«Նաիրիտ»-ի հրդեհի խայտառակ բացահայտումները

Լավ է` չհայտարարեցին, թե կարելի է նարգիլայի մի երկար խողովակ ճարել ու քաշել հրդեհից առաջացող գորշ ծուխը

31-08-2017 23:04:29   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Հայաստանյան հանրության, հատկապես երևանցիների ուշադրության կենտրոնում գտնվող իրադարձություններից մեկը օգոստոսի 28-ին «Նաիրիտ»-1» գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունը ու դրան հաջորդած խոշոր հրդեհն են: Մարդկանց առավելապես հետաքրքրում են կատարվածի պատճառն ու հետևանքները: Մենք արդեն անդրադարձել ենք պայթյունի հնարավոր պատճառին:
Հրդեհի խոշոր լինելու մասին են խոսում թեկուզ այն փաստերը, որ ահազանգը ստանալուց հետո հրդեհի բարդության թիվ 3 կանչով դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ, հետագայում ներգրավվել են լրացուցիչ ուժեր, իսկ ժամը 13-ի կողմ բռնկված հրդեհի գորշ ու թանձր ծուխը, որն ավելի քան 20 կիլոմետրից էլ տեսանելի էր, «Նաիրիտ»-ի տարածքից մինչև երեկո դեռ բարձրանում էր: Ավելին` քիմիական նյութերի այրումից առաջացած տհաճ և մարդկանց առողջության համար, ամենայն հավանականությամբ, վնասակար ծուխը զգալի էր նույնիսկ ավելի քան 15 կիլոմետրից (Հարավ-արևմտյան թաղամասից, նույնիսկ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից և մայրաքաղաի այլ վայրերից), էլ չենք ասում, թե այն ինչ չափով էր զգալի Էրեբունի համայնքում:
Մասնագետները ելնելով «Նաիրիտ»-1» գործարանի տարածքում այրվող քիմիական նյութի քանակից և քիմիական հատկություններից, նույնիսկ նշում էին, որ հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու, ինչպես նրանց կարծիքը գործարանի տարածքից հանրությանը փոխանցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դեռ 1-2 օր կամ մի քանի օր պահանջվելու է, որպեսզի հրշեջներին հաջվի հրդեհը հանգցնել: Այնուամենայնիվ, հրշեջներին կամ, ինչպես այժմ կոչում են նրանց, փրկարար ծառայող հաջողվեց ոչ միայն կանխել կրակի հետագա տարածումը, այլև հրդեհն ավելի վաղ հանգցնել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) կայքում օգոստոսի 28-ին, ժամը 18:57-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է էթինոլ (լաք) նյութը. դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում»:
Թե ո՞վ կամ ովքե՞ր են դեպքի վայրից հաղորդում, ԱԻՆ տեղեկատվության մեջ նշված չէ, սակայն այս խայտառակ տեղեկատվությունը մեկ անգամ ևս վկայում է, որ երկրում իրենց համար հաստատված անպատժելիության, անպատասխանատվության մթնոլորտում ՀՀ նախարարություններն ու գերատեսչությունները, չնչին բացառությամբ, գնալով ավելի խայտառակ գործելակերպ են դրսևորում ու հանդես գալիս անհեթեթ և անպատասխանատու հայտարարություններով: Հասկանալի է ԱԻՆ-ի նպատակը` այսպիսի տեղեկատվության հրապարակմամբ կանխել բնակչության շրջանում խուճապի առաջացումը, սակայն հակառակ ծայրահեղության տուրք տալ էլ չի կարելի, որովհետև եթե հրապարակվող տեղեկատվությունն այն աստիճան անհեթեթ է, որ միանգամից կորցնում է իր արժանահավատությունը, ապա բնավ չի կարող ծառայել իր նպատակին` հրդեհից ու դրա ծխից տագնապած բնակչությանը հանգստացնելուն:
Նախ, ինչպես ավելի վաղ նկատել էր այս խնդրի վերաբերյալ արտահայտված հեղինակներից մեկը, նույնիսկ խորովածի ծուխն անվտանգ չէ, մոտ 200 խմ և ավելի քան 200 տոննա (էթինոլ լաքը ջրից ծանր է) քիմիական նյութի այրումից ինչպե՞ս կարող էին վտանգավոր արտանետումներ չլինել:
Երկրորդ. եթե նույնիսկ համարենք, որ էթինոլ լաքի այրումից առաջացած ծուխը թունավոր կամ վտանգավոր չէ, ԱԻՆ-ը տվյալ տեղեկատվության հրապարակումից առաջ ունե՞ր հավաստի տեղեկություն առ այն, որ այրվող քիմիական նյութը միայն էթինոլ լաքն է: Հենց ԱԻՆ-ի հրապարակած նույն տեղեկատվությունից ակնհայտ է, որ նախարարությունը սկզբում չի ունեցել այդպիսի հավաստի տեղեկություն, քանի որ ԱԻՆ պաշտոնական տեղեկատվության մեջ նշված է. «Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է էթինոլ (լաք) նյութը…»: Նույն տեղեկատվության վերջում իրականությանն անտեղյակ կամ այն թաքցնելով ու կիսաճշմարտություն ներկայացնելով,  ԱԻՆ-ը հանրությանը հայտնել է. «Պարզվել է, որ «Նաիրիտ 1»-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարրայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) այրվում է էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցում են 109 փրկարար ծառայող»:
Իրականում էթինոլ լաքից բացի, այրվել են նաև այլ նյութեր կամ նյութ, ինչի վկայությունը տեսնում ենք ԱԻՆ կայքում նախորդ լրատվությունից 1 օր հետո (29.08.2017թ., ժամը 17:20-ին) հրապարակված պաշտոնական տեղեկատվության մեջ. «Հրդեհի հետևանքով այրվել են պահեստարաններում պահեստավորված նյութերը»… Ուշադրություն դարձրեք, որ «նյութ» բառը հոգնակի թվով է գործածված: Այդ նյութերի այրումից առաջացած ծո՞ւխն էլ էր անվտանգ…
Նույնիսկ ՀՀ բնապահպանության նախարարության կայքում օգոստոսի 29-ին «2017թ.-ի օգոստոսի 28-ից 29 ընկած ժամանակահատվածում Շենգավիթ, Էրեբունի համայնքներում մթնոլորտային օդի որակը» վերտառությամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 4 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,2-1,7 անգամ»: Մեզանից երևի բոլորն էլ գիտեն, թե այսպիսի դեպքերում պաշտոնական տեղեկատվությունն իրենից ինչ է ներկայացնում…
Հիշյալ հրդեհից առաջացած ծուխը չէր կարող թունավոր չլինել, ահա թե այդ կապակցությամբ ինչ է ասել քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյանը. «Ցանկացած հրդեհից մուր է առաջանում ու լցվում մարդկանց թոքերը և մնում է այնտեղ հավիտյան: Տվյալ դեպքում այդ մուրը, այսինքն այն սև ծուխը, որ կախվել էր մարդկանց վրա, իր մեջ պարունակում էր ամենատարբեր ազդեցություն թողնող հայտնի և անհայտ թունավոր նյութեր, որոնք ամեն մարդու վրա տարբեր ժամանակահատվածում տարբեր ձևերով են ազդելու»:
Բացի վերը նշվածից, քիմիկոսներին հայտնի է նաև, որ այրմանը զուգընթաց թերայրման հետևանքով առաջանում է շմոլ գազ, որը խիստ թունավոր է:
Ուշագրավ է «Նաիրիտ-1»-ում բռնկված հրդեհի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարության կայքում օգոստոսի 28-ին ««Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվող նյութն առողջության համար վտանգ չի ներկայացնում» վերտառությամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվությունը, որով նախարարությունը, ինչպես ասում են նման դեպքերում, մեկ նալին խփեց, մեկ՝ մեխին: Նախարարությունը մի կողմից վկայակոչելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալները, հայտարարեց, թե այրվող լաքէթինոլ նյութը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացնում, մյուս կողմից, ամենայն հավանականությամբ իրեն ապահովագրելու համար, հորդորեց բնակչությանը.
«Հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ) փակել բնակարանների դռները և պատուհանները։
Նույն տարածքներում խուսափել երկար ժամանակ դրսում մնալուց։ Այս հորդորն առաջին հերթին վերաբերում է երեխաներին, ծերերին և շնչառական հիվանդություններ (հատկապես` ասթմա, բրոնխիտ) ունեցողներին»։
Ավելին. փորձելով բնակչությանը հանգստացնել, այդ նպատակով իր հաղորդագրության մեջ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալները վկայակոչելով ու հայտնելով, որ «ժամը 17-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք», ՀՀ առողջապահության նախարարությունը դրանից անմիջապես հետո հավելեց՝ «ինչը նշանակում է, որ ծուխն Արարատյան դաշտավայրով կգնա դեպի Թուրքիայի տարածք»՝ ստեղծելով այն տպավորությունը, թե այդ տեղեկատվությունն էլ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնինն է, ծուխն էլ իբր չի նստելու Երևանի և Արարատյան դաշտավայրի վրա: Դրանից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մի քանի ԶԼՄ-ների հայտնեց և իր ֆեյսբուքյան էջում գրեց. Ի պատասխան բազմաթիվ մասնավոր հարցումների` հայտնում եմ, որ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի կանխատեսել և պաշտոնապես հայտարարել, թե Նաիրիտի ծուխը կտեղաշարժվի Թուրքիա:
Օդերևութաբանական կանխատեսումները տեղադրվում են ԱԻՆ կայքում և իմ ֆեյսբուքյան էջում։ Իսկ եթե որևէ մեկը փորձել է մեր կանխատեսումները «թարգմանել» կամ այդ կերպ մեկնաբանել, ապա Հիդրոմետ ծառայությունը դրա հետ կապ չունի»: Կարդալով սա, ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում հրապարակված հիշյալ տեղեկատվությունից հեռացրեց հրդեհի ծխի Արարատյան դաշտավայրով դեպի Թուրքիայի տարածք ճանապարհ ընկնելու սիրուն պատմությունը:
Այս ամենից հետո դժվար չէ հասկանալ, թե արտակարգ իրավիճակում ինչպես են գործել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (փրկարար ծառայողներին նկատի չունենք, նրանք միայն պատվի ու խրախուսանքի են արժանի), բնապահպանության և առողջապահության նախարարությունները, դժվար չէ եզրակացնել նաև, որ հիշյալ նախարարություններում մի շարք պաշտոնյաներ իրենց տեղում ու դերում չեն:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից