Հայաստանի համար, որը ցանկացած պահի կանգնած է պատերազմի վտանգի առաջ, սա ազգային անվտանգության խնդիր է

Մեր երկրում խոր անվստահություն կա իշխանությունների նկատմամբ

02-09-2017 22:56:15   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Սա լակմուսի թղթի նման հերթական անգամ ցույց տվեց Խոսրովի անտառում երեկ բռնկված հրդեհի պատճառի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության հրապարակած տեղեկությունը:
Սեպտեմբերի 1-ի երեկոյան «Խոսրովի անտառ» պետական արգելոցում վերստին բռնկված հրդեհը հայաստանյան հանրության մի ստվար մասի մոտ անմիջապես հարցականներ առաջացրեց…
ՀՀ բնապահպանության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ տվյալ հրդեհն առաջացել է կայծակից, սակայն բոլորը չէ, որ հավատացին նախարարության հրապարակած այս տեղեկատվությանը: Օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի պատճառի վերաբերյալ, որը հարուցված քրեական գործով դեռ բացահայտված չէ, արդեն իսկ կային կասկածներ, որ այն միտումնավոր կազմակերպված հրդեհ է, որպեսզի կոծկվեն արգելոցում ապօրինի կատարված անտառահատումները:
Նախորդ հրդեհից մոտ 2 շաբաթ հետո բռնկված նոր հրդեհը ու դրա պատճառի վերաբերյալ տեղեկատվությունն էլ ավելի խորացրեցին բազմաթիվ անձանց կասկածները, որ այս հրդեհներն արգելոցի պատասխանատուների կողմից միտումնավոր են կազմակերպվել, որպեսզի թաքցվեն կատարված չարաշահումները: Առավել ևս, որ ինչպես տարբեր պահեստների, այնպես էլ անտառների պարագայում հրդեհների կոծկող հնարավորության մասին վաղուցվանից է հայտնի, ինչպես նաև հայտնի է նախկինում բազմաթիվ անտառապահների, անտառապետերի և այլ պաշտոնյաների կատարած ու նույնիսկ պաշտոնապես բացահայտված ապօրինի անտառահատումների և այլ հանցագործությունների մասին:
Ահա ««Խոսրովի անտառ» պետական արգելոցում նորից հրդեհ է բռնկվել, այս անգամ` կայծակից» վերտառությամբ մեր լրատվության տակ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի որոշ օգտատերերի կատարած գրառումներից 1-2 օրինակ.
Lilit Muradyan.- Սուտ է, ինչ կայծակ: Դա միտումնավոր է արվում:
Svetlana Madoyan.- Իբր առաջինը բացահայտեցին, երկրորդն էլ կայծակի վրա բարդեցի՞ն…
«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե երեկվա հրդեհն իրականում կայծակի՞ հետևանք էր, թե այլ բաներ կոծկելու նպատակ ուներ, ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանն ասաց.
«Իրոք, երեկ Խոսրովի անտառի տարածքում նորից հրդեհ է բռնկվել և հետևանք է դա կայծակի, թաքցնելու ոչինչ չկա, որովհետև առաջին անգամ երբ որ հրդեհը ծագեց, բոլորի առջև բաց և՛ հրդեհաշիջման աշխատանքները, և՛ կազմակերպվող բոլոր աշխատանքները հանրությանը ներկայացվեցին առանց որևէ բան թաքցնելու: Այս անգամ էլ ոչինչ չունենք թաքցնելու: Հրդեհից ոչ ոք ապահովագրված չէ, և եթե ուշադրություն եք դարձնում, այսօր եվրոպական շատ առաջավոր երկրներ, ամերիկյան երկրներ, և այլ երկրներ` մեր տարածաշրջանին հարակից, ինչպես, օրինակ, Վրաստանը, հաճախակի զոհ են դառնում հրդեհների: Սա բնական պրոցես է աշխարհում տարածված»:
Նկատենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հրդեհաշիջման աշխատանքները և կազմակերպվող բոլոր աշխատանքները հանրությանը ներկայացնելը բնավ չի կարող հիմնավորումը լինել նրա, որ ՀՀ բնապահպանության ենթակայության ներքո գտնվող արգելոցի պատասխանատուները թաքցնելու ոչինչ չունեին: Միաժամանակ անվիճելի է պարոն Մանուչարյանի ասածի երկրորդ մասը` «Հրդեհից ոչ ոք ապահովագրված չէ…»:
Իրականում հիշյալ երկու հրդեհները միտումնավորությա՞ն հետևանք են, թե այլ պատճառ կամ պատճառներ ունեն` մենք չգիտենք, այդ հարցի պատասխանը կոչված է տալու քրեական գործով նախաքննությունը: Հետևաբար, կարծում ենք, անհրաժեշտ է, որ անկախ կայծակի վերաբերյալ բնապահպանության նախարարության հայտարարությունից, ՀՀ քննչական կոմիտեն կամ նրա համապատասխան ստորաբաժանումը, ինչպես օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի փաստի առթիվ, քրեական գործ հարուցեն նաև երեկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի առնչությամբ, նշանակեն համապատասխան փորձաքննություն կամ փորձաքննություններ և սեպտեմբերի 1-ի հրդեհի կապակցությամբ վերոնշյալ հարցի պատասխանը նույնպես տան նախաքննությամբ:
Շատ հնարավոր է, որ երեկվա հրդեհի առաջացման պատճառն իսկապես կայծակն է եղել, սակայն խնդիրն այն է, որ շատ մարդիկ հենց իշխանությունների մեղքով, նրանց հայտնած և հաճախ կամ երբեմն իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների և կիսաճշմարտությունների պատճառով այլևս կորցրել են իրենց հավատը իշխանական այս կամ այն օղակի հրապարակած տեղեկությունների, հայտարարությունների, հավաստումների նկատմամբ: Եթե խորը մտածենք, սա ցանկացած պահի պատերազմի վտանգի առաջ կանգնած Հայաստանի Հանրապետության համար ազգային անվտանգության խնդիր է: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից