այն է, թե ովքեր եւ ինչպես են աշխատում դրա հետ, այսինքն ինչպիսին է ծալքերի եւ բանականության վիճակը Ռուսաստանի հետ աշխատողների մոտ: Դրանից է կախված՝ կանոնները փոխադարձաբար պայմանավորվու՞մ են, թե՞ թելադրվում՝ որի պարագայում հորինվում է սատանայի սարսափելի կերպարը ինքնարդարացման համար:
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից