ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի փորձարկումը

30-08-2017 09:09:12   |   |  Քաղաքական
 


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի երեկոյան կայացած դռնփակ խորհրդատվությունների ընթացքում հայտարարություն է ընդունել, որով դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի գործարկումը: 
 
Հայտարարության մեջ սպառնալիք չի պարունակվում Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասով՝ չնայած, որ նիստից առաջ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայկրոֆթը չէր բացառել նման հնարավորությունը, իսկ նրա ճապոնացի գործընկեր Կորո Բեսյոն նրան ուղիղ հարց է հղել այն մասին, թե արդյո՞ք Մեծ Բրիտանիան պատրաստ է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նավթային էմբարգո կիրառելու նախաձեռնությամբ հանդես գալ: 
 
Խուսափելով հարցի ուղիղ պատասխանից՝ Մեթյու Ռայկրոֆթն ընդամենը նշել է Հյուսիսային Կորեայի վրա ճնշումները շարունակելու անհրաժեշտությունը: 
 
Վերջնական փաստաթղթում ընդգծվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից երեքշաբթի, ինչպես նաև օգոստոսի 25-ին իրականացված մի շարք բալիստիկ հրթիռների փորձարկումը: 
 
Վերոնշյալ հայտարարությունում Հյուսիսային Կորեայից պահանջվում է դադարեցնել հրթիռների փորձարկումը և կատարել ավելի վաղ ընդունած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի բանաձևերը, ընդ որում հստակ նշվում է, որ այդ երկիրը պետք է ընդմիշտ հրաժարվի միջուկային զինամթերքից և միջուկային ծրագրից ամբողջությամբ:  
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից