«Դիրքապահ»-ը ծնվեց այն ժամանակ, երբ քառօրյա պատերազմում մեր նման ջահել տղերքը խրամատում արժանի հակահարված տվեցին նենգ ու դավադիր հակառակորդին

29-08-2017 20:02:38   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Վերջին օրերին համացանցում տարածվում են հրապարակումներ՝ «ԴՒՐՔԱՊԱՀ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման անունից։ Հանդիպելով այդ միավորման նախագահ, քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանի հետ՝ փորձեցինք պարզել, թե ինչպես է առաջացել կազմակերպությունը բացելու միտքը, և ինչ գործունեություն են նրանք իրականացնելու։
 
- «ԴՒՐՔԱՊԱՀ» քառօրյա պատերազմի մասնակիցների կազմակերպությունը ստեղծելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ դեռ ծառայում էի Արցախի պաշտպանության բանակում որպես զինվոր։ Պետք է խոստովանեմ, կանգնած լինելով խրամատում՝ մեզանից յուրաքանչյուրը ամուր թիկունքի կարիք էր զգում, միևնույն ժամանակ հասկանում էինք, որ մեր թիկունքում ապրող մեր հայրենակիցներին էլ ամուր պաշտպանություն է պետք (ինչից կամ ումից՝ յուրաքանչյուրս էլ լավ հասկանում է)։ Այդ ժամանակ էլ երդվեցինք, որ եթե ողջ մնանք, ծառայությունից հետո գտնելու ենք իրար, միավորվելու ենք ու մեր կյանքը, մեր գործը մեր հայրենիքի, մեր ժողովրդի պաշտպանությանն ենք նվիրելու։ 
 
Անհնար է բառերով բացատրել այդ զգացողությունը, այն դաջված է մեր հոգում, մեր մտքում ու մեր սրտերում։ Իմ տարիքի երիտասարդները հիմնականում մտածում են բիզնես ունենալու, լավ մեքենա վարելու, լավ աղջիկների հետ ժամանակ անցկացնելու մասին, բայց ինձ համար այդ ամենը այնքան էլ կարևոր չեն․ ես երազում եմ մեր հայրենիքը հզորացնելու, մարդկանց օգնելու, ազնիվ, հավատարիմ մարդ լինելու մասին, քանի որ ամենակարևոր հարստությունը ինձ համար մարդու բարի անունն է, որը մեկ օրում չեն վաստակում, բայց կարող են կորցնել մեկ ակնթարթում։ 
 
- Փաստորեն, ուզում եք միավորել քառօրյա պատերազմի մասնակիցներին։ Ինչո՞ւ, ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը։
 
-Ցավում եմ, զայրանում եմ այն մտքից, երբ մենք՝ երիտասարդներս, մեր ուժը այսպես կորցնում, ցիր ու ցան ենք լինում։ Բոլորն էլ տեսան՝ ինչպես քառօրյա պատերազմի օրերին մեր սպաները, զինվորները, ծանր-անհավասար մարտեր մղելով, իրենց կյանքը, իրենց առողջությունը չխնայելով, կարողացան խափանել թշնամու ծրագիրը, որովհետև քաջեր էին՝ հայ քաջազուններ, որովհետև արիությունը նրանց երակներում էր ու գեներում, և նրանց պայքարը արդար էր։
 
Ով չգիտի, թե ինչպիսի ռեսուրսներ է ծախսում Ադրբեջանը իր բանակը հզորացնելու, ուժեղ զինվորներ ունենալու համար, բայց որքան էլ ջանում է, միևնույնն է, չի կարողանում հաղթել հայ զինվորականին, հայ մարտիկին։ Այսօր այդ հաղթանակած տղաները ապրում են մեր կողքին, և մենք պարտավոր ենք ըստ արժանվույն գնահատել նրանց ծառայությունը, հոգ տանել նրանց մասին, որպեսզի սոցիալական կարիքներից դրդված կամ անարդարություններից հիասթափված չլքեն իրենց հայրենիքը, քանի որ այստեղ մեր ազգի ամբողջ պատմությունն է։ Հայրենիքը մի մեծ գիրք է, որի մեջ մեզանից յուրաքանչյուրը ընդամենը մի քանի բառ է ավելացնում և իրավունք չունի իր ապրած կյանքով՝ իր գրած մի քանի բառերով, արատավորելու, նսեմացնելու իր ազգի հնօրյա պատմությունը։ 
 
Միավորելով քառօրյա պատերազմի մասնակիցներին՝ մենք ուզում ենք ընդամենը սատար լինել մեկս մյուսին, մեր զոհված ընկերների հարազատներին, ուզում ենք ուս ուսի տված կերտել այն արժանապատիվ ապագան, որի մասին երազում էինք, երբ կանգնած էինք խրամատում։ Իսկ այդ ամենը երկարատև աշխատանք է պահանջում։ 
 
-Այսօր ՀՀ-ում գործում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք զբաղվում են նմանատիպ գործունեությամբ։ Ինչո՞վ եք կարևորում Ձեր միավորման դերը, ինչո՞վ եք տարբերվելու։ 
 
-Այո, ՀՀ-ում շատ կազմակերպություներ կան, որոնք կարծես նույն գործունեությունն են իրականացնում, բայց ես չէի ցանկանա մեզ առանձնացնել։ Մի՞թե չի կարելի առանց տարբերվելու, այլ միավորելով բոլոր ուժերը՝ զբաղվել հանրօգուտ գործունեությամբ, միասին, միմյանց լրացնելով ու շարունակելով։ 
Մենք հասկանում ենք, որ բանակը աճող օրգանիզմ է, և այսօրվա բանակը մերն է։ Բանակում ծառայած զինվորից, սպայից լավ ոչ ոք չի կարող իմանալ՝ ինչ է պետք մեր բանակին, մեր դիրքերին, ինչպես որ Ձեզանից լավ ոչ ոք չի կարող իմանալ, թէ ինչ է պետք Ձեր տան համար։ Մեր դիրքը մեր տունն է եղել:
 
Մենք բարձրաձայնելու ենք հիվանդ և վիրավոր զինծառայողների, ինչպես նաև ազատամարտիկների խնդիրների մասին։ Ինչով կարողանանք, սատարելու ենք մեր զոհված ընկերների հարազատներին։ Ուզում ենք կանգնել այն մայրերի կողքին, որոնց որդիները չվերադարձան բանակից, չգրկեցին իրենց մայրերին։ 
 
«ԴՒՐՔԱՊԱՀ» տղերքով այցելելու ենք դպրոցներ և դասընթացներ ենք անցկացնելու դպրոցականների հետ ռազմագիտության ժամերին։ Ստեղծելու ենք քառօրյա պատերազմի մասնակից տղերքի ջոկատներ։ Այցելելու ենք մեր առաջնագծի զորամասերը ու տղերքին ասելու ենք, որ քառօրյա պատերազմի մասնակիցները իրենց հետ են, թիկունքում պատրաստ սպասում են հարմար առիթի, որ միասին մտնենք Բաքու:
 
-Ինքներդ եք հասկանում, որ առանց իշխանական համապատասխան օղակների թույլտվության զորամասերում կամ դպրոցներում գործել չեք կարող։ Իշխանամե՞տ եք լինելու։
 
-․․․Երբ սկսվեց քառօրյա պատերազմը, մեր հասարակությունը կարծես սրբադասեց իր զինվորին, և իրավունք ունեին։ Հանուն զինվորի պատրաստ էին ամեն ինչի։ Ես այդ զինվորներից մեկն էի։ Մեր միավորման անդամները այդ զինվորներից էին։ Շատ տղերքի նման մենք էլ կարող էինք ետ չգալ։ Բայց մենք ետ ենք եկել և ուզում ենք մեր տեղում, մեր հնարավորությունների սահմաններում գործել հանուն Հայաստանի, հանուն Արցախի ու հայ ժողովրդի․․․ իշխանությունների հետ, թե առանց նրանց աջակցության՝ ժամանակը ցույց կտա։ 
 
-Իսկ ինչպե՞ս են արձագանքել Ձեր կազմակերպության ստեղծմանը մեր իշխանությունները և սփյուռքը։
 
- Սփյուռքից արձագանքներ դեռ չեն եղել, գուցե չգիտեն էլ մեր կազմակերպության մասին, բայց համոզված եմ՝ երբ տեղեկանան, կաջակցեն մեզ, որովհետև մենք այն խրամատի միջի տղերքն ենք ու էլի ծառայում ենք մեր հայրենիքին։ 
Իշխանությունները նույնպես չեն արձագանքել։ 
Մենք հայտնել ենք կամք՝ լծվելու հայրենիքի շենացման, հզորացման դժվարին գործին և չենք կանգնելու, չենք նահանջելու երբեք։
 
Հարցազրուցը ՝ Սմբատ Պետրոսյանի
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից