Սերժ Սարգսյանին թո՞ւյլ են տվել, որ խոսի, թե՞ իրոք տեսնում է, որ անհնար է

17-08-2017 15:14:54   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը

 

- Պարոն Իգիթյան, Theiranproject.com կայքին տված հարցազրույցում Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն ասել է, որ դիտարկում են իրանական գազիՀայաստան մատակարարումն ավելացնելու Հայաստանի հարցումը: Մինչ այդ էլ հայ-իրանական գազային գործակցության շուրջ Սերժ Սարգսյանն էր օգոստոսի 5-ին խոսել Իրան կատարած այցից առաջ։ Իրանական մամուլին տված հարցազրույցում նա նշել էր, որ հնարավոր են Հայաստան-Իրան նոր գազամուղի և իրանական գազը Եվրոպա տարանցելու հեռանկարը, սակայն նշել էր, որ եթե լիարժեք ապահովվի բոլոր շահագրգիռ կողմերի շահերը, ապա դա հնարավոր կլինի։ Ի՞նչ էր ակնարկում դրանով Սերժ Սարգսյանը, և որքանո՞վ է հնարավոր կյանքի կոչել հայ-իրանական նոր խոշոր գազային պայմանագիրը։

 

- Եկեք տարբերակենք այն խոշոր պրոյեկտը, որ մոտ 20-25 տարվա պատմություն ունի։ Խոսքը գազի խոշոր ծավալի տարանցման մասին է Հայաստանի, Վրաստանի տարածքով, Սև ծովով դեպի Եվրոպա, որը տապալվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, վստահ եմ՝ Ռուսաստանի ճնշմամբ, երբ Հայաստանով անցնող այդ գազամուղը մի գիշերում դարձավ նեղ տրամաչափով և տարանցման համար ոչ պիտանի։ Այն մինչև հիմա օգտագործվում է միայն «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» հայ-իրանական նախագծի շրջանակներում։
 


 
Հիմա Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում, թերևս, նկատի ուներ հենց այս նախագիծը և դրանով շահագրգռված կողմերին։ Եթե նայենք, թե ովքեր են շահագրգռված կողմերը, ապա նրանք հիմնականում 4-ն են՝ Հայաստանը, Իրանը, Վրաստանը և ԵՄ-ն։ Նրանք բոլորն էլ շահագրգռված են այս նախագծի իրականացմամբ, իսկ ահա Ռուսաստանը այստեղ ոչ շահագրգիռ կողմ է, որովհետև այդ նախագիծը տապալում է Ռուսաստանի գազի մենաշնորհը, որը Մոսկվան շատ հաճախ օգտագործում է քաղաքական նպատակներով ԵՄ-ի դեմ։ Ես չգիտեմ, թե սա որքանով է ռեալ, բայց մենք՝ քաղաքական տարբեր գործիչներս վաղուցվանից պնդում ենք, որ դա շատ լավ նախագիծ է։ Սերժ Սարգսյանին ոչ ոք չի ստիպել, որ խոսի այդ նախագծի մասին, այն էլ Իրանի նախագահի պաշտոնակալման արարողությանը մասնակցելուց առաջ։ Ես անկեղծ ասած չգիտեմ, թե ինչու Սերժ Սարգսյանը խոսեց այդ մասին, իրեն թո՞ւյլ են տվել որ խոսի, թե՞ իրոք տեսնում է, որ անհնար է էներգետիկ տեսանկյունից նման խոցելի վիճակում զարգացնել պետությունը։
 

- Իսկ Ռուսաստանն այս դեպքում որքանո՞վ թույլ կտա նման նախագծի անարգել իրականացումը՝ հաշվի առնելով, որ միշտ նշվել է, որ հայ-իրանական հարաբերություններում շատ կարևոր է Ռուսաստանի դերն ու նրա կողմից խոչընդոտների հարուցումը։

 

- Եթե մենք խոսեինք միայն հայ-իրանական գազային հարաբերությունների, գազ ստանալու մասին, ապա այստեղ մեծ խնդիր չպետք է լիներ Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով գազի փոքր ծավալները։ Բայց երբ խոսում ենք տարանցման, այսինքն մեծ ծավալների մասին, դրանք համահունչ կարող են լինել այն ծավալներին, որոնք Ռուսաստանը վաճառում է Եվրամիությանը։ Այստեղ, իհարկե, Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները՝ այդ նախագիծը տապալելու համար։

Ինչ վերաբերում է Հայաստան գազի ծավալներն ավելացնելուն, դա առանձին խնդիր է։

Մենք խոսում ենք երկու տարբեր խնդիրների մասին։ Մի կողմից խոսքը փոքր նախագծի մասին է, որով Հայաստանը գազ է ստանում սեփական կարիքների համար և դրա դիմաց վճարում էլեկտրաէներգիայով, չնայած հիմա առաջարկ է արվել, որ վճարի նաև փողով։ Այնտեղ շոշափվում էր նաև նախորդ ծրագրերից մեկը, որը վերաբերում է Հայաստանի տարածքով Վրաստան գազ մատակարարելուն։ Չգիտեմ, թե դա որքանով է լուրջ, բայց բոլոր դեպքերում, իհարկե, պետք է սպասենք Ռուսաստանի ոչ դրական արձագանքին։ Այստեղ նաև տեխնիկական խոչընդոտներ կան՝ հաշվի առնելով, որ Հայաստանն իր գազային ամբողջ ցանցը մենաշնորհային ձևով նվիրել է Ռուսաստանին։

 

- Այս առումով ինչպե՞ս եք գնահատում որոշ քաղաքական գործիչների՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկը։ Որքանո՞վ է նման նախաձեռնության համար ճիշտ պահը հասունացել։ Ի դեպ, Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ կապ չունի, որ հայ վարորդների համար ՌԴ-ում սահմանափակումները հանվում են, բոլոր դեպքերում ԵՏՄ-ից դուրս գալու խնդիրը մնում է օրակարգում։

- Գազի պրոյեկտն ունի իր, այսպես ասած, ճանապարհն ու ՌԴ-ի կողմից խոչընդոտները։ Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, ապա այդ կառույցին անդամակցելը սխալ քայլ էր, որովհետև այն ժամանակ Ռուսաստանը չէր էլ թաքցնում, որ Մաքսային միությունը, որ հետո դարձավ ԵՏՄ, քաղաքական միություն է, ոչ թե տնտեսական։ Միանշանակ բոլորը նշում էին, որ այստեղ տնտեսական շահի ակնկալիքների մասին պետք չի խոսել։ Ընդհանրապես, Հայաստանին ոչ ոք չէր ասում, որ ԵՏՄ-ին անդամակցությունն իրեն ձեռնտու է։ Նույնիսկ Սերժ Սարգսյանն այն ժամանակ կիսապաշտոնական հայտարարեց, որ խոսքը Արցախի անվտանգության մասին է։ ՀՀ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների կողմից էլ մենք լսել ենք, որ Մաքսային միությանը միանալը լուծում է Արցախի անվտանգության հարցը։ Թե որքանով ԵՏՄ անդամակցությունը լուծեց այդ խնդիրը, այլ խնդիր է և շատ կասկածելի է։ Ճիշտ հակառակը, Հայաստանի՝ ԵՏՄ անդամության ընթացքում Ռուսաստանն ավելի շատ զենք է վաճառել Ադրբեջանին, քան մինչ այդ եղած ամբողջ ժամանակահատվածում։

 

Հիմա ԵՏՄ-ից դուրս գալու մասին. թե ԵՏՄ մտնելն էր քաղաքական քայլ, թե դուրս գալն է քաղաքական։ Ես միշտ այդ զուգահեռը տանում եմ. մենք ժամանակին ունեցել ենք ԱՊՀ, որն իր սկզբնական շրջանում անհրաժեշտ կառույց էր ԽՍՀՄ փլուզման առաջին տարիներին, հետագայում այն դարձավ անիմաստ և անգամ խանգարող։ Հայաստանն այսօր էլ ԱՊՀ-ից  դուրս չի եկել, բայց այդ կառույցը հիմա փաստացի չի գործում: Նույնն էլ ԵՏՄ-ն է: Հայաստանը պետք է նայի, թե որքանով են ԵՏՄ-ի փաստաթղթերը խանգարում մեզ այլ հարաբերությունների համար, և այդքանով բացառություններով անընդհատ դիմի այդ կառույցին՝ կամաց-կամաց այդ կառույցը դարձնելով համապատասխան իր էությանը, այսինքն՝ չգործող: Իմ կարծիքով, այդպես պետք է այսօր շարժվենք: Օրինակ՝ մեզ անհրաժեշտ է Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հետ սկսել ազատ առևտուր: Ի՞նչն է դրան խանգարում: Խանգարում է այն օրենքը, որը մենք ունենք ԵՏՄ-ի շրջանակներում: Այդ օրենքը ենթադրում է նաև բացառություններ: Ընդ որում՝ մենք ունենք Ղազախստանի օրինակը, որը շատ հաճախ հարցը դնում է այնպես, որ եթե ԵՏՄ-ն խանգարում է իր շահերին, ապա ԵՏՄ-ի այս նորման չի գործում Ղազախստանի համար: Այսինքն՝ բոլոր դեպքերում Հայաստանը ևս պետք է ցույց տա իր շահը: Ես հասկանում եմ այն մարդկանց, որոնք դա ներկայացնում են որպես քաղաքական ժեստ: Բայց ես ուզում եմ նաև, որ քաղաքական ժեստն ունենա իր բովանդակությունը: Այսինքն՝ մենք ցույց տանք, որ իրոք, տնտեսական տեսակետից որևէ ձևով դա ոչ միայն չի օգնում Հայաստանին, այլ հակառակը, դա խանգարող կառույց է: Եվ անհրաժեշտ պահին մենք պետք է գոնե ունենանք այն փաստարկները, ոչ միայն մեր ժողովրդի, այլ նաև ԵՏՄ-ի անդամ երկրների և առաջին հերթին Ռուսաստանի համար, որ իրոք դա մեզ խանգարում է տնտեսապես զարգանալու համար: Այսօր ես այսպես կվարվեի: Երբ որ կկուտակվեն բազմաթիվ իրական խոչընդոտներ, որոնք խանգարում են Հայաստանին զարգանալ, ես նկատի ունեմ ԵՏՄ-ի նորմերը, ապա այդ նորմերի մեծամասնությունն այդպես չեղարկելով մենք, ըստ էության, դուրս կգանք ԵՏՄ-ից: Բայց ԵՏՄ-ն ինքնին արդեն մեռած կառույց է: Հիմա հայտարարություններով քաղաքական մեծ պրոբլեմ ստեղծել՝ փորձելով դուրս գալով այս մեռած կառույցից, մի քիչ դժվար կլինի, այսինքն՝ հակահարվածը կլինի շատ ավելի ուժեղ մի երկրից, որը միջազգային որևէ նորմերի վրա ուշադրություն չի դարձնում: Խոսքը Ռուսաստանի մասին է։

 

-Պարոն Իգիթյան, խոսվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները վերանայման անհրաժեշտություն ունեն, և որքանո՞վ են հնարավոր այս համակարգի, այս իշխանության օրոք այսպիսի վերանայումները:

 

- Ինչ է նշանակում վերանայել: Արդեն պարզ է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակից երկիրը չէ, թեև մենք ունենք պայմանագիր նաև ռազմական ոլորտում համագործակցության մասին: Ռուսական բազան արդեն չի կատարում այն խնդիրները և նպատակները, որոնք դրված էին ի սկզբանե՝ քսան տարի առաջ, երբ ստորագրվում էր այդ փաստաթուղթը: Ռուսաստանը Հայաստանի քաղաքացիների հանդեպ որևէ առավելություն չի դնում, համեմատած նույնիսկ ոչ ԵՏՄ-ի անդամ երկրների քաղաքացիների հետ: Դա ապացուցեց նաեւ վարորդական իրավունքների հետ կապված խնդիրը. այսինքն որևէ տարբերություն չկա Ադրբեջանի քաղաքացի է, թե Հայաստանի, Թուրքմենստանի, թե Ուզբեկստանի: Ոչ թե պետք է վերանայել հայ-ռուսական հարաբերությունները, այլ պետք է հասկանանք, որ Ռուսաստանը ոչ թե միակ, այլ բազմաթիվ երկրներից մեկն է, ում հետ կարելի էր ստեղծել համապատասխան հարաբերություններ: Բայց ոչ ի վնաս մեր՝ այլ երկրների հետ հարաբերությունների: Այսինքն՝ ոչ միայն քաղաքական, այլ նույնիսկ տնտեսական, էներգետիկ, կապի, ֆինանսական, բանկային համակարգի, գազի ոլորտներում Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի և այս մենաշնորհը չի կարելի տալ մի երկրի, հատկապես այն երկրին, որ ոչ զարգացած երկիր է տեխնոլոգիայի տեսակետից և հատկապես հաշվի առնելով, որ այսօր ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, առանց բացառությունների, դեմ է դուրս եկել Ռուսաստանին և կիրառում է բազմաթիվ լուրջ պատժամիջոցներ: Եվ այդ պրոցեսը շարունակվելու է: 

Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից